ԱՎԵԼԻՆ

Մամուլ

100 փաստ, որ չասվեց
20:00 14.05.2019

100 փաստ, որ չասվեց

Լրացավ հեղափոխության մեկ տարին, և տրամաբանորեն եկավ աշնան ճուտիկներին հաշվելու աշունը: Ինչպես և սպասվում էր, հաշվողն էլ, ներկայացնողն էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր: Թիմակիցները մնացին հանգիստ նստած իրենց տեղերում՝ բացառությամբ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ով ամբողջ տարվա ընթացքում աչքի էր ընկել բարեփոխումներով և անկաշկանդ ելույթ ունեցավ առանձին մամլո ասուլիսով: Այս պահի դրությամբ մյուսները գերադասեցին մնալ վարչապետի ստվերում, որը, ըստ էության, իրենց պաշտոնի բերեց: Իսկ մենք լրագրող ենք, ոչ մեկից կաշկանդված չենք, այս թերթի էջերում կներկայացնենք այն ամենը, ինչ դուրս մնաց հեղափոխության մեկ տարվա ամփոփումից, եթե առիթ լինի, վարչապետին տեսնելիս էլ դեմքին կասենք: Բայց դուք էլ եք հասկանում, որ խոսքի ազատությունը չի նշանակում, որ վարչապետի հեծանվային զբոսանքին մեզ կանչելու են, դրա համար ստիպված այստեղ ենք գրում: 100 հակափաստ չենք գրի, քանի որ մեր թերթում մենք սկզբունքներ ենք քննարկում, այլ ոչ երբեք ինքնանպատակ հոդվածներ գրում: Հարցը 100-ը կամ 1000-ը չէ, հարցը մեկ տարվա հաշվետվության հանդեպ սկզբունքային մոտեցումն է, որը կարող էր մի քիչ այլ լինել:

Դրականի բացասական կողմը

Ամեն մի դրական փաստ որպես կանոն ունենում է բացասական կողմ: Օրինակ, ատոմային էներգիայի հրաշալիքները ներկայացնելիս նաև պետք է նշել բացասական հնարավոր ռադիացիայի փաստը: Իհարկե, մեկ տարվա ընթացքում դրական փոփոխություններ եղան: Ցանկացած իշխանության օրոք դրանք լինում են: Նույնիսկ այսօր դատվող Ռոբերտ Քոչարյանը ունի իր պաշտոնավարման 10 տարիների վերաբերյալ դրական դինամիկայով ցուցանիշներ: Այն, որ դրանք այսպիսի անկաշկանդ մթնոլորտում չէին մատուցվում, նույնպես փաստ է: Սկսենք ամենասկզբից: Ամենաառաջին փաստը, որը վարչապետը ներկայացրեց, այն էր, որ ընթացիկ տարում բյուջեի մուտքերը 129 մլն դոլարով ավելի կլինեն: Այս փաստի բացասական կողմը այն է, որ բազում տարիներ խոսվում է Ռոբերտ Քոչարյանի 4 մլրդ դոլար յուրացումների մասին, սակայն մեկ տարի անց չունենք նույնիսկ տեղեկատվություն այն մասին, թե դա սուտ է, թե ճիշտ, և ինչ-որ բան արվում կամ արվելու է այդ գումարի ոդիսականը բացահայտելու համար, թե ոչ: 4 մլրդ դոլարի ու տարեկան 129 մլն դոլարի տարբերությունը, կարծում ենք, գիտակցում են բոլորը, ինչպես նաև գիտակցում են այն, որ հեղափոխության առջև ծառացած է այս հարցի լուծումը, իսկ մյուսների առջև՝ ոչ:

Փաստ համար երկու. բարձրացվել են աշխատավարձեր, և դեռ ունենք բարձրացման ակնկալիք տարվա ընթացքում: Հոյակապ բան է, իսկապես վերջին 10 տարում հազվադեպ ենք լսել աշխատավարձերի բարձրացման մասին: Այս հիասքանչ փաստի բացասական կողմը այն է, որ Հայաստանում այդպես էլ չհաշվարկվեց իրական կյանքի մեկ ամսվա սպառողական զամբյուղը: Այսինքն՝ ոչ ոք չի կարող ասել՝ որքան գումար է անհրաժեշտ արժանավայել ապրելու համար: Ոչ թե սովից չմեռնելու, դրա հաշվարկը կա, այլ հենց արժանավայել կյանքի համար, այն է՝ օգտվել բուժծառայությունից, տարեկան մեկ անգամ հանգստի գնալ, առողջ սնվել և այլն: Միևնույն ժամանակ ապրանքների և ծառայությունների գնաճի մասին նույնպես չի խոսվում, իսկ ես համոզված եմ, որ 2020-ից սկսած, երբ ԵԱՏՄ 2000 ապրանքների թանկացումը ուժի մեջ մտնի, ապա աշխատավարձերի որոշակի բարձրացումը հօդս կցնդի:

Յուրաքանչյուր փաստի վերաբերյալ հեշտությամբ կարող ենք ներկայացնել չասված բացասական կողմը, սակայն դա չէ մեր խնդիրը: Մեր խնդիրն է ցույց տալ ընթերցողին, որ ցանկացած իշխանություն ցուցադրում է այն, ինչ ձեռնտու է միայն իրեն:

