ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Մեկ դեմքով տասնյակ դիմակներ
18:00 10.05.2019

Մեկ դեմքով տասնյակ դիմակներ

Սիրո՞ւմ եք թատրոնն այնպես, ինչպես ես եմ այն սիրում, ուրեմն կերեք լիմոն, որպեսզի հանդարտվեն ձեր կոկորդի անհարկի շարժումները։

                                                                                                                  Միխայիլ Վելլեր

Օրերս ավարտվեց «Արմմոնո» միջազգային թատերական 17-րդ փառատոնը, որի շրջանակում ցուցադրվեց 22 մոնոներկայացում։ Փառատոնին մասնակցեց մարզային երեք թատրոն՝ Էջմիածնի, Գորիսի և Աբովյանի։ Ո՞րն է փառատոնի առաքելությունը, ի՞նչ հնարավորություն է տալիս մասնավորապես երիտասարդ ստեղծագործողներին։ Արդյո՞ք հայ հանդիսականը նախապատվություն է տալիս այս ժանրին։

Գիտե՞ք ինչ է մոնոն

Մոնոներկայացումը թատերական ժանր է, այն երևան է բերել ռուս դերասան Վլադիմիր Յախոնտովը (մեկ դերասանի թատրոն)։ Մոնոյի ժամանակ բեմում միայն մեկ դերարար է։ Նա հանդես է գալիս խոսքով և բեմական շարժմամբ։ Տարբեր մոնոներկայացումների ժամանակ դերասանը կարող է տարբեր ակտիվություն ցուցաբերել․ հնարավոր է, որ գերակշռի խոսքը, իսկ մյուս դեպքում՝ պլաստիկան։ Կարող են լինել դեպքեր, երբ խոսքը բացառվի, ներկայացումը հիմնված լինի միայն պլաստիկ լուծումների վրա։ Այսինքն՝ այս ժանրն էլ իր հերթին բազմաշերտ է՝ մնջախաղ, սթենդ ափ, դոկ թատրոն, խոսակցական և այլն։  Մոնոներկայացումների ժամանակ բեմում կարող են լինել նաև այլ գործող անձինք, բայց իրավունք չունեն խոսելու։ Սրանից պարզ է դառնում, որ այս ժանրում կարևորվում է թատերական խոսքը։ Ինչպես սովորական ներկայացումների ժամանակ, այնպես էլ այս դեպքում, բեմում կարող է հնչել երաժշտություն, բեմը կարող է ունենալ ձևավորում, դեկորացիա, օգտագործվել ռեկվիզիտներ։

Նախ՝ համառոտ

«Արմմոնո» միջազգային թատերական փառատոնը առաջին անգամ մեկնարկել է 2003թ. սեպտեմբերի 24-ին Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում, Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի «Կոնտրաբաս» մոնոներկայացմամբ (դերարար՝ ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյան)։ 2005թ. «Արմմոնոն» վերանվանվել է «Շեքսպիրյան» փառատոն: Սակայն Հակոբ Ղազանչյանը վերադարձրեց նախկին անվանումը, դրան զուգահեռ 2009-ից միաժամանակ երևան եկավ նաև «Շեքսպիրյան» փառատոնը: Հենց այս տարի փառատոնն ավելի ընդգրկուն դարձավ, քանի որ մի շարք երկրների դերասաններ սկսեցին մասնակցել, այդ թվում՝ Ռուսաստանից, Լեհաստանից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ուկրաինայից և Ֆրանսիայից: Բացի մայրաքաղաքից՝ փառատոնը անցկացվեց նաև Սյունիքի մարզկենտրոն Կապանում՝ Ալ․Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոնում։ 2011թ. փառատոնն անց է կացվել ԼՂՀ-ում: 2014թ. «Արմմոնոյի» մասնակիցները ներկայացել են «Թատերական Լոռի» փառատոնին, որի ժամանակ 7 մոնոներկայացում է ցուցադրվել։ Արդեն 2015-ից փառատոնը նորամուծություն է ունենում․ «Արմմոնո-Դեբյուտ»  ծրագրով հանդես են գալիս երիտասարդ բեմադրիչներն ու դերասանները: Փառատոնի ծրագրերից են՝ «Արմմոնո Pluse», «Մոնոօպերա» և այլն։ Փառատոնը հավանության են արժանացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի մոնոներկայացումների միջազգային ֆորումի համանախագահ Նինա Մազուրը, լեհական Վրոցլավի փառատոնի նախագահ Վեցլավ Գերասը, գերմանացի Ֆիլիպ Հոխմայերը, դերասաններ Ռեգիմանտաս Ադոմայտիսը, Ալեքսանդր Կալյագինը և այլք։ Նշենք, որ փառատոնն անցկացվում է հիմնականում ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ։

