ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Էդմոն Մարուքյան․ «Ժողովրդավարությունը մնացել է էմոցիոնալ մակարդակում»
16:00 10.05.2019

Էդմոն Մարուքյան․ «Ժողովրդավարությունը մնացել է էմոցիոնալ մակարդակում»

Անցած շաբաթ Կապանում բացվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության գրասենյակը։ Առիթից օգտվելով՝ զրուցեցինք կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հետ։

- Պարո՛ն Մարուքյան, լրացավ հեղափոխության մեկ տարին։ Ինչպե՞ս կգնահատեք հեղափոխությունից հետո ձևավորված կառավարության աշխատանքը։

- Այն, որ հեղափոխությունը եղել է ու դա լավ է, այստեղ, կարծում եմ, երկրորդ կարծիք չկա։ Ինչ վերաբերում է կառավարության գործունեությանը, պետք է ասեմ, որ կադրային քաղաքականությունը շատ վատն է։ Լուրջ խնդիր կա այստեղ, և վարչապետը պետք է վերանայի կադրային քաղաքականությունը, որովհետև նրա կադրերը սպառում են իր իսկ ունեցած կրեդիտը և  ժողովրդական վստահությունը։ Մարդիկ մի դեպքում կոմպետենտ չեն, մյուս դեպքում տարատեսակ սկանդալների մեջ  են հայտնվում, երրորդ  դեպքում շատ վերևից են նայում քաղաքացուն։ Եթե կադրային քաղաքականությունը վերանայվի, լավ կադրեր նշանակվեն, եղած փոփոխությունների կապիտալիզացիան ավելի արագ տեղի կունենա։

- Լավ կադր ասելով ի՞նչ ի նկատի ունեք, միգուցե երիտասարդ տարիքն ու անփորձությունն եք խնդիր համարում։

- Երիտասարդ լինելը ոչ թե խնդիր է, այլ առավելություն։ Մենք երբևէ չենք ասել, որ երիտասարդ են, դա վատ է, այլ պետք է նայել նրանց կոմպետենցիաներին, մարդիկ որքանով են կոմպետենտ։ Այսինքն՝ տվյալ անձը ինչ փորձ, մասնագիտական ինչպիսի արհեստավարժություն ունի, որ այդ մարդուն տվյալ մակարդակում տվյալ պաշտոնը վստահես։

- Անուններ կտա՞ք ներկայիս կադրերից, ովքե՞ր, ըստ Ձեզ, իրենց տեղում  չեն։

- Ամենավերջին օրինակը կարող եմ ասել․ մենք ֆինանսների նախարարի նկատմամբ պատմության մեջ առաջին անգամ պառլամենտական մակարդակում անվստահության գործընթաց սկսեցինք։ 41 պատգամավոր անվստահություն հայտնեց, դա ուղերձ է վարչապետին, որ նա վերանայի իր քաղաքականությունը, իշխող խմբակցությունը պաշտպանեց նրան, և նա պահպանեց իր պորտֆելը։ Եթե խորհրդարանական կառավարման երկրում կառավարության մի անդամի հանդեպ պատգամավորների մի խումբ անվստահություն է հայտնում, ապա վարչապետը պետք է դրանից հետևություններ անի։

- Ուղիղ մեկ տարի առաջ ներկայիս վարչապետը ԱԺ-ում խոստացել էր  ԱԱԾ-ն ու Ոստիկանությունը նախարարություն դարձնել, բայց առայժմ նման որոշում չկա։

- Վարչապետի խոստումից մեկ տարի է անցել, և այն չի կատարվել, իսկ բերված տարատեսակ արդարացումները որևէ մեկին չեն հետաքրքրում, որովհետև եթե բան ես խոստանում ու չես կատարում, մյուս բոլոր խոստումներդ նույնպես կասկածի տակ են դրվում։ Սուպերվարչապետական արատավոր համակարգը պահպանված է, և ժողովրդավարությունը մնացել է էմոցիոնալ մակարդակում, բայց ինստիտուցիոնալ համակարգեր ձևավորելու առումով, այո՛, մենք խնդիր ունենք։ Եթե այդ մարմինները դառնան նախարարություններ, կառավարության կառուցվածքի մեջ կներառվեն, դրանով իսկ վերահսկելի կդառնան ժողովրդի համար։ Այսինքն՝ խորհրդարանական վերահսկողությունը պատշաճ կգործի տվյալ պարագայում, և այդ մարմինները վաղը կամ մյուս օրը չեն կարող օգտագործվել ժողովրդի կամ քաղաքական ընդդիմախոսների դեմ։ Ժամանակին Ռոբերտ Քոչարյանն է դրանք հանել կառավարության կառուցվածքից, այսօրվա իշխանությունները պահպանում են՝ միևնույն ժամանակ քննադատելով Ռոբերտ Քոչարյանին։

- Կարծում եք վարչապետին ձեռնտու՞ է ներկայիս կառուցվածքը պահպանելը։

- Եթե ձեռնտու չլիներ, ապա խոստումը կկատարեր։

- Իսկ ի՞նչ կասեք տնտեսական հեղափոխության մասին, որո՞նք պետք է լինեն այդ ուղղությամբ առաջին 3 քայլերը։

- Ընդհանրապես տնտեսությունն ու հեղափոխությունը իրար հետ չառնչվող երևույթներ են։ Տնտեսությունը սիրում է կայունություն, կանխատեսելիություն, համակարգ և այնպիսի օրենսդրություն, որը կպաշտպանի տնտեսվարողներին։ Տվյալ պարագայում մեկ տարին անցել է, մենք նոր հարկային օրենսգիրք չենք ընդունել, դրան գումարած՝ անընդհատ ցնցումների մեջ է երկիրը։

Զրույցը վարեց Նելլի Միրզախանյանը

16:00 10.05.2019