ԱՎԵԼԻՆ

Հասարակական

ԵԱՏՄ-ն ուսանողների հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի, քանի որ առկա է որակյալ մասնագետների կարիք
18:00 20.05.2019

ԵԱՏՄ-ն ուսանողների հետ կապված հավակնոտ ծրագրեր ունի, քանի որ առկա է որակյալ մասնագետների կարիք

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ի, Եվրասիական փորձագիտական ակումբի ներկայացուցիչները, կարևորելով ուսանողների՝ որպես ապագա պրոֆեսիոնալների դերը հետագայում եվրասիական ինտեգրման գործընթացներում, դասախոսությամբ բարձրացրին ԵՊՀ ուսանողների տեղեկացվածության մակարդակը միության վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «ԵԱՏՄ հնգամյակը եւ ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության տարին, Եվրասիական տնտեսական ինտեգրման իրողությունները, հաջողությունները եւ հեռանկարները» թեմայով դասախոսությունը կայացավ մայիսի 20-ին Երևանի պետական համալսարանում:

«Այս տարին հոբելյանական է, նշում ենք ԵԱՏՄ ստեղծման 5-ամյակը: Եվ միջոցառումների հստակ ծրագիր ունենք՝ այդ թվում նաև եվրասիական տնտեսական հանձնաժողովի ներկայացուցիչների հանդիպում տարբեր երկրների համալսարանների ներկայացուցիչների հետ: Դասախոսության նպատակը ուսանողների տեղեկացվածության բարձրացումն էր՝ հաշվի առնելով նաև ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուղղվածությունը»,-ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրացիայի զարգացման դեպարտամենտի պետի տեղակալ Գոհար Բարսեղյանն ու կարևորեց ԵԱՏՄ պատմության, օրակարգային հարցերի, ապագայի տեսլականի ներկայացումն ուսանողներին:

Այս տարի Հայաստանն է նախագահում եվրասիական տնտեսական հանձնաժողովի բարձրագույն մարմիններում: Եվ Բարսեղյանն այս տեսանկյունից շատ կարևորեց իրազեկվածության բարձրացումը: Ուսանողների հետ կապված բավականին հավակնոտ ծրագրեր ունեն, քանի որ ունեն որակյալ, պրոֆեսիոնալ մասնագետների կարիք, ովքեր հետագայում համարձակություն պիտի ունենան ստանձնելու եվրասիական ինտեգրման գործընթացների ողջ բեռը:

Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող Արամ Սաֆարյանն իր ելույթում մեծապես կարևորեց եվրասիական տնտեսական ինտեգրումը: «Ինտեգրումը Հայաստանի համար կարևոր նշանակություն ունի, և օգուտներ խոստացող ուղղություն է, որովհետև վերջին մի քանի տարիների պատմությունը հիմք է տալիս նման պնդում կատարելու»,-նշեց Սաֆարյանը:

Հրապարակային դասախոսությունը կազմակերպել էին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, «Ինտեգրացիա եւ զարգացում» ՀԿ-ն եւ Եվրասիական փորձագիտական ակումբը:

Հայաստանը Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ է դարձել 2015թվականի հունվարի 2-ից: Համապատասխան պայմանագիրը կնքվել էր 2014 թվականի հոկտեմբերի 10-ին, Մինսկում Բարձրագույն եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ: Եվրասիական տնտեսական միության ստեղծման պայմանագիրը գործողության ուժ է ստացել 2015 թ.հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը:

Աղբյուր՝ Արմենպրես

18:00 20.05.2019

Ամենաշատ ընթերցվածները