ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողներն այցելեցին սահմանապահ զորամասեր
13:00 21.05.2019

Գորիսի համայնքապետարանի նախաձեռնությամբ զինծառայողների ծնողներն այցելեցին սահմանապահ զորամասեր

Երեկ վաղ առավոտյան Գորիս համայնքից շուրջ 60 զինծառայողների ծնողներ այցելել են սահմանապահ զորամասեր՝ տեսակցելու իրենց զավակներին:

Հաջողությամբ հաղթահարելով երկար ճանապարհը, ծնողները Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների հետ միասին հասել են Մարտակերտում տեղակայված N զորամաս:

Ծնողների և զինվորների հանդիպումն անցել է ջերմ, հուզիչ մթնոլորտում: Երկար ճանապարհն ու հոգնածությունը չէին խանգարել բարձր տրամադրությանը, քանի որ շատերն իրենց որդիներին չէին հանդիպել բավականին երկար ժամանակ:

Ծնողները ծանոթացել են զավակների առօրյային, կենցաղին և ծառայողական միջավայրին, ապա զինվորների հետ միասին մասնակցել Գորիսի Գ. Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների համույթի կողմից պատրաստված համերգային ծրագրին: Ուրախ տրամադրությամբ ծնողները մինչև երեկո հնարավորություն են ունեցել ազատ շփվելու զինծառայողների հետ: Երեկոյան բարեհաջող վերադարձել են՝ ռազմական ոստիկանության մեքենաների ուղեկցությամբ: Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը վստահեցրել է, որ Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի հետ համատեղ իրականացվող այս նախաձեռնությունը լինելու է շարունակական: Համայնքի ղեկավարին շնորհակալություն հայտնելով կարևոր նախաձեռնության համար, ժամկետային զինծառայողների ծնողները նշել են, որ իրենց յուրաքանչյուր այց ոգևորում ու քաջալերում է իրենց զինվոր որդիներին:

Գորիսի համայնքապետարանին ուղևորափոխադրման հարցում աջակցել է «Վարդգես Պետրոսյան» Ա/Ձ-ն՝ տրամադրելով թվով 2 միկրոավտոբուս:

Աղբյուր՝ Գորիսի համայնքապետարան

13:00 21.05.2019