ԱՎԵԼԻՆ

Տնտեսական

Հայաստանը թվային տեխնոլոգիաների ոլորտում խորացնում է համագործակցությունը գերմանական առաջատար ընկերության հետ
18:00 18.05.2019

Հայաստանը թվային տեխնոլոգիաների ոլորտում խորացնում է համագործակցությունը գերմանական առաջատար ընկերության հետ

Լինել ստեղծարար ու մշակել նոր տեխնոլոգիաներ, որոնք ավելի կհեշտացնեն մարդկանց կյանքն ու կբարելավեն կյանքի որակը. այս սկզբունքն է դրված գերմանական հեղինակավոր «Ֆրաունհոֆեր» ընկերության գործունեության ակունքներում: 70 տարվա պատմություն ունեցող հետազոտական այս ընկերությունը տարիների ընթացքում կատարելագործել է իր գործելաոճը և ընդլայնել գործունեության աշխարհագրությունը: Վերջին տարիներին այն համագործակցության ծրագրեր է իրականացնում նաև Հայաստանի հետ:

«Ֆրաունհոֆեր» ընկերության մասին

Գերմանական «Ֆրաունհոֆեր» ընկերությունը Եվրոպայի խոշորագույն կիրառական հետազոտական կազմակերպությունն է: Այն Գերմանիայում ունի 72 ինստիտուտ և հետազոտական մարմին: Ընկերության ավելի քան 26 հազար աշխատողների գերակշիռ մեծամասնությունը որակավորված գիտնականներ ու ինժեներներ են: Կազմակերպությունը հետազոտություններ է իրականացնում ամենատարբեր ուղղություններով ու ոլորտներով, մասնավորապես՝ տեղեկատվական, թվային, լազերային տեխնոլոգիաներ, անվտանգության, էներգետիկ, հաղորդակցման համակարգեր, առողջապահություն, միկրոէլեկտրոնիկա, սննդի անվտանգություն ու վերամշակում, շրջակա միջավայրի պահպանություն և այլն:

Ընկերությունն ունի տարեկան 2.6 մլրդ եվրոյի դրամական շրջանառություն: Ընդ որում, 2.2 մլրդ եվրոն գոյանում է համալսարանական, միջազգային ու կորպորատիվ կազմակերպությունների հետ կնքված պայմանագրային հետազոտություններից: «Ֆրաունհոֆեր»-ի հետ գործակցում են ինչպես արտադրական ընկերություններն ու ծառայության ոլորտի ներկայացուցիչները, այնպես էլ պետական մարմինները:

Կազմակերպությունը  համագործակցության ծրագրեր է իրականացնում ողջ աշխարհում հայտնի հետազոտական ու նորարարական լուծումներով աչքի ընկնող ընկերությունների հետ:

Ընկերության ղեկավարները նշում են, որ իրենց հետազոտողների ու ծրագրավորողների կողմից իրականացվող աշխատանքները հսկայական ազդեցություն են ունենում մարդկանց կյանքի որակի բարելավման վրա, բարելավում են մեթոդներն ու տեխնոլոգիաները, բացում են նոր հեռանկարներ՝ կերտելով ավելի պայծառ ապագա:

Հայաստանը համագործակցում է գերմանական ընկերության հետ

Հայաստանի ու գերմանական ընկերության համագործակցությունը մեկնարկել էր դեռևս 2016 թվականին: Համագործակցության սկիզբը դրվել էր Մատենադարանի՝ հնագույն և միջնադարյան ձեռագրերի թվայնացման և վիրտուալ վերականգնման ծրագրի շրջանակում. «Ֆրաունհոֆեր»-ն օգնել էր իրականացնել 13-14-րդ դարերի «Նարեկ» աղոթագրքի ձեռագրի թվայնացումն ու վերականգնումը: Պատմական մեծ արժեք ունեցող այս ձեռագիրը պատառոտված և բավականին վատ վիճակում էր, որոշ էջեր առհասարակ բացակայում էին: Ընկերության յուրօրինակ տեխնոլոգիայի միջոցով իրականացվել էր ձեռագրի էջերի, պատառիկների թվայնացումն ու վիրտուալ վերականգումը:

Առաջին հաջողված համագործակցությունը խիստ կարևոր էր մի քանի պատճառով: Նախ, թվային վերականգնումը առաջին քայլն էր ձեռագրի ֆիզիկական վերականգնման ուղղությամբ: Բացի այդ, նման տեխնոլոգիաների օգտագործումն անկյունաքարային է ոչնչացման եզրին գտնվող և կորսված համարվող ձեռագրերը վերականգնելու, ինչպես նաև մշակութային ժառանգություն համարվող արժեքները հաջորդ սերունդներին փոխանցելու տեսանկյունից:

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի այցը «Ֆրաունհոֆեր»

