ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մարատը կենդանի է, քանի դեռ կանգուն է Ծավի դպրոցը
17:00 09.05.2019

Մարատը կենդանի է, քանի դեռ կանգուն է Ծավի դպրոցը

Պատերազմի տարիներին սահմանամերձ Ծավ գյուղը, բացի իրեն պաշտպանելուց, նաև հայոց բանակին՝ զինվորներ, մեր ազգին անմահ հերոսներ տվեց։ Նրանցից էր ծավցի Մարատ Մարգարյանը, ում անունով հետագայում պետք է կոչվեր գյուղի միջնակարգ դպրոցը՝ նաև այդկերպ սերունդների շրջանում հիշվելու համար։

Ճարպիկ էր ու ընկերասեր

1973թ․ մայիսի 3-ին էր ծնվել Մարգարյանների ընտանիքի անդրանիկ զավակը՝ Մարատը, որ հնարավորություն ուներ հայոց նորաստեղծ բանակ չզորակոչվելու, քանի որ ուսուցիչ էր դպրոցում աշխատում, բայց հայրենիքի հանդեպ պարտքը կատարելը ավելի զորեղ գտնվեց։ «Ճարպիկ երիտասարդ էր, ընկերական մեծ շրջապատ ուներ, մշտապես օգնում էր նեղության մեջ գտնվողներին», - արցունքները խեղդելով՝ հպարտությամբ պատմում է հայրը՝ Մելսիկ Մարգարյանը։

1988-94թթ․ գյուղի դպրոցի տնօրեն Արսեն Աղաջանյանի խոսքով․ «Մարատը խելոք, համեստ, մարդկային բարձր արժանիքներով օժտված երիտասարդ էր։ Ընդունվեց ֆիզկուլտտեխնիկում, բայց հետագայում անցնելով հեռակա ուսուցման՝ եկավ հայրենի գյուղ։ Դպրոցում ֆիզկուլտուրա էր դասավանդում, չնայած բարձր դասարանների աշակերտների ու իր տարիքային տարբերությունը շատ քիչ էր, բայց նա կարողանում էր նրանց հետ լեզու գտնել։ Փորձեցի համոզել ու միջամտել, որ նրան չզորակոչեն, քանի որ այսպես թե այնպես սահման պահող գյուղ էինք և հերթապահում էինք, բայց չհամաձայնեց, ասաց՝ պետք է գնամ ծառայության»։

Ա․Աղաջանյանի խոսքով՝ բացի նրանից՝ տանը մի եղբայր էլ ուներ, որից շատ էր տարբերվում․ «Մարատը իսկապես իր հասկացողությամբ, հայրենասիրությամբ ու ծնողների հանդեպ ունեցած վերաբերմունքով առանձնանում էր։ Թեպետ ուսման մեջ չէր փայլում, բայց ֆիզիկապես շատ ուժեղ էր, ֆուտբոլ և բասկետբոլ շատ լավ էր խաղում։ Երբ եկավ դասավանդելու, մեծ հույսեր կապեցինք՝ նրա շնորհիվ առարկան դպրոցում բարձր մակարդակի վրա դնելու հետ։ Մարատի կորուստը, ինչպես մյուս ծավցի հայորդիներինը, մեծ ցավ էր թե՛ գյուղի, թե՛ դպրոցի համար»։

Լիդեր էր նաև ծառայության մեջ

Մարատի հետ նույն օրը գյուղից բանակ է զորակոչվել նաև Արշակ Գալոյանը։ Ժամանակագրությունը հետ տալով՝ Արշակը մտաբերեց ծառայության մեկնելու օրը։ Լավ է հիշում, թե ինչպես հարազատներին հրաժեշտ տալով՝ նստեցին գյուղ եկած զինվորական «Ուրալը» ու շարժվեցին Կապան։ Գյուղից դուրս չեկած՝ ծավեցիների համար խորհրդանիշ համարվող Նավսասար կոչվող քարին նայելու համար Մարատը, թեպետ մեքենան արդեն ընթացքի մեջ էր, բացեց «Ուրալի» դուռն ու նայեց, ասաց․ «Սպասիր մի անգամ էլ նայեմ մեր Նավսասարին, կարող է վերջին անգամ եմ տեսնում»․ կարծես կանխազգում էր։  Ընկերոջ հուշերում ազատամարտիկը որպես 18-19 տարեկան պայծառ երիտասարդ է մնացել։

Հայրենիքի հանդեպ առանձնակի սիրով էր լցված։ Ծառայության առաջին իսկ օրերից Մարատը աչքի է ընկել իր լիդերությամբ։ Ֆիզիկապես կոփված երիտասարդին էին սպաները վստահում նորակոչիկների հետ շարային պատրաստություն անցկացնելու դասերը։ 

Ընկերասեր, հոգատար, աշխույժ․ Մարատ Մարգարյանին այսպես է բնութագրում Արշակը։ «Ոչ մի բացասական բան չեմ կարող ասել, - զրույցը շարունակելով՝ շտապում է ընդգծել․ - չկարծեք, որ իմ ընկերն էր՝ դրա համար եմ ասում»։ Ընկերոջ հոգատարության դրսևորումները Արշակը մեկ անգամ չէ, որ զգացել է  համատեղ անցկացրած ծառայության ժամանակ․ «Մի անգամ վատառողջ էի, ջերմություն ունեի, այդ ամբողջ գիշեր Մարատը կողքիցս չէր հեռացել ու չէր քնել, որքան էլ փորձել էի համոզել։ Ինքը յուրահատուկ ընկեր էր ինձ համար»։

Երազանքը գյուղը շենացնելն էր  

Հոր խոսքով՝ ծառայության սկզբնական ժամանակահատվածը անց է կացրել Լենինականում, այնուհետև տեղափոխվել Կորնիձոր․ «Տեղի ջոկատներից մեկը շրջափակման մեջ էր ընկել։ Մարատը առանց հրամանի որոշեց իր ջոկատով գնալ և ազատել նրանց։ Ծառայակիցներին ազատելու ընթացքում մեկ զոհ տվեցին, երբ վերադարձան, թշնամին կրկին սկսեց գնդակոծել, ինչի հետևանքով էլ Մարատը զոհվեց»։ Այդ օրը 1994թ․ հունվարի 28-ն էր, հենց այն օրը, երբ սկզբնավորվել էր հայոց բանակը։ Նա չհասցրեց ամուսնանալ՝ գուցե այդպես էլ անկատար թողնելով ինչ-որ աղջկա երազանքը նույնպես․․․

Որդին այլ երազանքներ էլ ուներ, ցանկանում էր հայրենի Ծավը շենացրած ու բարգավաճ տեսնել։

Մելսիկ պապը գյուղում ապրում է կրտսեր որդու ընտանիքի հետ, դուստրը նույնպես ամուսնացել է։ Չորս թոռները նրա միակ սփոփանքն են, գուցե սփոփվում է նաև դպրոցը որդու անունով կոչելով, ամեն անգամ այնտեղով անցնելիս նրան պատկերացնում դաշտում ֆիզկուլտուրա դասավանդելիս․․․

Նելլի Միրզախանյան

17:00 09.05.2019