ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Գանձասարը» զարմացնում է
15:00 06.05.2019

«Գանձասարը» զարմացնում է

Մայիսյան առաջին շաբաթում «Գանձասարը» առաջնության երկու խաղ անցկացրեց ու թողեց ոչ միանշանակ տպավորություն։ Նախ «Ալաշկերտի» հետ հանդիպման ժամանակ ընտրելով պաշտպանողական մարտավարություն, առաջին խաղակեսն ավարտեց 0։0 հաշվով։ Երկրորդ կեսում «Ալաշկերտը» ավելի ակտիվացավ և հաճախակի էր գրոհում՝ ի հաշվի թիկունքի թուլացման։ Սակայն «Գանձասարի» պատասխան գրոհները դիպուկ հարվածով եզրափակող չգտնվեց։ Մի պահ կողմերը փոխանակեցին մեկական հարված դարպասաձողին, թեև երկու դեպքում էլ պետք է գոլ գրանցվեր։ Ի վերջո, 64-րդ րոպեին դաշտի տերերից Տանկովը կարողացավ գրավել Կասպարովի պաշտպանած դարպասը։ Կապանցիները հաշիվը հավասարեցնելու հնարավորություններ ունեցան․ 75-րդ րոպեին փոխարինման մտած Գ․Հարությունյանը, իսկ 83-րդ րոպեին Մ․Մանասյանը չօգտագործեցին խաղընկերների ստեղծած հարմար պահը։ Իսկ երբ Նենադովիչը խփեց երկրորդ գոլը, պարզ դարձավ, որ խաղը փրկել այլևս հնարավոր չէ։

Այլ տրամաբանությամբ ընթացավ «Գանձասար»-«Արարատ Արմենիա» խաղը։ Արդեն 6-րդ րոպեին մրցակցի տուգանային հրապարակի աղեղի վրա ստանալով գնդակը՝ Դ․Մինասյանը ընթացքի ուժեղ հարվածով գնդակը մխրճեց դարպասի անկյունը։ 19-րդ րոպեին Բալդե-Օհանյան-Հարությունյան համագործակցությունը հաշիվը կրկնապատկեց․ Գեղամը հաշվենկատ հարվածով գնդակը գլորեց դեպի հեռավոր անկյունը։

Այս պահից սկսած մեր ֆուտբոլիստները ավելի վստահորեն էին վերահսկում խաղի հետագա ընթացքը մինչև ավարտը, սակայն 89-րդ րոպեին Կոբյալկո-Լուիս կամբինացիան քարուքանդ արեց «Գանձասարի» ոչ միայն պաշտպանական, այլև հարձակողական կառույցները։ Ձգտելով պահպանել 2։1 հաշիվը՝ մեր ֆուտբոլիստները ավելացված 6 րոպեի ընթացքում սառնասիրտ լինելու փոխարեն խուճապի էին մատնվում, կատարում ոչ ճշգրիտ փոխանցումներ, հակագրոհի ժամանակ ունենալով թվային գերակշռություն՝ դանդաղում էին, կորցնում մեծ ջանքերով ստեղծված գոլային պահերը։ Դեռ լավ էր, որ մրցակիցը չկարողացավ վերջում նոր գոլ խփեր։

Մնում է զարմանալ, որ 89 րոպե շարունակ իրեն ձեռնտու հունով կազմակերպելով խաղը՝ «Գանձասարը» ինչպես կարողացավ բաց թողած գոլից հետո այսպես հուսալքվել և միայն հրաշքով փրկել երեք միավորը։

Սլավիկ Նավասարդյան

       

15:00 06.05.2019

Ամենաշատ ընթերցվածները