ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արծվանիկում դռները չեն կողպվում
16:00 11.05.2019

Արծվանիկում դռները չեն կողպվում

Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ, բնակչության թիվը շուրջ 600: Հնում կոչվել է Երեց կամ Երեցվանիկ և մտել է Մեծ Հայքի Սյունիք աշխարհի Բաղք (Քաշունիք) գավառի մեջ, այնուհետև՝ Արծեվանիկ գյուղ՝ Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառում։ Ըստ հին հարկացուցակի՝ Տաթևի վանքին տալիս էր 12 միավոր հարկ։

Արծվանիկը պատմական հարուստ անցյալ և նշանավոր հնավայր-հուշարձաններ ունեցող գյուղ է։ Նախկին գյուղը, որը գտնվել է Արծվանիկից մոտ 1 կմ հյուսիս-արևելք, ըստ Ստ. Օրբելյանի՝ Երեց կամ Երեցվանիկ է կոչվել վանահայր և հետո՝ Սյունյաց եպիսկոպոս Երիցակի անվամբ, որն այստեղ շինել է Երիցվանքը (6-րդ դար)՝ իր հարակից եկեղեցիով և ճգնավորի մատուռով։ Արծվանիկում Դավիթ Բեկի ժամանակներում տեղի է ունեցել ճակատամարտ։ Գյուղում 1881թ. եղել է Րաֆֆին, որը նյութեր է հավաքել Դավիթ Բեկի մասին։ Գյուղում են ծնվել մի շարք նշանավոր մարդիկ՝ գիտությունների դոկտորներ, պատգամավորներ, մտավորականներ, գեներալներ: Գյուղատնտեսական գործունեության հիմնական ուղղություններն են՝ անասնապահությունը և դաշտավարությունը: Գյուղը ունեցել է հարուստ կոլտնտեսություն, հիվանդանոց, մշակույթի օջախներ, թատրոն և այլն: Այստեղ կանգուն է երկու եկեղեցի, կան մի շարք պատմամշակութային կոթողներ:

Գյուղի ներկան ու խոստումնալից ապագան

Արծվանիկը Կապանի տարածաշրջանի մեծ գյուղերի շարքում լինելուն զուգահեռ նաև ամենաբնակեցվածներից է: Գյուղ մտնելիս անմիջապես աշխուժությունը նկատվում է, բաց երդիկներն ու գարնան աշխատանքներին պատրաստվող գյուղատնտեսական գործիքների ու մեխանիզմների աղմուկը վկայում են կարևոր մի բան. արծվանիկցին հայրական տունը լքել չի պատրաստվում: Ասածի  ապացույցը  գյուղի տարեցների  վկայությունն է, ովքեր, հյուրերին ներկայացնելով իրենց հայրենի բնօրրանը, առաջնահերթ ընդգծում են՝ արծվանիկցին իր հողը երբեք չի դավաճանի, և կարծես դա ազգանվան հետ միասին են ժառանգում նախնիներից, որն էլ փոխանցում են իրենցից հետո եկողներին:

Գյուղի վարչական ղեկավար Անուշավան Հարությունյանն ասում է, որ դեռևս չի հիշում այնպիսի տարի, որ գյուղից արտագաղթողներ շատ լինեն, հակառակը՝ այստեղ մշտական ապրողներն են ավելանում: Գյուղացին իր գործով է զբաղված, գրեթե ամեն ընտանիք իր նախընտրած զբաղմունքն ունի՝ բանջարանոց, մեղվի փեթակներ, ինքնաթոր օղի և այլն: Կյանքը այստեղ կարծես քաղաքային ընթացք ունի. մարզկենտրոնին մոտ լինելը շատ խնդիրներ է լուծում, շատերն աշխատում են Կապանի և Քաջարանի կոմբինատներում, մի մասն էլ հացահատիկի մշակությամբ ու անասնապահությամբ է զբաղվում ազատագրված հողերում:

Տարիների ընթացքում Արծվանիկում, մարզի մի շարք գյուղերի համեմատ, նախկին շինությունները կիսավեր թողնելու փոխարեն վերանորոգում են, բարեկարգում: Գյուղամիջյան ճանապարհների մի մասը արդեն բարեկարգվել է, փողոցներում անցկացվել լուսավորություն: 2006թ․ «ԶՊՄԿ» ՓԲ ընկերության աջակցությամբ հիմնովին վերանորոգվել է գյուղի նախակրթարանը՝ իր հարմարություններով չզիջելով քաղաքային նախակրթարաններին: Մանկապարտեզ այսօր 22 սան է հաճախում, իսկ գյուղի միջնակարգ դպրոցն ունի 72 աշակերտ: Վարչական ղեկավարը, անդրադառնալով գյուղի կենսական նշանակության խնդիրներին, առաջնահերթ ոռոգման ջրի հարցը մատնանշեց․ այսօր գյուղացիների համար տնամերձի մշակումը գերխնդիր է դարձել: Գյուղում սակավ են նաև խմելու ջրի պաշարները, նաև գազիֆիկացված չէ:

