ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ֆ․Կաֆկա․ «Դատավարություն»
15:00 12.05.2019

Ֆ․Կաֆկա․ «Դատավարություն»

«Նրա լուծումները կամ լուծումների բացակայությունը հուշում են մեկնաբանություններ, որոնք հստակ չեն, որոնք հիմնավորելու համար հարկ է լինում երկը կարդալ այլ տեսանկյունից։ Հաճախ նույն գործը հնարավոր է լինում մեկնաբանել տարբեր կերպ, և այս հանգամանքն իր հերթին վերընթերցման անհրաժեշտություն է առաջացնում»ֆրանսիացի գրող ԱԿամյուի այս նկատառումը վերաբերում է Ֆրանց Կաֆկայի ամբողջ ստեղծագործությանը։ Ավստրիացի գրողի «Դատավարություն» վեպում էլ բացակայում են լուծումները, ավելի շատ առաջ են քաշվում խնդիրներ։

Մարդուն առավոտ շուտ արթնացնում են քնից և հայտնում, որ ձերբակալված է։ Ով էլ լինի, հազիվ թե հեշտությամբ ուշքի գա։ Իսկ երբ, այնուամենայնիվ, ուշքի է գալիս, հիմա էլ տեղեկացնում են, որ ձերբակալությունը չի խանգարում, կարող է զբաղվել առօրյա գործերով։ Նա այդպես էլ վարվում է․ թերթ է կարդում, սնվում, աշխատանքի գնում։

Վեպի հենց առաջին էջերից են ի հայտ գալիս աբսուրդի նշանները։ Գլխավոր հերոսը՝ բանկի ծառայող Յոզեֆ Կ-ն, մեղադրվում է, բայց չգիտի, թե ինչի համար, փորձում է պաշտպանվել՝ չիմանալով՝ ինչից։ Դատավարությունը տեղի է ունենում տարօրինակ պայմաններում։ Ատյանի սրահը մութ է։ Այնքան էլ հստակ չէ, թե ինչ պատիժ են տվել։ Յոզեֆ Կ-ն երբեմն նույնիսկ կասկածում է․ արդյո՞ք դատվողն ինքն է եղել։

Մարդ-իշխանություն հարաբերություններում ակնհայտ խցանում կա։ Ցանկացած իշխանություն թաքցնելու բան ունի։ Այս մեկը բացառություն չէ։ Գուցե դրա համար են տեղի ունենում անսովոր դեպքեր, որոնց նպատակը կարծես Կ-ին շեղելն է։ Նա ծանոթանում է դատական կատարածուի կնոջ հետ և համոզվում, որ այդ դատարանում համարյա բոլորը կնամոլ են․ «Քննիչին հեռվից մի կին ցու՛յց տուր, և նա առաջինը տեղ հասնելու համար ոտքի տակ կտա ատենական սեղանն էլ, մեղադրյալին էլ»։

Կ-ն այլևս չի զարմանում պատժի վրա։ Բայց փորձում է խուսափել։ Դիմում է ծեր փաստաբանի օգնությանը։ Նրա զրույցներից պարզվում է, որ անչափ կարևոր են դատապաշտպանի անձնական կապերը․ «Հենց այստեղ է խցկվում փաստաբանների մեծ մասը․ կաշառքներ են տալիս, տեղեկություններ հավաքում, նախկինում նույնիսկ փաստաթղթերի հափշտակման դեպքեր են եղել»։

Պատկերն ավելի է ամբողջացնում դատարանի նկարիչը (այդպիսի հաստիք էլ ունեն)։ Նա մատնանշում է երեք հնարավորություն։ Առաջինը լրիվ արդարացումն է, բայց նկարչի կարծիքով՝ «ընդհանրապես մեկը չկա, որ կարողանա լրիվ արդարացման համար այդքան ազդեցություն ունենալ»։ Երկրորդը թվացյալ արդարացումն է, բայց արդարացմանը անմիջապես հաջորդում է նոր ձերբակալումը։ Կարճ ասած՝ որքան արդարացում, այնքան ձերբակալում։ Երրորդը ձգձգումն է, որը նույնպես թույլ չի տալիս արդարացնել մեղադրյալին։ Սակայն Կ-ն չի կորցնում հույսը և նկարչի բարեհաճությունը շահելու համար գնում է  նրա անարժեք նկարներն ու փակում գրասեղանի ամենաստորին գզրոցում։

Կ-ն որոշում է հրաժարվել ծեր փաստաբանի ծառայությունից և անձամբ ստանձնել գործի պաշտպանությունը։ Փաստաբանին այցելելիս նա հանդիպում է ևս մի հայցվորի՝ վաճառականին, ով ավելի քան հինգ տարվա մեղադրյալ է և արդեն վեց փաստաբան ունի։ Ի վերջո, Կ-ն հայտնում է իր մտադրությունը, իսկ ծեր փաստաբանը որոշում է մի ներկայացում խաղալ․ նվաստացնում է վաճառականին․ «Այդ հայցվորը հայցվոր չէր այլևս, այլ փաստաբանի շունն էր։ Եթե նա հրամայեր շան նման մտնել մահճակալի տակ, ինչպես շունն էր իր տնակը մտնում, և այնտեղից հաչել, այս մարդը կաներ հաճույքով»։

Կ-ն հաշտվում է աբսուրդի հետ։ Հաշտվելու պահից էլ ակնհայտ է դառնում, որ աբսուրդն այլևս գոյություն չունի։ Կ-ն սպասում է վերջին՝ վարագույրի իջնելուն։ Ճիշտ է, հարցերը դեռ չեն սպառվել․ «Ու՞ր էր դատավորը, ում Կ-ն այդպես էլ չտեսավ, ու՞ր էր գերագույն դատարանը, որին այդպես էլ չհասավ գործը»։ Բայց ներկայացումն ավարտվում է։ Բնակարանում հայտնվում են բարեկիրթ շարժուձևով երկու պարոններ, որոնց Կ-ն գուցե ոչ պատահաբար հարցնում է․ «Դուք ո՞ր թատրոնում եք աշխատում»։ Պարոնները քաղաքավարությամբ Յոզեֆ Կ-ին առաջնորդում են մի խուլ ծայրամաս, գլուխը դնում քարին, վիզը կտրում։ Մեռնելուց առաջ դատապարտյալը կարողանում է միայն ասել․«Շան նման»։

Անուրանալի է Ֆ․Դոստոևսկու ազդեցությունը համաշխարհային գրականության վրա։ Ռուս դասականը արել է իր հստակ ձևակերպումը․ եթե կա ոճիր, ուրեմն պետք է լինի նաև պատիժ։ Կաֆկան էլ իր ձևակերպումն է անում․ կա պատիժ, բայց չկա ոճիր։

Արթուր Իսրայելյան     

15:00 12.05.2019

Ամենաշատ ընթերցվածները