ԱՎԵԼԻՆ

Մամուլ

300 հազար հայը
18:00 14.05.2019

300 հազար հայը

Մայիսի 9-ի եռատոնի մասին գիտեն բոլորը, սակայն քչերն են վերլուծել 2-րդ համաշխարհայինում մասնակցած 600 հազար հայերի փաստը, որոնցից 300 հազարը չի վերադարձել: Այս թիվը ընկալելու համար պետք է ասեմ, որ տվյալ պետության բնակչություն-կորուստ հարաբերակցության առումով հայերը կորցրել են ավելին, քան նախկին ԽՍՀՄ որևէ հանրապետություն: Ընդհանուր բնակչության 11 տոկոս: Նույնիսկ Բելառուսը, որը անմիջապես գերմանական սապոգի տակ ընկավ, կորցրել է բնակչության 6.8%-ը: Հիմա՝ 74 տարի անց, երբ արդեն խոսվում է գուլագների, Ստալին-Ֆյուրեր փոխհամաձայնությունների մասին, ըստ որոնց՝ երկու պետությունները ըստ էության կիսում էին Եվրոպան, ավելին, քան երբևէ արդիական է հարցը. «Արդյո՞ք սա մեր պատերազմն էր, որ այսքան կորուստ տվեցինք»: Քավ լիցի, ես դեմ եմ ֆաշիզմին, բայց այն գինը, որը վճարել է իմ ժողովուրդը, ինձ համար շատ բարձր է: Միգուցե այսօրվա Սիրիա ուղարկված մեկ, երկու սակրավորների գումարտակների մակարդակով կարելի էր մասնակցել և մեր լուման ներդնել հակաֆաշիստական պայքարում: Դուք պատկերացնու՞մ եք՝ որքան մարդ կծնվեր, եթե այդ 300 000-ը վերադառնար: Մենք հիմա հաստատ մի կերպ երեք միլիոնանոց ազգ չէինք լինի ու այսպիսի դեմոգրաֆիական խնդիրների առջև հաստատ կանգնած չէինք լինի:

Արցախյան գոյամարտում մոտ 7000 կորուստ և 12000 քառակուսի կիլոմետր հայրենի հողի ավելացում: 300 000 կորուստ և նույնիսկ 300 սանտիմետր հողի բացակայություն:

Այո, մայիսի 9-ը նշել պետք է, սակայն ավելի շատ անմեղ կորստի տրամաբանության մեջ, ինչպես որ ցեղասպանությունը, այլ ոչ թե՝ տոնի: Ինչն է ավելացել, որ ինչը տոնենք: Եթե ձեր պապիկին, որպես ազգի թշնամի, չեն ուղարկել Սիբիր, դուք ինձ չեք հասկանա: Իսկ որ պատահական գերի ընկածների ճակատին դակում էին ազգի դավաճանի պիտակը, արդեն հաստատված փաստ է:

«Զանգեզուր պրես»

18:00 14.05.2019

Ամենաշատ ընթերցվածները