ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դատական անհրաժեշտ, բայց անհասկանալի ռեֆորմ
17:00 22.05.2019

Դատական անհրաժեշտ, բայց անհասկանալի ռեֆորմ

Նախօրեին Հայաստանի մի քանի դատարանների մուտքերը փակեցին վարչապետի կոչին արձագանքած քաղաքացիները: Պատահական, թե հատուկ, այն համընկավ Ռոբերտ Քոչարյանի՝ դատարանից ազատ արձակման հետ: Երկրով մեկ հնչեց տարօրինակ և անհասկանալի վեթինգ բառը, միևնույն ժամանակ հայտարարվեց հեղափոխության երկրորդ փուլի մասին, այն է՝ դատական համակարգի ռեֆորմ: (Հիշեցնեմ, որ մինչ այս ամենը հեղափոխության երկրորդ փուլը տնտեսական հեղափոխությունն էր, սա պետք է լիներ երրորդը, ինչևէ): Տարբեր հաշվարկներով դատարանների մուտքերը փակած անձանց թիվը տատանվում է 1000-ից 1200 մարդու միջև: Փաստացի դատարանների աշխատանքը խաթարվել էր մի քանի ժամով, ինչը, հաշվի առնելով տարիներ տևող գործերի քննությունը, մեծ խնդիր չէր:

Բոլորը խոսեցին դատական համակարգի անհրաժեշտ փոփոխություններից, ոչ ոք չխոսեց դրա իրականացման մեխանիզմներից: Փորձենք վերլուծել եղածը և ներկայացնել այդ հիրավի ճահճուտը, որը կոչվում է դատական համակարգ:

Սովետական դատարանի ականջը կանչի

Դուրեկան է դա, թե՝ ոչ, բայց Հայաստանի քննչական համակարգը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն, դատախազությունը և այլն, շարունակաբար տոնում են իրենց հիմնադրման 80-100-ամյակները, ինչը նշանակում է, որ նրանք խորապես ընդունում են սովետական ժառանգությունը, այսինքն՝ սովետական գործերի քննության ձևաչափը, վճիռ կայացնելը և այլն: Պարզ օրինակ, Հայաստանում դատավորը քթի տակ մրթմրթում է վճիռը և անմիջապես լքում դատարանի դահլիճը: Քաղաքացիները հիմնականում չեն հասկանում՝ ինչ էր այն իրենից ներկայացնում, իսկ փաստաբանները գումար են գանձում վստահորդներից, որ ասեն, թե վճիռը կարդան, հետո կասեն՝ ինչ էր նշանակում, և ինչ են անելու: Այս սովետական համակարգը հիանալի հնարավորություն է տալիս գումար վաստակել քաղաքացիների իրավական անզորության վրա թե՛ փաստաբաններին, թե՛ քննիչներին և թե՛ դատավորներին: Հոլանդիայում, օրինակ, դատավորը պաշտոնական վճիռ հրապարակելուց հետո միշտ պարզ քրիստոնեական հարցով դիմում է դատարանի դահլիճում ներկա մարդկանց, թե արդյո՞ք կարիք կա նրանց բացատրել վճռի էությունը, և եթե կա, ապա դատավորը սիրով նկարագրում է այն օրենքի հոդվածների էությունը, որոնց պատճառով քաղաքացին տանուլ տվեց կամ շահեց:

Կամ, օրինակ, Եվրոպայում դատավորի օգնականը միշտ առաջին նիստ հրավիրելուց առաջ զանգահարում է բողոք բերած քաղաքացուն, որպեսզի մոտավոր նշի դատավարության ուղղությունը և անհրաժեշտ փաստերի և ապացույցների առկայությունը: Սա արվում է ժամանակ խնայելու համար: Լինում է՝ քաղաքացիները հրաժարվում են դատավարությունից, քանի որ հասկանում են, որ թույլ են իրենց դիրքերը, կամ հակառակը, դատավորի օգնականի հորդորով ավելի լավ են պատրաստվում ու ընդամենը մեկ նիստով վճիռ են ստանում:

Հայաստանում երբեք վերոնշյալ աշխատաոճ չի եղել, որովհետև քննչադատավորադատախազափաստաբանական համակարգը միայն ուզում է ձեզնից փող պոկել: Իրենք թքած ունեն ձեր գիտելիքների, հույզերի, արդարադատության ընկալման վրա:

Մեր դատավորները մեր քրմերն են

Ինչպես վայրի ցեղախմբի քրմապետին հնարավոր չէ կամ գրեթե հնարավոր չէ պատժել, ճիշտ այդպես էլ դատավորին է դժվար կարգի հրավիրել, որովհետև նրան սահմանադրությամբ և օրենքներով տրված են խայտառակ մեծ լիազորություններ և ազատություններ արդարադատություն իրականացնելու համար: Հայաստանի դատավորը, ինչպես քրմապետը, կարող է կույս աղջկա արյուն պահանջել, և մենք՝ հասարակությունս, պարտավոր ենք այն մատակարարել, եթե ուզում ենք երաշտից փրկվել, այսինքն՝ անկաշկանդ և արդար վճիռ ստանալ: Հետևաբար մենք պետք է հասկանանք, որ մեր ցեղախմբում առաջնորդի համար շատ հեշտ է զոհաբերել զինվոր, երեխա, երիտասարդ զույգ, բայց ոչ երբեք կամ գրեթե երբեք քրմապետ-դատավոր, որովհետև միայն վերջինս կարող է իմանալ՝ որ խոտաբույսը ինչին խառնել (որ օրենքը ինչպես կիրառել), որպեսզի անձրև գա (արդար որոշում կայացվի), և մենք փրկվենք երաշտից:

