ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սոցիալական աջակցությու՞ն, թե՞ «պարգևավճար»
16:00 17.05.2019

Սոցիալական աջակցությու՞ն, թե՞ «պարգևավճար»

Կառավարությունը 2018թ սեպտեմբերի 14-ի նիստում հավանություն տվեց օրենքի նախագծին, որով նախատեսվում է երկրորդ երեխայի ծննդյան կապակցությամբ պետության կողմից ընտանիքին հատկացվող սոցիալական աջակցության` երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը 50 հազար դրամի փոխարեն սահմանել 150 000 դրամ:

Ինչպես կառավարության նիստերի քննարկումների ընթացքում ասվեց, այս ամենը արվում է երկրում ծնելիության մակարդակը բարձրացնելու համար: Գուցեև գումարի 3 անգամ ավելացումը խոստումնալից է թվում, բայց եկեք տեսնենք, թե այդ 150 հազար դրամով ինչ կարող են անել մինչև մեկ տարեկան երեխայի համար: Որոշ հաշվարկներ ներկայացնելուց հետո պարզ կլինի, որ դա ոչ թե սոցիալական աջակցություն է, այլ «պարգևավճար» բալիկ ունենալու համար։

Արհեստական կաթով կերակրելը տարեկան արժենում է մոտ 800-900 հազար դրամ

Երիտասարդ մայրիկ Հեղինեի խոսքով՝ արհեստական կաթնախառնուրդով երեխային սկսել է կերակրել ծնված օրվանից: Մինչև մեկ տարեկանը միայն կաթնախառնուրդի համար ծախսել է 900 հազար դրամ: Իսկ Ռուզաննան նշում է, որ եթե մինչև մեկ ամսական 5-6 օր է հերիքում մեկ տուփ կաթնախառնուրդը, ապա երեխայի մեծանալուն զուգահեռ, բնականաբար, մեծանում է ուտելու չափաքանակը, և աստիճանաբար գալիս հասնում են նրան, որ օրումեջ են գնում խառնուրդը:

Փոքրիկ ուսումնասիրություն կատարելով՝ փորձեցինք ստանալ մոտավոր մի գումար, որը անհրաժեշտ է մինչև 1 տարեկան երեխայի խնամքի համար, այն է՝ արհեստական կերակրախառնուրդ, տակդիր, խնամքի պարագաներ (հագուստը չենք ներառել, քանի որ այն կարող է և նվերի տեսքով լինել):

Որևէ կերակրախառնուրդ չգովազդելու համար չենք նշի անվանումներ, բայց կասենք, որ դրանց գինը տատանվում է 3200-4800 դրամի սահմաններում և ավելի՝ կախված պարունակությունից, քաշից, երեխայի ամսականից: Նշենք, որ կերակրումը 30 գրամից սկսվում է, հետո աստիճանաբար ավելանում, 3-4 ժամը մեկ երեխան պետք է ուտի: Մեկ տարայի պարունակությունը 300-500 գրամ է հիմնականում: Արհեստական կաթով սնուցման դեպքում չորս ամսականից կարելի է սկսել հավելյալ սնունդ տալ։

Երիտասարդ մայրիկ Զարինեի խոսքով՝ կոնկրետ հաշվարկ չի արել, բայց շաբաթական մինչև 15 հազար դրամ էր ծախսում միայն կաթնախառնուրդի համար։ Եթե մեկ տուփը 3500 դրամից ենք հաշվում, ապա տարեկան ստացվում է 780 հազար դրամ։ Չնայած հավելյալ սննդին անցնելուն, միևնույն է, կաթնախառնուրդ տալիս են, մանավանդ, ինչպես Հեղինեն է փաստում, ատամները հանելու շրջանում երեխան հիմնականում միայն կաթ է ուտում։

Տակդիրների գինը նույնպես, ըստ ամսականի և ըստ արտադրողի, տարբեր է։ Եթե մեկ հատի գինը միջինը 100-130 դրամ է, ապա օրական մինչև 1 տարեկանի համար 4-5 հատ է գործածվում, իսկ նորածնային շրջանում՝ 5-6, ապա ամսական մինչև 18-25 հազար դրամ է ծախսվում, տարեկան 216 հազար դրամ, եթե ամսական 18 հազար դրամով հաշվենք:

Մանկական խնամքի պարագաները՝ յուղեր, օճառ, թաց անձեռոցիկ, լվացքի փոշի․ սրանք էլ բավականին թանկ հաճույք են, օրինակ՝ մանկական յուղը՝ 1800-2900 դրամ է, թաց անձեռոցիկը՝ 1000-1200, փոշի՝ 2000-3000, օճառ-300-500 և այլն՝ կախված ֆիրմայից և չափից։ Այստեղ տարեկան կտրվածքով գումար չենք կարող նշել, որովհետև անհատական է, և կոնկրետ չափ չկա:

Այնպես որ՝ եթե երեխայի միանվագ նպաստի բարձրացումով ծնելիության մակարդակի բարձրացման հարցը պետք է լուծվի, ապա խիստ կասկածելի է, որ նման ծախսատարության պայմաններում հազիվ թե այդ նպաստը որևէ դերակատարություն ունենա:

Կրծքով կաթի կերակրումը խրախուսելի է բոլոր առումներով

Ըստ առողջության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ ծննդաբերելու ունակ կանանց 95-98 տոկոսը ունակ է կրծքով կերակրելու:

