ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անհայտ Ծառուկյանը
15:00 07.05.2019

Անհայտ Ծառուկյանը

Դու՞ք գիտեք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պատգամավո՞ր է, թե՞ գործարար: Մի՛ շտապեք պատասխան տալ, քանի որ այս թեմայով ակտիվ նամակագրություն է ընթանում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի և Գագիկ Ծառուկյանի միջև:

Սկզբից ԱԺ նախագահը գրեց բաց նամակ՝ հորդորելով Ծառուկյանին զերծ մնալ քաղաքականությունից, քանի որ սահմանադրությամբ և մի շարք օրենքներով արգելվում է զբաղվել ձեռնարկատիրությամբ, եթե հանդիսանում եք բարձրաստիճան պաշտոնատար անձ, իսկ ԱԺ պատգամավորը հենց այդպիսի անձ է: Հետո ԲՀԿ առաջնորդը գրեց բաց նամակ Արարատ Միրզոյանին՝ կետ առ կետ նշելով, թե ինչպես և երբ փոխանցեց իր բոլոր բիզնեսները հավատարմագրային կառավարման, որը օրենքը նախատեսել է:

Այն մի քանի արտահայտությունը, որտեղ Ծառուկյանը անկեղծ պատմում է իր բիզնես հանդիպումների մասին, դեռ ոչ մի բան չի նշանակում, քանի որ ինքը սեփականատեր է տարբեր հիմնարկներում և իրավացիորեն անհանգստացած է, օրինակ, ցեմենտի կամ կլինկերի գներով:

Այս խեղկատակ նամակագրությունը կարող է անվերջ շարունակվել, և երկու կողմերն էլ իրավացիորեն թղթերով իրար շատ բան կարող են ապացուցել՝ բացի նրանից, որ հարյուր հազարավոր մարդկանց առջև տրված խոստումները, այնուամենայնիվ, պետք է կատարել: Եթե Նիկոլ Փաշինյանը և մյուսները ասել են և ասում են, որ բիզնեսը և քաղաքականությունը պետք է տարանջատված լինեն, ուրեմն պետք է լինեն: Ո՞նց, անկեղծ, ինձ չի հետաքրքրում: Հիմա ԱԱԾ-ն կձայնագրի, թե ինչպես է Ծառուկյանը ԱԺ նիստերի օրը հանդիպում օտարերկրացի գործընկերների հետ և ինչ-որ բաներ է ստորագրում, թե «Բարգավաճ Հայաստան» կուսակցության 100 000 անդամներ դատարանում ցուցմունք կտան բանավոր այդ փաստի մասին, դա արդեն ճաշակի հարց է, բայց որ այսպես չի կարող շարունակվել, դա էլ է փաստ: Լավ, իրոք ինչ-որ մեկին դու՞ր է գալիս այս իրողության ձևական պարզաբանումը:

«Զանգեզուր պրես»

15:00 07.05.2019