ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Դավիթ Դանիելյանը՝ մշակույթի նախարարի օգնական
19:00 22.05.2019

Դավիթ Դանիելյանը՝ մշակույթի նախարարի օգնական

Մայիսի 13-ից ՀՀ մշակույթի նախարարի օգնական է նշանակվել Դավիթ Դանիելյանը, ինչի առթիվ ճեպազրույց ունեցանք կապանցի գեղանկարչի հետ։ Իսկ մինչ դա ներկայացնելը նշենք, որ նա ավարտել է Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան, ՀՀ նկարիչների միության և միջազգային «MondialArt Academia»-ի անդամ է:

Ինչպե՞ս ստացվեց, ումի՞ց եղավ առաջարկը, ինչու՞ համաձայնեց։ Սրա վերաբերյալ Դավիթ Դանիելյանը նշեց․ «Ես երեք ամիս ԿԳՆ-ում պրակտիկանտ եմ եղել։ Թումանյան-150 և Կոմիտաս-150 հանձնաժողովների նախագահը ԿԳ նախարարն է, և այդ հանձնաժողովի կազմակերպած միջոցառումների աշխատանքում ինձ նույնպես ընդգրկեցին, և մշակույթի նախարարության շատ աշխատակիցների հետ, անգամ փոխնախարարների և նախարարի պարտականությունները կատարող տիկին Նազենի Ղարիբյանի հետ սկսեցի աշխատել այդ շրջանակներում։ Հետո մի քանի անգամ փոխնախարարները գովեստի խոսքեր ասացին ու նշեցին, որ մի օր կառաջարկեն գնալ իրենց հետ աշխատելու։ Եվ ահա Վահե Բուդումյանը և մշակույթի նախարարի տեղակալ Տիգրան Գալստյանն առաջարկեցին, ես էլ մեծ սիրով ու պատասխանատվությամբ ընդունեցի»։

Գեղանկարիչն ասում է՝ անընդհատ կապի մեջ է մարզի, իր քաղաքի հետ, որի բնությունն իրեն տվել է ստեղծագործելու շնորհ, չնայած աշխատանքի բերումով բնակվում է հիմնականում մայրաքաղաքում։ Նշում է, որ պատրաստ է օգտակար լինել ու խնդիրներ բարձրաձայնել։ «Հստակ կամ առավել  մանրամասն դեռ Սյունիքի մշակութային խնդիրներին ծանոթ չեմ։ Խդրանցի եկեղեցին և նման մի քանի եկեղեցիներ կան, որոնց համար պետք է փորձել ամեն հնարավոր լուծում գտնել՝ պահպանելու և վերականգնելու համար։ Սյունիքը միշտ էլ մշակութային մարզ է եղել և միշտ ունեցել է տաղանդներ։ Պետք է համագործակցել մայրաքաղաքի հետ և ակտիվացնել մշակութային կյանքը մարզում»։

Գեղանկարչի խոսքով՝ նոր մտքեր ու ծրագրեր կան, իսկ այս փուլում ուսումնասիրում է Ժամանակակից թանգարանի Կապանի մասնաճյուղի փաստաթղթերը։ «Թանգարանի հետ կապված խնդիրներ կան, այն  Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ է, հիմա ցանկանում եմ քննարկում կազմակերպել Երևանի քաղաքապետարանի, մշակույթի նախարարության, Կապանի համայնքապետարանի ու Կապանի մասնաճյուղի հետ միաժամանակ, որպեսզի այդ թանգարանը մնա մեր Կապանում և ավելի բարեկարգ տեսքով ընդունի այցելուներին»։

Դավիթ Դանիելյանը նշեց, որ պատրաստ է իր հնարավորությունների սահմանում աջակցել մարզի բնակիչներին ամեն հարցում, անգամ ոչ մշակութային։ Կարևոր է հենց երեխաների մեջ սերմանել ու զարգացնել արվեստը։ Իսկ ինչ վերաբերում է խնդիրներին, ասաց, որ ամեն ինչ պետք է անել թիմային աշխատանքի և քննարկումների միջոցով, միայն մեկ մարդը չպետք է որոշում կայացնի մշակույթի ոլորտում։

Անուշ Միրզոյան

19:00 22.05.2019

Ամենաշատ ընթերցվածները