Գիտնականները զանգվածային հետազոտություններ են անցկացրել և պարզել, որ նորածիններին բնական մայրական կաթով կերակրելուց հրաժարվելը մոլորակի տնտեսության համար տարեկան 300 մլրդ դոլար է արժենում։ «Կրծքով կերակրելու ավանդույթը տնտեսական իմաստ ունի ինչպես հարուստների, այնպես էլ աղքատների համար, և մեր ուսումնասիրությունները հաստատում են այդ փաստը։ Կրծքով կերակրելը բացառիկ ձևով օգնում է և՛ մորը, և՛ երեխային, սակայն իր երեխային ինքնուրույն կերակրող մայրերը բավական քիչ են, ու որոշ երկրներում այդ թիվը նաև նվազում է», - ասել է Պելոտոս քաղաքի (Բրազիլիա) Դաշնային համալսարանի գիտնական Սիզար Վիկտորը։ Վիկտորն ու նրա գործընկերները ցույց են տվել, որ մարդկությունը մանկական արհեստական կաթի ու չոր կերերի պատճառով մեծ գումարներ է կորցնում։

Ինչպես ցույց է տվել ուսումնասիրությունը, մայրական կաթից չոր կերի անցումը մի շարք բացասական հետևանքների է հանգեցնում՝ միջինը 3 կետով նվազում է երեխայի IQ-ն, ինչպես նաև մայրերի կրծքագեղձի ու ձվարանների քաղցկեղի առաջացման պատճառ է դառնում, իսկ նորածնի մոտ կարող են ի հայտ գալ շնչառական ինֆեկցիաներ ու մարսողության խնդիրներ։ Կրծքով կերակրելու դեպքում աղիքային վարակների հավանականությունը փոքրանում է, խիստ նվազում է երեխայի մահվան հավանականությունը, ինչպես նաև ավելի հեշտ ու հարմար է։

Մեր մասնագետները բազմիցս հայտարարել են, որ կրծքով կերակրումը Հայաստանում տարեկան 60 երեխայի կյանք կփրկի, իսկ աշխարհում 2 միլիոնով ավելի քիչ երեխա կմահանա:

Ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանում կրծքով կերակրման ցուցանիշը 1990թ. կազմել է 57%, այնուհետեւ 1990-1994թթ. կտրուկ անկում է ապրել՝ 1994թ. կազմելով ընդամենը 20%: Իսկ ըստ Ժողովրդագրության և առողջության հարցերի հետազոտության (2015-2016թ.) արդյունքների՝ Հայաստանում բացառապես կրծքով կերակրվում է մինչև վեց ամսական երեխաների 45 տոկոսը, որը բարձր է նախորդ՝ 2010թ. հետազոտության արդյունքից (34.6 տոկոս): Չնայած վերջին տասնամյակում գրանցվել է դրական միտում (2000թ.՝ 30 տոկոս, 2005թ.՝ 32.5 տոկոս, 2010թ.՝ 34.6 տոկոս), հայաստանյան ցուցանիշը դեռ չի հատել միջազգայնորեն ընդունված 60 տոկոսի շեմը:
Ի դեպ, մասնագետների խոսքով՝ Սպիտակի երկրաշարժից հետո է սկսել նվազել կրծքով կերակրումը՝ պայմանավորված տարբեր երկրներից բերված կաթնախառնուրդներով։

Ըստ բժշկուհի Գայանեի՝ կրծքով կերակրումը նորից սկսել է նվազման միտում արձանագրել, որի պատճառներից մեկը մոդային տուրք տալն է։ Քանի որ անչափելի է կրծքով կերակրումը, ուստի մայրիկները, առաջնորդվելով երեխայի լացով, սկսում են կաթնախառնուրդով կերակրել, ինչը նպաստում է, որ երեխան աստիճանաբար հրաժարվի կրծքով կերակրումից։ Ըստ զրուցակցիս՝ իրենք ամեն հնարավորը անում են, որ կինը կերակրի երեխային կրծքով, ինչ և՛ առողջարար է, և՛ ֆինանսական տեսանկյունից մի քանի անգամ ավելի շահավետ: Իսկ թե որ ընկերության կաթնախառնուրդ գնել, բժիշկները նշանակում են ըստ ցանկության՝ հաշվի առնելով փորձը, ինչպես նաև երեխայի աղիքային խնդիր ունենալ-չունենալը։ Դրանք բոլորը գրեթե նույն պարունակությունն ունեն։

Կրծքով կերակրման հակացուցումներ, իհարկե, կան, բայց շատ քիչ դեպքերում, երբ մայրը հիվանդ է ՁԻԱՀ-ով, ակտիվ տուբերկուլյոզով, հոգեկան խանգարումներ ունի, ուռուցքով հիվանդ է և համապատասխան դեղորայք է ընդունում: Մնացած դեպքերում, հիմնականում, կինը կարող է կերակրել կրծքով:

Նշենք, որ կաթնախառնուրդների օգտակարության և վնասակարության հարցում մասնագետները տարակարծիք են, բայց այն, որ բնության տվածը երկրորդական պլան մղել չի կարելի, շատերը կփաստեն: Իսկ այն մայրիկները, ովքեր առաջնեկին արհեստական կեր են տվել, երկրորդի դեպքում ձգտում են անպայման կերակրել կրծքով։

Արմինե Հարությունյան

16:00 17.05.2019

Ամենաշատ ընթերցվածները