ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Փրկարար ծառայությունը վերազինվել է
15:00 15.05.2019

Փրկարար ծառայությունը վերազինվել է

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը 14,5 միլիոն ԱՄՆ դոլարի  արժողությամբ տեխնիկա է հատկացրել Հայաստանին։ 18 մեքենայից հինգը բաժին է հասել Սյունիքին՝ չորս  հրշեջ մեքենա և մեկ ավտոսանդուղք։

Մարզային փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանի խոսքով՝ իրենց ունեցած բոլոր մեքենաները հիմնականում հնամաշ էին, առաջին անգամ է, որ վարչությունը նոր մեքենաներ է ստանում։ 3500 լիտր տարողությամբ մեկական հրշեջ-փրկարարական մեքենա տրամադրվել է Սիսիանի, Գորիսի, Մեղրու, Քաջարանի հրշեջ ջոկատներին, իսկ մինչև 27 մետր երկարությամբ ավտոսանդուղքը՝ Կապանին։ «Ակնկալվում է 50 տոկոսով կրճատել ժամանակի ու ռեսուրսների ծախսը՝ հրդեհներից, վթարներից, տարերային աղետներից պաշտպանվելու և հետևանքները նվազագույնի հասցնելու համար։ Մեկ տարվա ընթացքում մեր ունեցած ավտոպարկը թարմացնելու ենք», - Կապանում հայտարարեց ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանը։  Ի դեպ, սա փրկարար ծառայության տնօրենի առաջին այցն էր մարզ։ Նա շրջայց կատարեց վարչությունում, ծանոթացավ տեխնիկական հագեցվածությանն ու աշխատանքային պայմաններին։

Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրամանատար Դավիթ Ասատրյանը, նոր ձեռքբերած մեքենան համեմատելով մինչ այդ ունեցածի հետ, նշեց, որ ներկայիս պայմաններում հինը արդեն պիտանի չէր շահագործման համար, ֆիզիկապես ու բարոյապես մաշվել էր, իսկ նորը բազմաֆունկցիոնալ է ու հեշտ կառավարվող։

Մարզային վարչությունը նաև համալրվել է փրկարարական «Նիսան» մակնիշի հատուկ կահավորված մեքենայով, որը նախատեսված է միայն փրկարարական աշխատանքի համար։ Վարչության պետը պարզաբանեց, որ հին «Զիլ-130» մեքենայով մարտական հաշվարկը լեռնային պայմաններում չի կարողանում գնալ 35-40կմ/ժամ-ից ավելի արագությամբ, իսկ ստացած «Նիսանը», որը նախատեսված է ՃՏՊ-ների համար, ցանկացած ժամանակ 70կմ/ժամ արագություն ապահովում է։ Մեքենան կահավորված է անհրաժեշտ կտրող, ծակող տեխնիկայով ու շատ հարմարավետ է։ Ստացվում է՝ ահազանգից հետո երկու անգամ կրճատվում է դեպքի վայր հասնելու ժամանակը։

Հին մեքենաները նախատեսվում է տրամադրել հեռավոր գյուղական համայնքներին՝ ժամանակավոր օգտագործման համար։ Տեղերում կստեղծվեն կամավոր հրշեջ խմբեր, որոնց հետ վարչության աշխատակիցները պարապմունքներ կանցկացնեն։ Այդ խմբերը մինչ մարզկենտրոնից օգնության հասնելը հարկ եղած դեպքում տեղերում հրդեհաշիջում կկազմակերպեն, հրդեհը չի տարածվի ու առավել մեծ տարածքներ չի ընդգրկի։ Բագրատ Զաքարյանի խոսքով՝ համայնքի ղեկավարների հետ արդեն բանակցում են։ Մեքենաների երկրորդ խմբաքանակն էլ օգոստոսի վերջին կամ սեպտեմբերի սկզբին տեղ կհասնի։ Երկու հրշեջ փրկարարական մեքենա կտրամադրվի Կապանին, մեկական՝ Գորիս, Սիսիան, Մեղրի և Քաջարան քաղաքներին։ Ընդհանուր առմամբ այս պահին մարզային փրկարարական վարչությունը 31 միավոր հրշեջ-փրկարարական տեխնիկա ունի։

Նելլի Միրզախանյան

15:00 15.05.2019

Ամենաշատ ընթերցվածները