Մամուլ
Ինչո՞ւ են հայերը ամենաջղային ազգը
Սոցիոլոգիական Gallup ծառայությունը այս տարի ցնցեց հայերիս՝ հայտարարելով, որ մենք աշխարհի ամենաջղային ազգն ենք: Այս հետազոտությունը անցկացվում է 2006թ․-ից ի վեր, և հենց այս տարի աշխարհը իմացավ մեր «շնորհքը»: Հարցմանը մասնակցել է 150 000 մարդ 140 երկրից: Սա նշանակում է, որ ամեն երկրում հարցմանը մասնակցել է առնվազն 1000 մարդ, իսկ դա, ըստ սոցիոլոգիայի, նշանակում է, որ շեղումը կարող է լինել առավելագույնը 2-2.5 %. Այնպես որ, սիրելի՛ «կատաղած» հայ ժողովուրդ, այսօր փորձելու ենք հասկանալ՝ ինչպես մենք դարձանք այսպիսինը: Մեզնից հետո ամենաջղայինները իրանցիներն են ու մարոկացիները, բայց դա դժվար թե մեզ սփոփի:
Հարցեր, որ որոշեցին մեր ջղայնությունը
Գելափի հարցերը, որոնք որոշեցին դրական փորձի ինդեքսը.
- Ձեզ ինչպե՞ս է թվում, դուք երեկ հանգստացե՞լ եք:
- Ձեզ երեկ հարգալի՞ց են վերաբերվել:
- Որքա՞ն հաճախ եք ծիծաղել կամ ժպտացել երեկ:
- Երեկ դուք իմացե՞լ եք կամ արե՞լ եք ինչ-որ հետաքրքիր բան
- Երեկ ի՞նչ հաճույք եք զգացել կամ այլ դրական էմոցիա:
Գելափի հարցերը, որոնք որոշեցին բացասական փորձի ինդեքսը.
- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել երեկ, օրինակ, ֆիզիկական ցավ զգացե՞լ եք:
- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել երեկ, օրինակ, անհանգստություն զգացե՞լ եք:
- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել երեկ, օրինակ, տխրություն զգացե՞լ եք:
- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել երեկ, օրինակ, սթրես զգացե՞լ եք:
- Ի՞նչ զգացողություններ եք ունեցել երեկ, օրինակ, ջղայնություն զգացե՞լ եք:
Ահա այն պարզ ու հասարակ 10 հարցերը, որոնք ճակատագրական դեր խաղացին մեր բազմաչարչար ժողովրդին բնորոշելու հարցում: Ամենևին դժվար չէ պատկերացնել միջին վիճակագրական հայի պատասխանները: Ի՞նչ պետք է ասած, պատասխանած լինի մեր համերկրացին: «Էէէէէէհ, բալա՛ ջան, ի՞նչ ժպիտ, ի՞նչ հետաքրքիր բան, ամբողջ օրը յոլա ենք գնում, ամեն ինչ ներվերիս ազդում է, կինս սղոցում է, երեխաները չեն լսում, հարևանս էլ նոր ավտոմեքենա է գնել: Ժպտալը մեզ սազական չէ, մենք լուրջ ազգ ենք, տառապյալ ազգ ենք»: Վստահ եմ, այս հիմնական հարցերին մարդիկ մուննաթով են պատասխանել, իսկ մուննաթը ջղայնության, կյանքից անբավարարվածության զգացողության պատճառ է: Գելափի հարցումներն իրականացնողները հավանաբար ծանոթ չեն հին հայկական մուննաթի ծագումնաբանությանը:
Բողոքելն էլ իմաստ պետք է ունենա
Ավելի քան 15 տարի լրագրությամբ զբաղվելիս նկատել եմ, որ մեզ ազգի ներկայացուցիչները բողոքավոր են: Բողոքը մարդու անարդարության զգացողությունից է, սակայն ոչ միշտ է մեր մարդը իրական գնահատական տալիս եղած իրավիճակին, այդ պատճառով էլ ջղայնանում է: Որպես կանոն, անկիրթ մարդիկ, ասենք, անապահով բազմազավակ ընտանիքներում, բողոքում են, ջղայնանում այս կամ այն երևույթի վրա, բայց ոչ երբեք փնտրում խնդրի լուծումը իրենց մեջ: Այս մոտեցումը գրեթե չեք հանդիպի Հնդկաստանում կամ ասիական այլ երկրներում, ինչպիսիք են՝ Չինաստանը, Թաիլանդը, Ինդոնեզիան: Այդ կողմերի հավատքը հիմնված է ներդաշնակության վրա: Մարդիկ ներդաշնակ են այն ամենի հետ, ինչ ունեն: Աղքատ են, աշխատում են հյուրանոցում հավաքարար և ստանում են օրական 1 դոլար, սակայն ձեզ դիմավորում են ժպիտով և ամեն առավոտ մաղթում բարի հանգստյան օր: Նրանց մեջ դժվար է նկատել նախանձ, որը, իմ կարծիքով, ուղղակի կեղեքում է մեր հոգիները: 6 երեխաների մայրը կբողոքի, որ իրեն չեն օգնում, որ ինքը աշխատանք չի կարողանում գտնել, իսկ եթե նույնիսկ գտնի, ապա ով է պահելու իր երեխաներին: Այդ կինը (հասկանալի պատճառներով անունը չեմ տալիս) հասցնում է աչք գցել հարևանների ապրելակերպին և համեմատել, սակայն երբեք ձեզ հետ զրույցի չի բռնվի անհրաժեշտ կրթության թեմայով, որը իրեն իսկապես շատ գումար վաստակելու հնարավորություն կընձեռի: Երբ ես իրենց ասում եմ, որ ես էլ վարկեր ունեմ, ուղղակի իմ վերմակի չափ եմ միշտ պարտքեր ունենում, իրենք չեն ուզում դա լսել: Նայում են հագուկապիս, մեքենայիս ու կրկին իրենց սազն են նվագում: Սոցիալական անարդարության հետ մեր ունեցած խնդիրները վերջին 27 տարում մնացել են նույն մակարդակի վրա: Ապաշնորհը կարող է հաջողակ լինել, եթե վերևներում մարդ ունի, ասում են բողոքավորները և շարունակում ջղայնանալ այս ամենի շուրջ:
Մեր թշնամին սոցիալական անարդարությունն է
Նույնիսկ հեղափոխությանը չհաջողվեց երկրում սոցիալական արդարություն սահմանել: Պարզ օրինակ բերեմ: Հայաստանում նոր հարկային օրենսգրքով ուզում են համահարթեցնել եկամտահարկը: Այսինքն՝ բոլորը վճարեն նույն 23%-ը: Առաջին հայացքից այս արդար քայլը խայտառակ անարդար է իրականում: Տեսեք, ես ստանում եմ 500 000 դրամ աշխատավարձ, ու իմ հարևան Վալոդը նույնքան է ստանում: Ես ունեմ կին, երկու դպրոցական որդի, իսկ հարևան Վալոդը ընտանիք չունի ու ապրում է ծնողների հետ, այսինքն՝ տան վարձ էլ չի տալիս: Արդյո՞ք իմ ու Վալոդի ծախսերը նման են: Հետևաբար ինչո՞ւ մենք պետք է հավասար եկամտահարկ վճարենք: Մի՞թե պետությունը թքած ունի, որ ես երկու ապագա զինվոր եմ կրթում ու կերակրում: Ինչո՞ւ պետության համար մենք համարվում են հավասար հարկ վճարող, եթե ես խնայածս կոպեկը կներդնեմ երեխաների զարգացման գործում, այլ ոչ թե ԱՄՆ-ից հզոր ամենագնաց առնելու մեջ: Ինչպե՞ս կարելի է այսպիսի կացնային մեթոդաբանությամբ մարդկանց հավասարեցնել: Ես չեմ ջղայնանում ու մուննաթ չեմ գալիս, ես ուղղակի գիտեմ, որ զարգացած երկրներում իմ սոցիալական վիճակը հաշվի կառնեին և կհարկեին 250 հազարս՝ հասկանալով, որ մյուս 250 հազարը ակնհայտորեն ծախսվում է երեխաների անհրաժեշտ սննդի, կրթության և կոմունալ ծախսերի վրա:
Ես, իհարկե, մեծ տղա եմ և փորձում եմ իմ խնդիրները ինքնուրույն լուծել, չեմ բողոքել ոչ մի իշխանությունից ու վարկային կազմակերպությունից, բայց իմ հնչեցրած հարցերը չեն անհետանում դրանից: Քանի դեռ պետությունը չի հայտարարում, որ մեկ շնչի որակյալ կյանքն ապահովելու համար անհրաժեշտ է, ասենք, 100 000, և քանի դեռ պետությունը չի ասում, որ միայն այդ գումարը գերազանցող եկամուտներն է հարկելու, մենք ունենալու ենք այսպիսի ջղային, մուննաթ հասարակություն և աչքի ենք ընկնելու տարբեր գելափների հետազոտություններում՝ որպես ոչ ադեկվատ ազգ:
Վերջաբան
Եթե նույնիսկ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը կարողանա եռապատկել մեր երկրի եկամուտները, ապա ինչպես ԱՄՆ-ի տվյալներն են հուշում, դա ամենևին էլ չի նշանակի, որ մեր համաքաղաքացիները ավելի ժպտերես ու իրենց կյանքից գոհ կդառնան: Ցանկացած կառավարություն դատապարտված է ձախողման, քանի դեռ չի հետազոտել մարդկանց իրական ներդաշնակության ու երջանկության չափորոշիչները: Ասեմ ավելին, նույնիսկ ներդրողներն են առաջին հերթին երջանկության ինդեքսին ուշադրություն դարձնում, այլ ոչ երբեք մարդկանց մի խմբի կողմից մյուսներին կալանավորելու հանգամանքին: Հեղափոխությունը հեղափոխություն, բայց եկեք չմոռանանք, որ ներկաները եկել են իշխանության նախկինների հանդեպ մեր ունեցած նողկանքի պատճառով, այլ ոչ թե այն պատճառով, որ իրենք ավելի խելացի կառավարիչներ են: Վարչապետի շրջապատում չկա մեկը, որ ասի, թե հեղափոխությունը կամուրջ է, և եթե այն կիսատ ես կառուցում, ապա տապալվելու ես, նույնիսկ եթե այդ կիսատ կամուրջի ճանապարհը հարթ է և լուսավորված:
Արման Սուլեյմանյան