ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արտթերապիա․ այն, ինչ անհնար է ասել բառերով
15:00 19.05.2019

Արտթերապիա․ այն, ինչ անհնար է ասել բառերով

Արվեստաբուժությունը (արտթերապիա) շտկում և վերականգնում է մարդու հոգեկան ներաշխարհը արվեստի միջոցով:

Արվեստաբուժության նկատմամբ վերջին տարիներին աճող հետաքրքրությունը կարելի է բացատրել նրանով, որ մարդը ձգտում է ներդաշնակության և հոլիստիկ առողջության ուղիներ գտնում՝ ավելի բնական և համալիր ձևով կարևորելով մարմինը, հոգին և ոգին, դրանց ներդաշնակ զարգացումն ու խնամքի ապահովումը: Արդի ժամանակներում, երբ կրթության կազմակերպման հիմքում դրվում է երեխայի առողջապահպանության հարցը, արվեստաբուժությունը դիտարկվում է իբրև այլընտրանքային մանկավարժական տեխնոլոգիա, որը նպատակ ունի օգնելու մանկավարժին՝ գտնել մանկավարժական յուրահատուկ լուծումներ երեխայի սոցիալականացման գործընթացի ակտիվ իրականացման հարցում։ Հատկապես զարգացման խնդիրներ ունեցող երեխաների սոցիալականացման խոչընդոտները հաղթահարելի դարձնելուն միտված մանկավարժական աշխատանքում, որն իրականացնում է սոցիալական մանկավարժը։ Այն կունենա իր էական դերակատարությունը, դրական արդյունքը,  եթե ուսումնասիրվեն և ընտրվեն արվեստաբուժության մեթոդներ կամ տեխնոլոգիաներ երեխայի անհատական առանձնահատկություններին, ունեցած կարիքին, զարգացման խնդրին համապատասխան: Ինպես նշում է սոցիալական մանկավարժ Մարիամ Փիլիպոսյանը՝ յուրաքանչյուր մարդ ունի իր առանձնահատկությունները, և դրանց ուսումնասիրությունը հենց այն ճանապարհն է, որը տանում է դեպի հոգեկանի խորքերը: «Նկարելով, ծեփելով կամ գրական ձևով նկարագրելով պրոբլեմը, տրամադրությունը՝ մարդը կարծես թե ծածկագրված ուղերձ է ստանում իր ենթագիտակցականից: Բազմաթիվ խնդիրներ մարդը կարողանում է իր սեփական ուժերով լուծել, ինքն իր հոգեբանը դառնալ, գնահատել իր հոգեկան վիճակները, հույզերի դրսևորումները և համապատասխան ձևով կառավարել սեփական վարքը: Արտթերապիայի նպատակն է նպաստել մտածողության, երևակայության, ուշադրության և ստեղծագործական, ճանաչողական հմտությունների զարգացմանը։ Ինչպես նաև հասկանալ ինքդ քեզ, ազատվել կուտակված բացասական էներգիայից, բացահայտել մարդու ենթագիտակցական ներուժը, զարգացնել և հարստացնել հոգեկան աշխարհը», - ասում է մասնագետը։

Արտթերապիան պարզապես անփոխարինելի է դառնում այն դեպքերում, երբ խոսքերն անզոր և անցանկալի են հույզերն ու ապրումներն արտահայտելու համար: Այն մեղմ և միևնույն ժամանակ խորքային մեթոդ է, աշխատում է տարբեր խնդիրների հետ՝ հոգեսոմատիկ տրավմաներ, օգնում դուրս գալ սթրեսից, դեպրեսիայից, նպաստում վարքի փոփոխմանը, աշխատում վախերի, խորքային, ենթագիտակցական խնդիրների հետ: Արտթերապիան ցուցված է բոլորին, աշխատում է տարիքային և սոցիալական տարբեր խմբերի հետ:

Արտթերապիայի մեթոդներից մեկն էլ մանդալաթերապիան է։  Մարիամ Փիլիպոսյանի խոսքով՝ սոցիալական մանկավարժը կարող է իր մոտ ունենալ տարբեր մանդալաներ, որոնք տալիս է երեխաներին,  որպեսզի նրանք գունավորեն, նույնիսկ կարելի է օգտագործել այն ժամանակ, երբ չկան խնդիրներ, այլ պարզապես ժամանցը ճիշտ կազմակերպելու համար: «Սակայն որոշ ժամանակ մենք մեզ մոտ հավաքված նկարների, գույների, սիմվոլների հիման վրա կարող ենք որոշել, թե երեխայի մոտ ինչպիսի փոփոխություններ են գրանցվել։ Կան նաև երաժշտաթերապիա, հեքիաթաթերապիա և մի շարք այլ մեթոդներ», - ասում է մասնագետը։

Արտթերապևտիկ պարապմունքները կարող են անցկացվել տարբեր իրավիճակներում ու տարբեր պայմաններում:

Սոնա Օհանջանյան

Խորագիրը՝ Հոգեբանական

15:00 19.05.2019

Ամենաշատ ընթերցվածները