ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Սեզոնային ալերգիաներ
15:00 18.05.2019

Սեզոնային ալերգիաներ

Բնության ծաղկունքը շատերի մեջ դրական էմոցիաներ և տրամադրության բարձրացում է առաջացնում, իսկ մի մասի համար դառնում է անտանելի՝ սեզոնային ալերգիաների պատճառով, որոնք հիմնականում սրանում են փոշոտման շրջանում։ Թեև ալերգիաների բուռն շրջանը սկսվում է գարնանը, սակայն ամռանը` տաք և արևոտ օրերի սկսվելուն պես, բազմաթիվ մարդկանց մոտ ևս նկատվում են ալերգիկ նշաններ։ Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, տարածված են սեզոնային ալերգիաները, որոնց դեպքերի թիվը տարեցտարի ավելանում է։ Այստեղ սեզոնային ալերգիան հիմնականում առաջանում է ոչ միայն ծառերի ծաղկման հետևանքով, այլև վերջին տարիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ ավելի շատ տարածված է խոտաբույսերի ծաղկման հետևանքով առաջացող ալերգիան։ Բերանում չորություն, քթի փակվածություն և քոր, աչքերի արցունքակալում. սրանք են գարնանային ալերգիայի ախտանիշները, որոնք կարելի է նաև շփոթել ընդհանուր մրսածության հետ, թեև դրանք ունեն բոլորովին տարբեր պատճառներ:

Ալերգիան հիվանդություն չի համարվում, այն օրգանիզմի ռեակցիան է սովորական երևույթներին։

Գարնանային այս ալերգիան՝ ալերգիկ ռինիտը, դրսևորվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ, քթի, ականջների և աչքերի մեջ՝ քորով: Ալերգիկ ռինիտը պարտադիր պետք է հսկողության ներքո պահել, քանի որ կարող է ծանր բարդություններ առաջացնել, ինչպես օրինակ՝ ալերգիկ ասթմա։  Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ընդհանուր 500 մլն մարդ: Հայաստանում ստույգ վիճակագրական տվյալներ չկան, սակայն կլինիկական փորձով կարելի է ասել, որ հիվանդացությունն աճում է:

Սեզոնային ալերգիայի՝ ալերգիկ ռինիտի հիմնական ախտանիշներն են շնչելու դժվարությունը, քորի երկարատև նոպաները: Բժիշկ Աշոտ Հովհաննիսյանը վտանգավոր է համարում ոչ թե ինքնին ռինիտը, այլ դրա հնարավոր բարդությունները՝ պոլիպոզ սինուսիտը և ասթման: «Սեզոնային ալերգիկ ռեակցիաները առաջանում են մոտավորապես ապրիլ-մայիս ընկած ժամանակահատվածում ծառերի փոշուց՝ շարունակվելով մինչև հուլիսի կեսը։ Հետո հերթը հասնում է ծաղիկներից ալերգիա ունեցողներին, իսկ այս շրջանը կարող է շարունակվել մինչ առաջին ձյունը: Օդում ալերգենների առկայությունը կախված չէ տարվա եղանակից, այլ ավելի շատ՝ ծաղկունքի սեզոնից: Քանի որ ծաղկափոշիների կոնցենտրատները օդի մեջ առավել շատ են լինում առավոտյան, այդ պատճառով ալերգիան ավելի շատ զգալ է տալիս առավոտյան ժամերին», - ասում է բժիշկը՝ հավելելով, որ ալերգիայի նշանները ու պարբերականությունը նկատելուց հետո անպայման պետք է դիմել բժշկի ու պարզել ալերգիայի պատճառը։ Ինչքան շուտ դիմեք մասնագետին, այնքան բուժվելու հնարավորությունը մեծ է: Դա խրոնիկ հիվանդություն է, ու ալերգիա ունեցող մարդը պետք է գտնվի բժշկի վերահսկողության տակ։

«Ալերգիայի դեղորայքային բուժման կիրառվող միջոցներից մեկը՝ հակահիստամինային դեղերը եւ ստերոիդ սփրեյները, ուղղված են հիվանդության հետևանքների, այլ ոչ թե պատճառների վերացմանը: Սակայն աշխարհում, նաև Հայաստանում, այսօր արդեն հասանելի է, այսպես կոչված, ալերգեն–սպեցիֆիկ իմունոթերապիան, որն ուղղված է կոնկրետ ալերգենի նկատմամբ իմունիտետ մշակելուն: Սա երկարատև բուժում է, սակայն ավելի նախընտրելի տարբերակ է, որը երկարատև ռեմիսիայի կամ լիակատար բուժման է բերում: Ալերգիաներից պաշտպանվել մի քիչ դժվար է, քանի որ մեզանից կախված չէ վերահսկել ծաղկափոշու մակարդակը, ուղղակի պետք է ճշտել՝ ինչի նկատմամբ ունեք ալերգիա և որոշել սեզոնայնությունը, որի ընթացքում ստանալ համապատասխան բուժում: Սեզոնն ավարտվելուց հետո էլ կարելի է սկսել կոնկրետ ալերգենի դեմ ուղղված բուժում, որը կոչվում է ալերգիկ վակցինացիա։

Ալերգիաներից խուսափելու համար բժիշկը խորհուրդ է տալիս վարել առողջ ապրելակերպ, իսկ մայրերին կոչ է անում` երեխաներին կերակրել կրծքով, քանի որ վերջինս միակ ապացուցված եղանակն է, որը ինչ-որ չափով նվազեցնում է ալերգիայի ձեռքբերումը։

Սոնա Օհանջանյան

15:00 18.05.2019

Ամենաշատ ընթերցվածները