ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Արցախի Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականը
19:00 20.05.2019

Արցախի Խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախորդ տարվա բյուջեի կատարողականը

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի  ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Արցախի Հանրապետության ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանն ԱԺ մշտական հանձնաժողովներին և խմբակցություններին է ներկայացրել ԱՀ 2018թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովի նիստին մասնակցել են ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

ԱԺ գլխադասային հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը պարզաբանել է բյուջեի կատարողականի ներկայացման, քննարկման և ընդունման ընթացակարգերը, որին հաջորդել է բյուջեի կատարողականի ներկայացումը:

Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը, ներկայացնելով նախորդ տարվա մակրոտնտեսական ցուցանիշները, նշել է, որ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ) կազմել է 310,3 մլրդ դրամ՝ ապահովելով 11,9% տնտեսական աճ, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 12,1%:

Նախարարի փոխանցմամբ՝ ՀՆԱ բարձր աճի տեմպը պայմանավորված է նյութական արտադրության ճյուղերի՝ մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի ավելացված արժեքի աճով, ինչը ապահովել է տնտեսական աճի մոտ 5,1%-ը: «Դրական դինամիկա է արձանագրվել նաև տնտեսության ճյուղային դիվերսիֆիկացիայի առումով՝ մասնավորապես արդյունաբերության մյուս ճյուղերի հաշվին ապահովվել է տնտեսական աճի 2 տոկոսային կետը, նախորդ տարվա՝ 1,6 տոկոսային կետի համեմատ»,-ընդգծել է նախարարը:

Մեկ շնչի հաշվարկով՝ ՀՆԱ-ն կազմել է 2 մլն 103,3 հազ դրամ, նախորդ տարվա՝ 1մլն 855,9 հազ դրամի փոխարեն:

Արթուր Հարությունյանն այնուհետև ներկայացրել է նյութական արտադրության հիմնական ոլորտներում արձանագրված ցուցանիշները.

Արդյունաբերական արտադրանքի ծավալ՝ 125 մլրդ դրամ՝ 2017թ-ի համեմատ աճելով 29,3%-ով,

Շինարարության ծավալ՝ շուրջ 52,5 մլրդ դրամ՝ ապահովելով 11,5% աճ,

Գյուղատնտեսության արտադրանքի ծավալ՝ 74,1 մլրդ դրամ,

Միջին ամսական անվանական աշխատավարձ՝ 161,181 հազ դրամ, 2017թ-ի նկատմամբ աճը՝ 3,7%,

Արտաքին առևտրաշրջանառության ծավալ՝ 555,1մլն ԱՄՆ դոլլար, 2017թ.-ի նկատմամբ ապահովելով 24,9% աճ,

Ապրանքների ներմուծման ծավալ՝ 353մլն ԱՄՆ դոլլար, աճը՝ 22,6%,

Արտահանման ծավալ՝ 202,1մլն ԱՄՆ դոլլար, աճը ՝ 29%,

Գնաճ՝ 1,8%:

2018թ.-ի պետական բյուջեով պլանավորված 53մլրդ 813,1մլն դրամ սեփական եկամուտների դիմաց փաստացի մուտքերը կազմել են 54մլրդ 282,1մլն դրամ: Ծրագրավորված ցուցանիշը կատարվել է 100,9%-ով:

«ԱՀ 2018թ-ին պետական բյուջեի փաստացի ծախսը կազմել է 104մլրդ 450,7մլն դրամ՝ ապահովելով պլանավորված ցուցանիշի 97,2 %-ը: 2018թ-ին պետական բյուջեն կատարվել է առանց ծախսերի գծով ընթացիկ պարտքերի կուտակման»,-նշել է ֆինանսների նախարարը:

2018թ-ի բյուջեի հիմնական ծախսային ուղղությունները ներկայացնելուց հետո Արթուր Հարությունյանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:

 

Ամփոփելով նիստը, ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Գրիգորյանը նշել է, որ մայիսի 21-ից մշտական հանձնաժողովներում կմեկնարկեն բյուջեի կատարողականի վերաբերյալ  ոլորտային քննարկումները:

Աղբյուր՝ Արմենպրես

19:00 20.05.2019

Ամենաշատ ընթերցվածները