ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Եղեգնաձորում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Սանավիացիայի ուղղաթիռով Երևան է տեղափոխվել վարորդը
18:00 07.05.2019

Եղեգնաձորում ավտովթարի հետևանքով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ Սանավիացիայի ուղղաթիռով Երևան է տեղափոխվել վարորդը

Այսօր՝ մայիսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում։ Ժամը 06։00-ի սահմաններում Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ՝ 51-ամյա Սամվել Նազարեթյանը իր վարած ВАЗ 2105 մակնիշի 34 ԼZ 182 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 93 կմ հատվածում Եղեգնաձոր քաղաքի ուղղությամբ ընթանալիս անհայտ պայմաններում երթևեկելի գոտում գլխիվայր շրջվել է։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդ Ս. Նազարեթյանը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղից Սանավիացիայի ուղղաթիռով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապահային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Եղեգնաձորի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ականատեսներն ասում էին. «Կարելի է գովասանքի խոսքեր ուղղել թե ճանապարհային ոստիկանների, թե Եղեգնաձորի ոստիկանների, թե Եղեգնաձորի հիվանդանոցի բժիշկների, թե Սանավիացիայի ուղղաթիռի անձնակազմի և դրանով Եղեգնաձոր ժամանած բժիշկների հասցեին։ Նրանց օպերատիվ և ճիշտ գործողությունների արդյունքում ամեն ինչ, կարծես, բարեհաջող է ավարտվել։

Վիրավորը, ով նախկինում 7 անգամ դատապարտված է եղել, կազդուրվելուց հետո առաջինը պետք է շնորհակալություն հայտնի նշված անձանց, որոնց օպերատիվ գործողությունների արդյունքում ամեն ինչ ճիշտ է կատարվել»։ Փաստի առթիվ ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Եղեգնաձորի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Հավաքվածները նաև իրենց շնորհակալությունն էին հայտնում առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, ում անմիջական միջամտության արդյունքում է Սանավիացիայի ուղղաթիռը գործի դրվել Հայաստանում, ինչը հեշտացնում է, որպեսզի վիրավորները շտապ տեղափոխվեն հիվանդանոցներ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Աղբյուր՝ hayeli.am

18:00 07.05.2019

Ամենաշատ ընթերցվածները