ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան
16:00 23.05.2019

Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականը կձևավորվի հաջորդ տարի. Աննա Թադևոսյան

Համաշխարհային ֆուտբոլում օրեցօր իր ուրույն տեղն է զբաղեցնում նաև կանանց ֆուտբոլը, որն իր դիտարժանությամբ, արագությամբ, տեխնիկական որակներով տղամարդկանց ֆուտբոլից շատ հեռու չէ: Ֆուտբոլային գերտերություններն իրենց ուշադրության կենտրոնում են պահում նաև կանանց ֆուտբոլի զարգացումը: Հայաստանում ևս կանանց ֆուտբոլը վերջին տարում մեծ թափով է զարգանում: «Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կանանց ֆուտբոլի բաժնի ղեկավար Աննա Թադևոսյանը խոսեց կանանց ֆուտբոլի ներուժի, ձևավորվող հավաքականի և թիմի առաջ դրվելիք մարտահրավերների մասին:

-Ինչպե՞ս ստացվեց, որ ՀՖՖ-ն որոշեց զարկ տալ կանանց ֆուտբոլի զարգացմանը Հայաստանում:

-Կարծում եմ, որ ՀՖՖ նոր ղեկավարությունը նպատակ ունի զարգացնելու նաև կանանց ֆուտբոլը, քանի որ ամբողջ աշխարհում` սկսած ՈՒԵՖԱ-ից, ՖԻՖԱ-ից և եվրոպական, ամերիկյան զարգացած երկրներից, կանանց ֆուտբոլը գրեթե հավասարը հավասարի է դրվում տղամարդկանցին: Հայաստանում էլ արդեն ժամանակն է, որ զարկ տանք կանանց ֆուտբոլի զարգացմանը, քանի որ ոչ մի տարբերություն չկա, և չես կարող 10-15 տարեկան աղջկան բացատրել, թե ինչու նա չի կարող ֆուտբոլ խաղալ: Եվ մեր նպատակն այն էր, որ Հայաստանը հետ չմնա նորմալ զարգացում ապրող եվրոպական երկրներից:

-Ի՞նչ ներուժ կա Հայաստանում կանանց ֆուտբոլի զարգացման տեսանկյունից:

-Ինքս կանանց ֆուտբոլի զարգացման գործում ներգրավված եմ 2015 թվականից, երբ «Խաղաղության կորպուս»-ի հետ համատեղ ստեղծեցի «Goals» հասարակական կազմակերպությունը, որի նպատակն էր կանանց ֆուտբոլի զարգացման խթանումը: Եվ հիմնական շեշտը դրված էր մարզերում կանանց ինչ-որ մարզաձևով կամ ֆուտբոլով զբաղվելու հնարավորություն տալու վրա: Այդ օրերից սկսած՝ հասկացա, որ կանանց ֆուտբոլի մեծ ներուժ ունենք: 2015 թվականին Սյունիքում կար կանանց ֆուտզալի միայն 4 թիմ: Բայց հիմա Հայաստանի 8 մարզերում 60-ից ավելի թիմում մոտ 760 աղջիկ ֆուտբոլ է խաղում: Գրեթե թիմեր չկան Արարատի և Արագածոտնի մարզերում, և քիչ թիմեր կան Գեղարքունքում:

-Եր՞բ կունենանք կանանց մեծահասակների ընտրանի:

-Ինչ սկսեցի աշխատել ՀՖՖ-ում, առաջին իսկ օրից աշխատանքներ ենք տանում կանանց մեծահասակների հավաքական ձևավորելու ուղղությամբ: Հիմա ունենք մինչև 19 տարեկանների թիմ, որը հոկտեմբերին կմասնակցի Եվրո-2020 որակավորման փուլին Բոսնիայում: Սեպտեմբերին ուսումնամարզական հավաք կսկսի մինչև 17 տարեկանների թիմը, որը հաջորդ տարի կմասնակցի ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարին: Իսկ 2020 թվականի հունվարից կստեղծենք կանանց մեծահասակների հավաքականը: Ստեղծման սկզբնական փուլը կանցկացնենք  ԱՄՆ-ում: Մոտ 25 ֆուտբոլիստներ ունենք Ամերիկայից, մեկը Գերմանիայից, ով հանդես է եկել Բավարիայի կանանց թիմում, այժմ էլ հանդես է գալիս «Ֆրանկֆուրտ»-ում: Եվ մինչև հունվար կգտնեմ էլի անուններ հավաքականի համար: Մենք պետք է օգտագործենք մեր սփյուռքի ներուժը հավաքականի ձևավորման հարցում, քանի որ նրանք, ում հետ հանդիպել եմ, մեծ ոգևորվածությամբ ընդունեցին առաջարկը: Հայաստանում էլ ունենք լավ ֆուտբոլիստներ, ովքեր ևս կարող են համալրել ընտրանու կազմը: Այն լինելու է հավասարակշռված հավաքական: Նպատակ ունենք հաջորդ տարի գոնե երկու ընկերական հանդիպում անցկացնել:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում
 
Աղբյուր՝ araratnews.am
16:00 23.05.2019

Ամենաշատ ընթերցվածները