Կարևորելով Հայաստանի տեխնոլոգիական զարգացումը՝ նախագահ Արմեն Սարգսյանը տարբեր այցերի ու միջոցառումների ժամանակ մշտապես շեշտադրել է իր մոտեցումն առ այն, որ 21-րդ դարի հիմնական շարժիչ ուժերից են լինելու թվային ու տեղեկատվական տեխնոլոգիաները, և Հայաստանն այս առումով մեծ ներուժ ունի: Պատահական չէ, որ նա սիրով ու մեծ պատրաստակամությամբ ընդունել էր Երևանում գտնվող Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի առաջարկը՝ այցելել «Ֆրաունհոֆեր» ու հանդիպել ընկերության ներկայացուցիչների հետ: Առաջարկը ստանալուց կարճ ժամանակ անց՝ 2018 թվականի նոյեմբերին Գերմանիա կատարած պաշտոնական այցի շրջանակում Արմեն Սարգսյանի պատվիրակությունն այցելել էր «Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտ (Fraunhofer IPK), որը մասնագիտացած է արտադրական գործընթացների ողջ սպեկտրի համար տեխնոլոգիական նորարար լուծումների մշակման ոլորտում:

 

Ինստիտուտի ղեկավար կազմի մասնակցությամբ հանդիպման ժամանակ նախագահին ներկայացվել էին հաստատության գործունեության ուղղությունները, քննարկվել Հայաստանի հետ համագործակցության հետագա հնարավորությունները։

Հանդիպման ավարտին նախագահը նշել էր. «Կան նախնական պայմանավորվածություններ, որոնք մեզ տանելու են դեպի նոր համագործակցություն: Եվ այդ համագործակցության ոլորտը միայն Մատենադարանը չէ: Խոսքը մեծ, ինդուստրիալ համագործակցության մասին է»:

«Ֆրաունհոֆեր» արտադրական համակարգերի և նախագծային տեխնոլոգիաների ինստիտուտի տնօրեն Էքարթ Ուհլմանը ևս նախագահի հետ քննարկումն արդյունավետ էր որակել: «Մենք արդեն ունենք նախագիծ վնասված պատմական փաստաթղթերի վերականգնման վերաբերյալ, սակայն դա միայն սկիզբն է: Կա լավ հնարավորություն համագործակցելու նաև Հայաստանի հետ: Մենք ցանկանում ենք բացել ներուժը՝ զարգացնելով նոր տեխնոլոգիաներն ավտոմատացման գործընթացների համար: Հատկապես ակնկալում ենք ձեր շատ փորձառու մասնագետների հետ համագործակցել արհեստական բանականության ոլորտում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  նշել էր նա:

Պայմանավորվածություններից դեպի գործնական քայլեր

Արմեն Սարգսյանի հրավերով 2019 թվականի մայիսին գերմանական «Ֆրաունհոֆեր»-ի պատվիրակությունն արդեն Հայաստանում էր: Այցի նպատակը մեկն էր՝ ուսումնասիրել հայաստանյան դաշտն ու դրա արդյունքում նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները վերածել շոշափելի արդյունքների:

Կազմակերպության նախագահության անդամ, Եվրոպական քաղաքականության և բիզնես զարգացման հարցերով տնօրեն, դոկտոր Յենս-Գյունտեր Նոյգեբաուերի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում գտնվելու օրերին հանդիպումներ ունեցավ նախագահ Արմեն Սարգսյանի, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանի, ՏՏ ոլորտի առաջատար հայկական ընկերությունների, հետազոտական և կրթական կենտրոնների ներկայացուցիչների հետ:

 

Լրագրողների հետ հանդիպմանը Նոյգեբաուերը նշել էր. «Հետաքրքիր հանդիպումներ, ծանոթություններ են լինում, սակայն դեռ վաղ է հստակ որոշումների մասին խոսելը: Ես վստահ եմ, որ մենք կգտնենք համագործակցության կոնկրետ ուղղություններ: Շատ տպավորիչ է տեսնելը, թե Հայաստանն ինչպես է հոգ տանում երիտասարդների հանդեպ, հնարավորություններ ստեղծում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին մոտ լինելու համար»:

Պատվիրակության անդամները Հայաստանից հեռացան տպավորված՝ նոր գաղափարներով ու ծրագրերով: Խոստացան առաջիկայում այցի արդյունքներն ամփոփել արդեն հստակ նախագծերի առաջարկներով ու համագործակցության նոր գաղափարներով: Նրանք համոզմունք հայտնեցին, որ մասնավորապես ավտոմատացման, արհեստական բանականության, տեխնոլոգիական նոր լուծումներ գտնելու ոլորտում Հայաստանն ու «Ֆրաունհոֆեր»-ը մեծ անելիքներ ունեն առջևում:

Աղբյուրը՝ «Արմենպրես»

18:00 18.05.2019

Ամենաշատ ընթերցվածները