ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՏԻՄ աշխատանքը առավել թափանցիկ
20:00 06.05.2019

ՏԻՄ աշխատանքը առավել թափանցիկ

Մայիսի 3-ից Քաջարանի համայնքապետարանի ընդհանուր բաժնի աշխատանքը դարձել է առավել թափանցիկ: Բնակչության սպասարկման բարձր որակ ապահովելու, համայնքապետարանի ու քաղաքացիների միջև շփումը մատչելի դարձնելու նպատակով այստեղ սկսել են աշխատել «մեկ պատուհանի» սկզբունքով: Իսկ դա հնարավոր է դարձել քաղաքացիների սպասարկման նորաբաց գրասենյակի շնորհիվ։

Գրասենյակը հիմնվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում՝ Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ու ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ համատեղ։ Պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը մասնակցում էին շահագրգիռ բոլոր կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հյուրերին ողջունեցին համայնքի երգի ու պարի խմբերը, իսկ կարմիր ժապավենը կտրելու պատիվը տրվել էր բոլոր նախաձեռնողներին, համայնքի ղեկավարին։ Մանվել Փարամազյանը իր խոսքում շնորհակալություն հայտնեց աջակիցներին՝ շեշտելով, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նույնպես իր զգալի ներդրումն ունի։

«Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի հայաստանյան թիմի ղեկավար Քատրին Շեֆերի խոսքով՝ մոտ 15 տարի է՝ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը ներգրավված է ՀՀ-ում տեղական ինքնակառավարման մարմինների աշխատանքի բարելավման ծրագրում։ Մինչև տարեվերջ նախատեսում են բացել ևս 10 գրասենյակ։ Ամբողջ հանրապետությունում ընդհանուր թիվը կհասնի 50-ի։  Հաջորդ տարի ևս 20-ն է նախատեսվում բացել։ 2015թ.-ից մինչ այսօր քաղաքացիների սպասարկման գրասենյակներ արդեն գործում են Տաթև, Թումանյան, Աբովյան, Արտաշատ, Զառիթափ, Պեմզաշեն, Ուրցաձոր, Աշտարակ, Ալավերդի, Գորայք, Ամասիա, Արփի, Սարապատ, Աշոցք, Մեղրի, Վանաձոր, Նոյեմբերյան, Ստեփանավան, Կողբ, Ջրվեժ, Արենի, Օձուն, Տեղ, Բերդ, Արագածավան, Անի, Ախթալա, Գլաձոր և Քաջարան համայնքներում:

ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ապակենտրոնացման ծրագրի մասնագետ Արթուր Դրամփյանը գնահատում և արժևորում է նմանատիպ գրասենյակների դերը, որովհետև, ըստ նրա, այն   քաղաքացուն սպասարկելու ամենաքաղաքակիրթ, ամենահեշտ ու արդյունավետ տարբերակն է։ «Քաղաքացուն չենք խնդրում գնալ սենյակից սենյակ, այլ մեկ կետում սպասարկվում է։ Կարծում եմ՝ հաջորդ քայլը պետք է լինի այն, որ քաղաքացիները հնարավորություն ունենան ծառայությունների դիմաց վճարումները առցանց անել»։ Նորոգված ու կահավորված գրասենյակը կսպասարկի խոշորացված համայնքի 20 գյուղական բնակավայրերն ու Քաջարան քաղաքը։

Գույքահարկի ու հողի հարկի հաշվարկում, գանձում, տեղեկանքների ու թույլտվությունների տրամադրում, դիմումների և գրությունների ընդունում․ այս ամենը այժմ ընդամենը րոպեների ընթացքում։ Ներդրվել է համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ, որը ապահովում է  տեղեկատվական հոսքերի ավտոմատացված կառավարում։ ՀՀ ՏԿԶ տեղական ինքնակառավարման քաղաքականության վարչության պետ Աշոտ Գիլոյանի խոսքով՝ խոշորացված համայնքներում քաղաքացիների սպասարկման բազմաֆունկցիոնալ գրասենյակներին, համայնքային էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությունից բացի, շուտով կվերապահվեն այլ ծառայություններ ևս։ Խոսքը կադաստրի, ռեգիստրի, ՔԿԱԳ-ների լիազորությունների մասին է։

Նելլի Միրզախանյան

20:00 06.05.2019

Ամենաշատ ընթերցվածները