ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դավադրության տեսություն վարչապետից
13:00 22.05.2019

Դավադրության տեսություն վարչապետից

Նիկոլ Փաշինյանի մայիսի 20-ի ելույթից անուղղակի մեջբերում. նախկին կոռուպցիոն համակարգը ներկայացնող կոնկրետ ուժեր և այդ համակարգերի որոշ պաշտոնյաներ գործադրում են կոռուպցիոն կապերը՝ Արցախում Հայաստանի կառավարության և անձամբ վարչապետի դեմ ստահոդ քարոզչություն իրականացնելու համար, և ինքը դրա տակ տեսնում է ընդհուպ դավադիր պատերազմ հրահրելու, անգամ որոշ տարածքներ հանձնելու և տեղի ունեցածի պատասխանատվությունը Հայաստանի կառավարության վրա դնելու հեռահար նպատակ:

Ասել, որ այս նախադասությունը շոկային է հասարակության համար, նշանակում է ոչ մի բան չասել: Իհարկե, այն միանգամայն ընկալելի կլիներ, եթե վարչապետը չլիներ վարչապետ, այլ լիներ մի հասարակ ընդդիմադիր գործիչ, որը որոշել է քաղաքական մեսիջ ուղարկել ինչ-որ քաղաքական ուժերի: Երբ այսպիսի բան է ասում վարչապետը և չի մատնանշում անուններ ու փաստեր, ապա խուճապային իրավիճակ է ստեղծվում: Հայտարարությունից հետո Արցախի նախագահն է ժամանում Երևան, սակայն լրագրողների հետ հանդիպման ժամանակ ընդհանուր բնույթի արտահայտություններով ամեն ինչ կրկին կոծկվում է: Բակո Սահակյանը ասում է, որ այդպիսիք պետք է պատժվեն, իսկ ովքեր են այդ մարդիկ և ինչ կոնկրետ հակաքարոզչության մասին է խոսքը, կրկին մնում է անհասկանալի:

Հեղափոխությունից հետո հաճախ շեշտվում է խոսքի ազատության ցուցանիշի բարձրացման հանգամանքը: Սակայն ոչ մեկը չի խոսում, որ այդ խոսքը պետք է նախևառաջ հասկանալի լինի: Անհանգստացնող արտահայտությունները վարչապետի մակարդակով կարող են խուճապային իրավիճակ ստեղծել: Անկեղծ, արդեն սկսում եմ ձանձրանալ չափից դուրս քաղաքական անհասկանալի օրակարգերից: Մի՞թե հեղափոխությունից 1 տարի անց էլ մենք իրավունք չունենք կենտրոնանալ դատական ու տնտեսական բարեփոխումների վրա:

«Զանգեզուր պրես»

13:00 22.05.2019

Ամենաշատ ընթերցվածները