ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Թ․Վուլֆ․ «Երկրի ոստայնը»
17:00 19.05.2019

Թ․Վուլֆ․ «Երկրի ոստայնը»

Հեռվում ապրող որդուն տեսության գնացած մոր մենախոսությունն է սա։ Կարծես ասացող է, որի տագնապն ու խռովքը, հույսն ու լավատեսությունը չեն կարող ոչ ոքի անտարբեր թողնել։ Ամերիկյան գրականության հսկան՝ Թումաս Վուլֆը, «Երկրի ոստայնը» վիպակում ներկայացնում է մի կնոջ կերպար, առանց որի դժվար է պատկերացնել գյուղը, երկիրը, մարդկությունը։

Ամերիկյան իրականություն է, ամերիկյան գյուղ։ Պատմողը՝ Էլայզան, լավ գիտի իր արմատները։ Պապը թաղիքից այնպիսի գլխարկներ էր կարում, որոնց նմանը չկար։ Հայրը ո՛չ խմում էր, ո՛չ էլ թույլ էր տալիս, որ իր տունը հարբած մարդ ոտք դնի։ Մինչդեռ ամուսնացել էր մի մարդու հետ, որ ժամանակ առ ժամանակ իրեն խմիչքի էր տալիս։ Ծանր օրեր է քաշել նրան խելքի բերելու համար։ Իրենից առաջ երեք կին էր առել ամուսինը, իսկ ինքն այդ մասին իմացել է ավելի ուշ, երբ արդեն երեխա ուներ։ Իմանար՝ չէր ամուսնանա․ «Էն ժամանակ ամուսնացած-բաժանված մարդ առնելը ամոթ-խայտառակություն էր, իսկ մարդաթող կինն ու դուրս ընկածը մի հաշիվ էին»։

Բայց միայն վատը չէ, որ տեսնում էր ամուսնու մեջ։ Չորս տղամարդու ուժ ուներ։ Գլուխը կախ՝ արհեստանոցում իր գործն էր անում․ քար էր տաշում ու տուն պահում․ «Հիմի բերանս չի բռնում մի վատ խոսք ասեմ նրա մասին։ Տարօրինակ մարդ էր, բայց նրա կողքին ոչ մրսում էիր, ոչ սոված մնում, բոլորս կուշտ ու կուռ ապրում էինք։ Որ հիշում եմ․․․ Էնքան վաղուց էր, սիրտս ուզում է մի լավ, շատ լավ բան ասեմ նրա մասին, բայց չգիտեմ, թե ինչ»։

Գյուղացի կնոջ մենախոսության մեջ միայն ընտանիքի պատմությունը չէ, որ հաստատուն տեղ է գրավում։ Գյուղում կատարվում են դեպքեր, որոնց հանդեպ նա չի կարող անտարբեր մնալ։ Երկու մարդասպաններ անմեղ մարդկանց արյուն են թափել առանց լուրջ պատճառի։ Նրանց բռնել են ու պիտի կախեն։ Կախաղան բարձրացնողն էլ նրանց քսան տարվա ընկերը պիտի լինի՝ ոստիկան Դոկ Հենզլին, որ նույնպես քիչ արյուն չէր թափել։ Տասնութ մարդ է սպանել ու միշտ ջրից չոր դուրս եկել։ Հիմա էլ փորձում էր ապացուցել Էլայզայի ամուսնուն, թե ինչու հենց ինքը պիտի կախի մոտ ընկերներին․ «Նրանց համար ավելի լավ է ես անեմ էդ բանը, քան օտար մարդ, - ասել էր Հենզլին։ - Դա ճիշտ է, - համաձայնել էր հայրդ, - բայց ինձ թվում էր՝ խիղճդ կտանջի, ախր դրանից հետո ո՞նց ես գիշերները քնելու»։

Իսկ Էլայզան վաղուց էր խուսափում ոստիկանից։ Այն օրվանից, երբ նա իրենց ճաշի էր հրավիրել․ «Էսպես բան ո՞վ էր տեսել, Աստված, ճաշի սեղանի ուղիղ մեջտեղը գանգ էր դրել, - էդ էն նեգրի գանգն է, - բացատրում էր մեզ, - որ մի կրակոցով սպանել են»։ Մայրը որդուն տեղեկացնում է, ի դեպ, որ այդ ոստիկանը վերջում ինքնասպան է եղել։

Իսկ երկու մարդասպաններին չկախեցին։ Ահագին փող էին ծախսել, սրան-նրան կաշառել ու բանտից փախել։ Բոլորն անհանգիստ էին․ հանկարծ նոր արյուն չթափվի։ Ահա այդ մարդասպաններից մեկը՝ Էդ Միրզը, գիշերվա կեսին հայտնվում է Էլայզայի տանը՝ վստահ, որ նա իրեն ոստիկանությանը չի հանձնի։ Եկել է մի խնդրանքով․ ճանապարհն անցնելու է լեռներով, իսկ ինքը հագին կոշիկ չունի։ Էլայզան նրան է տալիս ամուսնու համար գնած կոշիկներն ու հրաժարվում մարդասպանի առաջարկած փողից․ արյունոտ է։ Տեսարանն առավել քան անսովոր է․ «Հիմի էդ կոշիկները հագին՝ բռնել է ձեռքս ու լաց է լինում, երևի մարդասպանի մեջ էլ մեկ-մեկ զգացմունք ու խիղճ է մնում»։ Մարդասպանը չգիտի, թե ինչպես է լավության տակից դուրս գալու։ Իսկ մարդասպանի մեջ մարդուն արթնացրած Էլայզան գիտի։ Ձեռքից վերցնում է ատրճանակն ու իրեն հատուկ խստությամբ պատվիրում․ «Ինչքան արյուն թափել ես՝ հերիք է։ Մեկ էլ չլսեմ, որ քո ձեռքից մարդ է տուժել։ Որ քեզ բռնեն էլ, սրանից օգուտ չկա»։ Իսկ մարդասպանը հեռանում է՝ խոստանալով ուրիշ կյանք սկսել։

Գյուղացի կին է, բայց աշխարհից կտրված չէ։ Երկրում ինչ-որ կատարվում է, տեղյակ է։ Ինքն էլ է փորձել ինչ-որ քայլեր անել հարստանալու համար, բայց չի հաջողվել։ Գուցե «Նյու Յորքի ջհուդներն» էին պատճառը։ Խաբողներ՝ ինչքան ասես․ «Էդքան երեխա եմ բերել, ութը դուք, մի էդքան էլ մահացավ՝ չմնացին, դրանց մասին դու չգիտես։ Իմ քաշածին ոչ մի ուրիշ կնիկ չէր դիմանա»։

Ոչինչ, որ մեկ-մեկ էլ ասում է՝ ի՞նչ էի պատմում, հա՛, ու շարունակում պատմությունը։ Հիշողության պակաս չէ: Ասելիքի շատությունից է՝ առանց հիշողության ասացողը ասացող չէ։ Էլայզան պայծառ հիշողություն ունի։ Չնայած գլխին եկածին՝ չի կորցրել լավատեսությունը․ «Քո մայրը, տղա՛ս, հողի ուժ ունի մեջը»։ Դրա համար է յոթանասունն անց սերնդակցին հուսադրում։ Նորից սկսելու համար երբեք ուշ չէ։ Եթե նեղն ընկնի, ու փողը հատնի, հոգ չէ։ Մի տեղ նեղ օրվա համար հող ունի պահած։ Ինքն էլ ինչ ցանում է, բերք է տալիս։ Կգնան, վար ու ցանք կանեն․ «Ամուր, երկու ոտքով կկանգնենք հողին ու կփրկվենք։ Հողը տիրոջը չի ուրանում»։

Ասացողը հեքիաթ կամ դյուցազնավեպ կպատմի։ Իսկ մայրը դժվարին կյանքի պատմությունն է հյուսում, ինչպես հյուսում են ոստայնը, երկրի ոստայնը։ Հենց ինքն էլ երկրի ոստայն է։ Ցանկացած երկիր՝ Ամերիկա, Իսպանիա կամ Հայաստան, այսպիսի մարդկանցով է երկիր դառնում։ Աշխարհը Վուլֆի կերտած այս կերպարի կարիքը շատ ունի։

Արթուր Իսրայելյան        

17:00 19.05.2019

Ամենաշատ ընթերցվածները