ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Լրագրողը երբեք նախկին չի լինում
20:00 08.05.2019

Լրագրողը երբեք նախկին չի լինում

1993թ․ դեկտեմբերի 20-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան հատուկ բանաձևով մայիսի 3-ը հռչակել է Մամուլի ազատության միջազգային օր:

Ազատ և անկախ մամուլը յուրաքանչյուր ժողովրդավար հասարակության կարևորագույն մասն է համարվում:

«Լրագրողը երբեք նախկին չի լինում», - ասում է Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը, ով ունի երկար տարիների լրագրողական աշխատանքային փորձ։ Նա ասում է, որ լրագրողի աշխատանքը ամենալուրջը և ամենաբարդն է, որը պետք է կատարել նվիրվածությամբ՝ հաղթահարելով բազում փորձություններ։ «Դեռ փոքր տարիքից սիրում էի լսել պապիս պատմությունները մեր քաղաքի, մարզի, Յոլյանների մասին։ Լսելուց հետո թերթերը ձագարաձև ծալում էի, օգտագործում որպես բարձրախոս և սկսում հարցազրույցը պապիս և տատիս հետ: Նրանք են եղել իմ «առաջին հաղորդումների» հյուրերը», - պատմում է Իրինա Յոլյանը։ Փաստորեն այն տեսակետը, որ լրագրող ծնվում են, այլ ոչ թե դառնում, այս դեպքում ճիշտ է։

Իրինան գնաց մանկության երազանքի հետքերով և երկար տարիներ աշխատեց որպես լրագրող։ Ասում է, որ երբեք պաշտոնին կարևորություն չի տվել, կարևորը նպատակներն են, որի իրականացման համար աշխատում ես։ «Որպես լրագրող իմ գործունեությունը սկսել եմ 18 տարեկանից, երբ դեռ նույնիսկ չունեի լրագրողական բարձրագույն կրթություն։ Գորիսի այդ ժամանակվա հեռուստաընկերությունում էլ արեցի առաջին քայլերս։ Սկզբնական շրջանում ինձ աշխատանքի ընդունեցին հատկապես արտաքին տեսքի համար, քանի որ տվյալներս համապատասխանում էին հեռուստահաղորդավարության համար։ Հետո սկսեցի լուրեր պատրաստել, հաղորդումներ և օրեցօր առաջ գնալ այս ոլորտում։ Աշխատանքին զուգահեռ ընդունվեցի համալսարան և հեռակա ուսուցմամբ սովորեցի լրագրության բաժնում։ Հետագայում մասնակցեցի նաև մի շարք դասընթացների։ Լրագրող լինելուց բացի՝ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչ եմ եղել։ Տարիների ընթացքում հասցրի մանրամասն ծանոթանալ համայնքային խնդիրներին, մտածել իրավիճակներից դուրս գալու ելքերի մասին։ Երբ դու լրագրող ես, դու միայն բարձրաձայնում և համապատասխան մարմինների ուշադրությունն ես ուղղում խնդիրներին, հիմա երբ ինքս այդ պաշտոնում եմ, կարող եմ մասնակցել նաև խնդիրների լուծմանը։ Այս առումով կարող եմ համարել, որ լրագրությունը ինձ մեծապես օգնել է։ Բայց ինձ համար կարևոր չէ, թե ինչ պաշտոնում կլինեմ ես այսօր կամ հետագայում, կարևորն այն է, որ ցանկացած աշխատանքի մեջ ես չեմ կորցնում իմ լրագրողական քննադատական մտածողությունը և խնդիրներ լուծելու իմ ձգտումը», - ասում է տիկին Յոլյանը։

Հարցին, թե հարց տվողի պաշտոնից հարցերին պատասխանողի անցումը բարդ չէ իր համար, պատասխանեց․ «Հարցերին պատասխանող լինելը այնքանով է բարդ, որ եթե նախկինում ես որպես լրագրող որևէ միջոցառման էի գնում և վայելում ողջ ընթացքը, վերջում միայն տալիս իմ հարցերը, այժմ ողջ ընթացքին ուշադրությամբ հետևում եմ, որպեսզի ամեն ինչ հարթ ընթանա, և ոչ մի խնդիր չառաջանա»։

«Մամուլն է քաղաքականություն-հասարակություն միջնորդ օղակը, ուստի կարևոր է արդարության ու օբյեկտիվության ապահովումը։ Լրագրողին հասարակությունը պետք է վստահի, իսկ դրա համար առաջին նախապայմանը ազնիվ աշխատանքն է։ Հենց լրագրողներն են հասարակական կարծիք ձևավորողը, և դա շատ պարտավորեցնող է։ Եթե նույնիսկ խոսքը հանցագործության կամ կոռուպցիոն դեպքի մասին է, լրագրողը պետք է ամեն ինչ ներկայացնի այնպես, ինչպես կա, նույնիսկ շատ ժամանակ դիմագրավելով ճնշումները։ Հաջորդ կարևոր հատկանիշը իսկապես խելացի լինելն է և մասնագիտությանը տիրապետելը», - ասում է։

Տիկին Յոլյանը ասում է, որ եթե նախկինում ինքն էր քննադատում քաղաքական գործիչների աշխատանքը, ապա այժմ լինում են դեպքեր, երբ հենց իրեն են լրագրողները որոշ հարցերում քննադատում, բայց այդ քննադատություններին նա նորմալ է վերաբերվում։

«Կարևորը կյանքում մարդկային արժանիքները բարձր պահելն է և անկախ իրավիճակից մարդ տեսակը չկորցնելը, - ասում է տիկին Յոլյանը և հավելում․ - համենայն դեպս ես այդպես եմ ապրում»:

Սոնա Օհանջանյան

20:00 08.05.2019

Ամենաշատ ընթերցվածները