Սա է պատճառը, որ մասնագետները ամբողջ աշխարհում ամենադժվար ռեֆորմները համարում են դատաիրավականը, այլ ոչ երբեք տնտեսականը և քաղաքականը:

Ինչևէ, Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց դատական համակարգում փոփոխություններ իրականացնելու օրակարգը

1. Հայաստանում գործող բոլոր դատավորները առանց բացառության պետք է ենթարկվեն վեթինգի։ Այսինքն՝ հանրությունը պետք է ամբողջական տեղեկատվություն ունենա դատավորի ունեցած քաղաքական կապերի ու ծագումնաբանության, գույքային վիճակի, դատավորի կարգավիճակում և նախորդ շրջանում ծավալած գործունեության անհատական և պրոֆեսիոնալ հատկանիշների մասին։

2. Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքների կոպիտ խախտումներով դատավճիռների հեղինակ բոլոր դատավորները պետք է հրաժարական տան, հեռանան կամ հեռացվեն պաշտոններից։

3. Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ դատավոր, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանը ու նրա ժողովրդին։

4. Հիմա արդեն անցումային արդարադատության մեխանիզմների ներդրումը կենսական անհրաժեշտություն է Հայաստանի Հանրապետության համար, և մենք պետք է 1-2 ամսվա ընթացքում ամփոփենք վերջին 7-8 ամիսներին մեր կատարած աշխատանքը։

5. Ազգային Ժողովում պետք է տեղի ունենա համապատասխան օրենսդրական աշխատանք՝ մեր երկրի համար կենսական այս օրակարգը կյանքի կոչելու և Հայաստանում իրապես երաշխավորված անկախ դատական համակարգ ունենալու համար։ Եթե սրա համար անհրաժեշտ լինի իրականացնել սահմանադրական փոփոխություններ, մենք պետք է գնանք նաև այդ քայլին։ Եթե պետք լինի դա անել համաժողովրդական հանրաքվեով, մենք պետք է գնանք նաև այդ լուծումների։ Այս ողջ աշխատանքը, ընդ որում, պետք է տեղի ունենա այս ոլորտի միջազգային հեղինակավոր կազմակերպությունների հետ համագործակցության, միջազգային լավագույն փորձի և Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակներում։

Հինգ կետերի իրականացման հավանականությունը և ժամկետը

1․Անհասկանալի է՝ ով պետք է անի վեթինգը: Պատկերացրեք ԱԱԾ գնդապետ Պողոսյանը վեթինգ է անում դատավոր Պետրոսյանին, որը իր մորաքրոջ տղան է, կամ իրենք երկուսն էլ փոխկապակցված են Սերժ Սարգսյանի հետ ինչ-որ բիզնեսով: Ինչպե՞ս, հարցնում եմ, ո՞նց պետք է հասարակությունը համոզված լինի վեթինգի արդարացի իրականացման մեջ, եթե քննչական, դատական, ԱԱԾ-ական աշխատակազմերը հիմնականում բաղկացած են նախկին իշխանություններին ծառայած անձանցից:

2․ Ո՞րն է եվրոպական դատարանի կարծիքով կոպիտ խախտումը, իսկ որը՝ ոչ: Վարչապետի համար երկրորդ կետը գրողը նույնպես չի հասկանում ոլորտի բարդությունը: Ասենք՝ ինձնից 100 քառակուսի մետր հողամաս են խլել, և ես կարողացել եմ եվրոպական դատարանի օգնությամբ հաջողության հասնել, իսկ Պողոսի օգտին 500 000 եվրոյի վճիռ են կայացրել: Հիմա Պողոսինը կոպիտ խախտում էր, իրեն դատող դատավորներին պատժել, իսկ իմ դատավորներին, որի միջոցով ողջ կյանքիս կուտակած գումարով գնված 100 քառակուսի մետրը խլել են, չպատժե՞լ: Չի լինում այդպես, արդարադատությունը օրենքի առջև հավասարություն է բոլորի համար, չկան կարևոր և անկարևոր գործեր, եթե դրանք արդեն հասել են դատարան:

3․ Բոլոր այն դատավորները, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ: Ասվում է 3-րդ կետի սկզբում: Լո՞ւրջ, ասենք, ես դատավոր եմ, ով պատվերով մի 45 հոգու ցմահ է տվել: Եթե ես դուրս գամ համակարգից, ապա կարող եմ ամբողջ կյանքս թոռներիս հետ պաղպաղակ ուտելով զբոսնել, քանի դեռ իմ անարդարացի վճիռներով դատվածներից օրը մեկը մահանում է բանտերում: Սա՞ է տրամաբանությունը:

4․ Ոչ մեկը 1-2 ամսում չի կարող ներդնել անցումային արդարադատություն: Սա մի խայտառակ նուրբ գործընթաց է, որի համար շատ լավ միջազգային մասնագետների թիմ է պետք: Առանց դրա մենք կարող ենք սխալներ թույլ տալ և պատժել լավ դատավորների կամ իրավունքներ խախտել և հակառակը՝ չպատժել վատերին: Ինչ վերաբերում է 7-8 ամսվա աշխատանքին, ապա ովքեր են կառավարության այդ «դատավորները», որոնք պետք է օբյեկտիվ գնահատական տան, թե ինչ է արվել:

5․ Ազգային ժողովում գտնվող իրավաբանները շատ թույլ են, որպեսզի կարողանան այս աննախադեպ գործընթացը կյանքի կոչել իրենց ուժերով: Թույլ տվեք ահավոր կասկածել Ազգային ժողովի կարողությունների վրա, քանի որ անցած 6 ամսում մենք չտեսանք գեթ մեկ օրենսդրական նախաձեռնություն դատական օրենսգրքում փոփոխության վերաբերյալ:

Արման Սուլեյմանյան

17:00 22.05.2019

Ամենաշատ ընթերցվածները