ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Քննարկում օրենքի կիրարկման շուրջ
10:30 09.05.2019

Քննարկում օրենքի կիրարկման շուրջ

Մայիսի 8-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ միջգերատեսչական հանդիպում, որի նպատակը «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության մասին» օրենքի կիրարկման վերաբերյալ քննարկումն էր. ներկա էր ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության անչափահասների իրավունքների պաշտպանության եւ ընտանեկան բռնության դեմ պայքարի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը: 

Նման հանդիպումները կազմակերպվում են հանրապետության բոլոր մարզերում՝ ՀՀ ոստիկանության նախաձեռնությամբ՝ նպատակ ունենալով բարձրացնել ընտանեկան բռնության դեպքերին տարբեր գերատեսչությունների կողմից արձագանքման արդյունավետությունը, վեր հանել օրենքի կիրարկման խնդիրները եւ հավաքել առաջարկություններ՝ վերջինիս բարելավման ուղղությամբ: 

Այս միջոցառումներն իրականացվում են ԵՄ ֆինանսավորմամբ եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն» ծրագրի շրջանակներում: 

Ողջունելով ներկաներին՝ Սյունիքի մարզպետի խորհրդական Գոռ Թադեւոսյանը նշեց, որ մարզային իշխանությունները կարեւորում են ընտանեկան բռնության կանխարգելումը եւ անչափահասների իրավունքների պաշտպանությունը, իսկ նման հանդիպումներն է՛լ ավելի կամրապնդեն ոլորտին առնչվող տարբեր կառույցների համագործակցությունը: 

Նելլի Դուրյանը ներկայացրեց այս հանդիպում-քննարկումների նպատակն ու անդրադառնալով թեմային վերաբերող Սյունիքի վիճակագրությանը՝ տեղեկացրեց, որ վերջին 9 ամսվա տվյալներով ընտանեկան բռնության եւ պատահարի 59 դեպք է գրանցվել մեր մարզում: 

Հանդիպմանը ներկա էին մարզպետարանի տարբեր ստորաբաժանումների, ոստիկանության, մարզի Սոցիալական աջակցության տարածքային գործակալությունների, «Վորլդ Վիժն»-ի աշխատակիցներ, դպրոցների տնօրեններ, համայնքային սոցաշխատողներ եւ այս բնագավառին առնչվող այլ պետական ու հասարակական կառույցների ներկայացուցիչներ: 

Փորձագիտական խմբի անդամները ներկայացրեցին իրավասու մարմինների՝ վերոնշյալ օրենքից բխող գործառույթներն ու ներկաների հետ քննարկեցին հետագա միջգերատեսչական համագործակցության վերաբերյալ հարցեր:

Խոսվեց նաեւ մարզում գրանցված առանձին դեպքերի ու դրանց հետ կապված համագործակցության օրինակների մասին, հնչեցին հարցեր ու առաջարկներ:

Աղբյուրը՝ Սյունիքի մարզպետարան / Syunik Regional Administration

10:30 09.05.2019

Ամենաշատ ընթերցվածները