Անկատարության անկեղծություն

Խոսվեց խոսքի ազատության աննախադեպ մակարդակի մասին, թափանցիկության և հաշվետվողականության մասին: Կոնկրետ փաստեր չնշվեցին: Իրականում ասելիքը այստեղ շատ-շատ է: Ճանաչում եմ տասնյակ մարդկանց-բիզնեսմենների, ովքեր մինչ այսօր չեն կարողանում մասնակցել պետական տենդերներին: Դաշտը կոռումպացված է և փակ: Գլխավոր դատախազին մի քանի օր առաջ Ազգային ժողովի ամբիոնից նվաստացրին՝ հատ առ հատ նշելով նրա կոռուպցիոն գործողությունները՝ անփորձ սանիկներին պաշտոն տալուց սկսած, վերջացրած պետբյուջեի հաշվին դատախազությունում անձնական վերելակ կառուցելուց: Ու այս ամենը այն ֆոնին, երբ վարչապետը հեծանիվով է գնում աշխատավայր: Պարզվեց, մեկ տարի է փաստաթղթեր են անհետացել ԱԱԾ-ից, իսկ քրեական գործ մինչև հիմա հարուցված չէ: Ակտիվիստները տարբեր հարթակներից մեղադրում են ԱԱԾ տնօրենին, որի ամենամեծ շնորհքը այն էր, որ ինքը տեղեկատվություն էր տալիս հեղափոխականներին նախկիններից: Սա նույնպես չհերքվեց: Անցումային արդարադատության մեկնարկը մինչ այսօր չկա, ու միգուցե հենց այդ պատճառով է Լևոն Քոչարյանը դատարանում լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ աննուղղակի մեղադրում 4 մլրդ գումար գողանալու թեզը արհեստականորեն ուռճացնելու մեջ: «Չգիտեմ, խղճա՞մ այս գործընթացը նախաձեռնողներին, թե՞ ծիծաղեմ», - բառացիորեն ասաց նա Սիվիլնեթին տված հարցազրույցում:

Անկատար է վարչապետի անկեղծությունը: Անկեղծ ղեկավարը, ժողովրդի ընտրյալը պետք է ավելի շատ խոսի այն բաների մասին, ինչը դեռ չի ստացվում կամ փակուղում է: Ինքնագովեստը թողեք նրանց, ովքեր ձեր ասածի պես անկեղծ չեն եղել ժողովրդի հետ: Որքան ամիսներ, տարիներ անցնեն, այդքան ավելի շատ հարցեր են կուտակվելու: Ու դրանց պատասխանները 4 ժամանոց ասուլիսով անգամ չեն սպառվի: Միայն այն հանգամանքը, որ ես՝ որպես լրագրող, ստիպված եմ շաբաթներով սպասել «դաբռոյի» տարբեր նախարարներից, որպեսզի հարցազրույց վարեմ իմ նախընտրած մասնագետի հետ, արդեն հուշում է, որ պրոլետարիատը դեռ չի կորցրել իր շղթաները: Վարչապետը ազատ է, բայց ինքը դեռ չի ազատագրել պետական սեկտորի աշխատակիցներին, որոնք հին են, աշխատում են հին ձևերով և դեռ վերածնվելու հատկանիշներ չեն ցուցաբերում:

Ներկա իշխանությունների նախկին թիմակիցները

Օրերս համացանցում հարցազրույցով հանդես եկավ բնապահպանության տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը: Այդպես էլ ոչ ոք չհասկացավ, թե ինչու վարչապետի կողմից վստահ նշանակված անձը նույնկերպ վստահ ազատվեց աշխատանքից, իսկ ինքը՝ Արթուր Գրիգորյանը, շատ ուշագրավ թեմաներից խոսեց: Նշեց մի պարզ բան, որ իրենց տեսչության արձանագրած խախտումները հաճախ դեր չեն խաղացել բնապահպանության նախարարության համար, քանի որ նախարարությունը ինքն է որոշել՝ ինչպես դրանց վերաբերվել: Իսկ նախարարության ժրաջան մեկամյա աշխատանքը գնահատելու համար բավարար է տեսնել մեր գետերի հուները, որոնք ցամաքել են հէկերին տրված ոչ ողջամիտ արտոնագրերի պատճառով: Պետությունը տալիս է այնքան ջուր օգտագործելու արտոնություն, որ այդ գետերում 80-ականներից ի վեր չի եղել:

Որպես վերջաբան

Հոդվածը գրելիս իմացա, որ մեկ տարի առաջ քաղաքացիների ոտքերի տակ պայթած լուսաձայնային նռնակների պատճառով տուժած քաղաքացիներին, ովքեր ձևակերպված էին որպես տուժող, եկել է նամակ առ այն, որ այդ գործը կասեցված է, քանի որ նռնակները նետող ոստիկանները դիմակավորված էին, և քննությանը չհաջողվեց հայտնաբերել նրանց ով լինելը: Մնում է համբերել, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և այլոց հանցագործությունները հայտնաբերվեն: Քննչական մարմինների մեկամյա աշխատանքների շլացուցիչ գնահատականը թողնում եմ ձեզ:

Արման Սուլեյմանյան

20:00 14.05.2019

Ամենաշատ ընթերցվածները