Շահավետ հնարավորություն

Գորիսի պետթատրոնը այս անգամ էլ էր մասնակցում «Արմմոնոյին»։ Բեմադրիչ Ասյա Սիրեկանյանը ներկայացրել է Անտոն Չեխովի «Վրիժառուն» պատմվածքը՝ դերասան էրիկ Գրիգորյանի մասնակցությամբ։ Անցած տարի ևս բեմադրիչը հանդես է եկել փառատոնում, այդ անգամ՝ Դարիո Ֆոյի «Ես սպասում եմ քեզ, սիրելիս» (դերասանուհի՝ Աքսաննա Բաբաջանյան) գործով։ «Կարևորում եմ մասնակցությունը, քանի որ առհասարակ նման իրադարձություններին ցուցադրվելն օգնում է, որ էլ ավելի լարես ուժերդ և քեզ տրված պատասխանատվությունն ու հնարավորությունը օգտագործես հօգուտ ստեղծագործական ընթացքի։

Կապ հաստատեցինք 2016թ․ Բուլգակովի «Վարպետն ու Մարգարիտան» գործով փառատոնին մասնակցած 22-ամյա Մանե Բաղդասարյանի հետ, ով, չնայած ավարտել է ԵԹԿՊԻ կինոարվեստի ֆակուլտետը և նկարահանել երեք ֆիլմ՝ «Ադապտացիա», «Ճայը», «Շապիտո», և իրեն պատկերացնում է բացառապես կինոյի աշխարհում, այնուհանդերձ իր խոսքում ընդգծում է՝ թատրոնը ցանկացած արվեստագետի սնում է մեծ արտիստիզմով և գիտելիքով։ «Մասնակցելով «Արմմոնոյին»՝ հասկացա, որ մոնոներկայացումը մեծ փորձ է և քննություն քեզ համար։ Դու մենակ ես բեմում, և շատ ուժեղ էներգետիկան, որ գալիս է հանդիսատեսից, քեզ պարտավորեցնում է ամեն վայրկյան լինել հետաքրքիր: Մոնոներկայացման ժամանակ մի վայրկյանն անգամ կարող է տապալել ողջ ներկայացումը։ Սա շատ պատասխանատու ձևաչափ է դերասանի և ռեժիսորի համար։ Ռեժիսոր Արարատ Գրիգորյանի հետ աշխատել եմ մոտ 7 ամիս՝ առանց հանգստյան օրերի։ Առաջնահերթ աշխատել ենք պլաստիկայի և խոսքի վրա։ Այս երկուսը լրացնում են իրար։ «Վարպետը և Մարգարիտան» շատ բարդ էր իրագործելը, քանի որ և՛ բնագիրն էր հարուստ երևակայական վերջին պոռթկումներով,  և՛ դժվար էր խաղալ միանգամից ավելի քան յոթ  կերպար։ «Արմմոնոն» ինձ տվեց փորձ բեմում լինելու և զգալու հանդիսատեսի շնչառությունը, աշխատելու և երևակայելու», - ասում է Մ․Բաղդասարյանը։ Մանեն հիշում է՝ ներկայացման օրը չափազանց ոգևորող էր, ոտքի վրա գտնվող մարդկանց հերթը հասնում էր առաջին հարկ, և ինքը կուլիսներ վերադառնալուց հետո շատ զարմացած էր հանդիսատեսի քանակի ու ոգևորության վրա։

Փառատոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը հիշեցրեց, որ սա սպորտ չէ, այլ արվեստ, այստեղ չկան սանտիմետրեր ու վայրկյաններ։ Թատերական այս ժանրն աշխարհում ընդունված է դեռ վաղուց, նաև հայ հանդիսատեսին է դուր գալիս, իսկ փառատոնի հիմնական բաղադրիչը հենց նա է։ Հիմնական նպատակն է փառատոնի միջոցով հայ արվեստագետներին ծանոթացնել միջազգային միտումներին, թե՛ փորձառու, թե՛ նորեկ արվեստագետներին ճանաչելի դարձնել։ ««Արմմոնոյի» միջոցով նրանք հնարավորություն են ստանում հրավիրվել այլ թատերական երկրներ և այնտեղի հանդիսատեսին ներկայանալ։ Օրինակները վառ են՝ «Արմմոնո-Դեբյուտ-2015»-ի մասնակիցները՝ ԵԹԿՊԻ ուսանողները, մասնակցել են Մոսկվայի Շչուկինի անվան թատերական ինստիտուտում անցկացված ռեժիսուրայի 13-րդ միջազգային փառատոնին և այլն»։

«Այստեղ չկան պատվավոր տեղեր կամ մրցանակներ, կան նվերներ, - ասում է Մարիաննա Մխիթարյանը, - փառատոնը ոչ միայն տոն է, այլև հսկայական աշխատանք է և՛ դերասանի, և՛ բեմադրիչի համար, անգամ եթե լինում են բանավեճեր, ապա դրանք ծնում են միայն նոր գաղափարներ»։

Անուշ Միրզոյան

18:00 10.05.2019

Ամենաշատ ընթերցվածները