Գյուղի նվիրյալները

Տարեց բնակիչներից անվանի մանկավարժ, գրող Էդուարդ Մանուչարյանին հանդիպեցինք իր իսկ ստեղծած թանգարանում, որ մեծ  համբերատարությամբ թանգարանի հյուրերին էր ներկայացնում իր տարիների աշխատանքները, որոնք ժամանակին համագյուղացիներին են պատկանել: Թանգարանի յուրաքանչյուր անկյուն մի պատմություն է, որտեղ ներկայացնում է աշխատասեր արծվանիկցուն, ստեղծագործողին, հայրենասերին, ուսուցանողին, արարողին: Այստեղ կան նաև հին զենքեր, գյուղատնտեսական ամենատարբեր գործիքներ: Էդուարդ Մանուչարյանն այսքանով  չի սահմանափակել իր սերը ծննդավայրի հանդեպ: Արծվանիկի պատմությունը վառ պահելու համար  նա ընթերցողի սեղանին է դրել երկու՝ «Հերոսացած արծվանիկցիներ» և «Արծվանիկ» գրքերը, պատրաստվում է հրատարակել 3-րդ գիրքը՝ նվիրված գյուղի դպրոցի ստեղծման 150-ամյակին: «Արծվանիկի դպրոցը մեր տարածաշրջանի լավագույն դպրոցներից էր, այստեղ աշխատելն ու սովորելը պատիվ էր բոլորի համար: Եվ շնորհիվ մեր մանկավարժների, արծվանիկցի պատանին իր ուսմամբ փայլել է բոլոր ասպարեզներում», - հպարտությամբ նշում է նախկին մանկավարժը:

Արծվանիկցիները մեծ ներդրում են ունեցել նաև Հայրենական և Արցախյան պատերազմներում:  Մեծ հայրենականին մասնակցել է 235 արծվանիկցի, որոնցից զոհվել է 104-ը: Արցախյան ազատամարտի տարիներին գյուղի տղաները կազմել էին հինգ ինքնապաշտպանական ջոկատ և մինչև վերջին օրը պայքարել հայրենի հողի համար: Արցախյան ազատամարտում հերոսացավ 7 արծվանիկցի:

Գյուղն առաջատար էր նաև իր կոլտնտեսությունով, որոնց ղեկավարների նվիրումի շնորհիվ գյուղի անունը միշտ առաջատարների շարքերում է եղել, որպես պլանների լավագույն գերակատարող:  Հրանտիկ Հարությունյանի հետ խոսելով գյուղի ներկայից՝ նախկին գյուղատնտեսը մտովի տարիները շրջեց, և ափսոսանքով ասաց, որ նախկինի համեմատ այսօր հայրենի հողը մշակի ձեռքի կարոտ է մնացել: Հրանտիկ Հարությունյանը՝ որպես մանկավարժ, երկար տարիներ նաև աշխատել է գյուղի դպրոցում, մեխանիզմների գաղտնիքներն ուսանել երիտասարդներին, ովքեր մինչ օրս անսարք մեխանիզմը ինքնուրույն վերանորոգում են: Այսօր գյուղապահպանության կենսական նշանակության այս ուղղություններն են վերացել, և ափսոսանքը տեսնում ես այս մարդկանց աչքերի մեջ, ովքեր գիտակցում են, որ նախկինը չի լինի:

Նրանք շարունակում են ապրել գյուղում, թաքուն ուրախանում, որ գյուղի նկատմամբ սերն ու հարգանքը փոխանցվել է նաև երիտասարդներին: «Արծվանիկի հողը ամուր է պահում իր զավակներին, որից հեռու լինելով՝ կարոտից խեղդվում ես», - ասում է Հրանտիկ Հարությունյանը:

Արծվանիկում խնդիրներն ու մարդը ապրում են կողք կողքի, միմյանց հետ պայքարում, այստեղ սառնորակ աղբյուրներ չկան, բայց նվիրյալ գյուղացին այլ ճանապարհներ է փնտրում, ոչ թե կողպում իր նախնիների ստեղծած տան դուռը, անմշակ թողնում հողը:

Գյուղից հեռանալիս լուր հասավ, որ Արծվանիկն ունի արդեն մեկ օրական բնակիչ: Յուրաքանչյուր ծնունդ իր մեջ կյանքի շարունակության խորհուրդ ունի։ Համոզված ենք, դեռ շատ ծնունդներ կլինեն, այստեղ տան դռները հավերժ չեն կողպվում:

Ափոսոս, որ այսօր Հայստանում Արծվանիկի նման գյուղերն աղբյուրների պես սակավանում են:

Արփինե Հարությունյան

16:00 11.05.2019