ԱՎԵԼԻՆ

Սյունիք

Եվրոպայի օրը Կապանում նշանավորվեց նոր արտադրամասի բացման արարողությամբ
12:00 13.05.2019

Եվրոպայի օրը Կապանում նշանավորվեց նոր արտադրամասի բացման արարողությամբ

«Եվրոպայի օր» ծրագրի շրջանակներում մայիսի 11-ին Կապանը հյուընկալեց ԵՄ պատվիրակության ներկայացուցիչներին:

Մինչ միջոցառման մեկնարկը Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը ընդունեց ՀՀ-ում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկուն:Այնուհետև հյուրերը համայնքի ղեկավարի և երկրագիտական թանգարանի տնօրեն Գրիշա Սմբատյանի ուղեկցությամբ՝ այցելեցին 1108-ամյա Վահանավանքի համալիր, տեղում ծանոթացան վանքի և համալիրի գլխավոր եկեղեցու հարևանությամբ կառուցված Ս. Աստվածածին դամբարան-եկեղեցու կառուցման պատմությանը: Պատվիրակության այցի հաջորդ կանգառը Կապանի երկրագիտական թանգարանն էր: Հյուրերը շրջայց կատարեցին թանգարանում և ծանոթացան ներկայացված ցուցանմուշներին:

Օրը նշանավորվեց պլաստիկ թափոններից շինանյութի ստացման արտադրամասի պաշտոնական բացման արարողությամբ: Այն հիմնադրվել է «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների.պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շնորհիվ, որտեղ գլխավոր ֆինանսավորող է հանդես գալիս Եվրամիությունը, ինչպես նաև ՀՀ կառավարությունը, Կապանի համայնքապետարանը, «Ուրբան» կայուն զարգացման հիմնադրամը և երկու գործընկեր կազմակերպությունները: Ծրագրի հիմնադիրների ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին արտադրամասի տարածքում, ծանոթացան այն բոլոր հոսքագծերին և սարքավորումների տեխնիկական հնարավորություններին, որ այդ պահին արդեն զբաղված էին շինանյութի արտադրությամբ։ Նախատեսվում է առնվազն 6 նոր արտադրատեսակ թողարկել՝ փողոցային եզրաքարեր, սալիկներ, կղմինդր, դիտահորի կափարիչ և այլն։ Այսպիսով, ծրագիրը նպատակ ունի նպաստելու Սյունիք և Վայոց Ձոր մարզերի սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ նորարար տեխնոլոգիաների և նոր տնտեսական հնարավորությունների ձևավորման միջոցով։

Այնուհետև Կապանի Գ․ Նժդեհի անվան հրապարակում ներկաներին ողջունեցին և Եվրոպայի օրվա առթիվ շնորհավորեցին Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը։ Այս տարի ևս բացօթյա հանրային միջոցառումների մասնակիցները հնարավորություն ունեցան իմանալու Եվրոպայի և Հայաստանում Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող ծրագրերի մասին, ծանոթացան ծրագրի ձեռքբերումներին, վայելեցին լավ երաժշտություն, մասնակցեցին տարբեր մրցույթների , ինչպես նաև ստացան բազմաթիվ անակնկալ նվերներ։

Իսկ երեկոյան կապանցիների համար Եվրոպայի օրվան նվիրված համերգ էր կազմակերպվել՝ «Nemra» ռոք խմբի մասնակցությամբ։

Աղբյուրը՝ Կապանի համայնքապետարան/Kapan municipality

12:00 13.05.2019

Ամենաշատ ընթերցվածները