ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել
13:30 20.05.2019

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից. Գարեգին Բ-ն ուղերձ է հղել

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ուղերձ է հղել  Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակի  կապակցությամբ՝ քաղաքացիներին կոչ անելով  ցուցաբերել հանդարտություն և զերծ մնալ բռնություններից:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` կաթողիկոսի ուղերձը հրապարակել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը:

«Սիրելի հավատավոր զավակներ մեր, 

Խորը մտահոգությամբ ենք հետևում անցնող մի քանի ժամերին Հայաստանի Հանրապետությունում ստեղծված իրավիճակին:

Մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրինահարգության ամրապնդման ուղղությամբ արձանագրված հաջողությունները հնարավոր է պահպանել ու զորացնել միայն եղբայրության և սիրո ոգու ամրապնդմամբ:

Կոչ ենք ուղղում մեր ժողովրդի բոլոր զավակներին` ցուցաբերել հանդարտություն, զերծ մնալ բռնություններից, խաղաղությամբ, ազգային միասնության ոգով և միմյանց նկատմամբ սիրով առլեցուն ներդնելու բոլոր ջանքերը` հաղթահարելու համար մեր առջև ծառացած մարտահրավերները:

Մենք հավատում ենք, սիրելի՛ զավակներ մեր, ձեր ողջախոհությանը և հայրենիքի ապագայի հանդեպ ձեր պատասխանատվության բարձր գիտակցությանը:

Հայրապետիս աղոթքն է, որպեսզի օրհնյալ մեր երկրի մեջ փոխըմբռնման և համերաշխության միջոցով, Տիրոջ օգնականությամբ լուծվեն առկա բոլոր տարաձայնություններն ու հակառակությունները:

Երկնառաք օրհնություն և աստվածային իմաստություն ամենքիս»,- գրված է ուղերձում:

Աղբյուր՝ Արմենպրես

13:30 20.05.2019

Ամենաշատ ընթերցվածները