ԱՎԵԼԻՆ

Մամուլ

«Նեմրան»՝ ճանաչված ու սիրված նաև Կապանում
18:00 23.05.2019

«Նեմրան»՝ ճանաչված ու սիրված նաև Կապանում

Իբրև սկիզբ

«Նեմրան» հայկական ռոք խումբ է, որը ստեղծվել է 2012թ․ Երևանում։ Նեմրացիները հանդես են գալիս հեղինակային գործերով, ժողովրդական երգերի յուրովի մեկնաբանությամբ։ Խումբը բաղկացած է չորս անդամից՝ Վան Եղիազարյան (վոկալ, կիթառ), Վասպուր Եղիազարյան (բաս կիթառ, վոկալ), Մարիաննա Կարակեյան (ստեղնաշարային գործիքներ, վոկալ), Մարեկ Զաբորսկի (հարվածային գործիքներ)։ Խումբը առավել ակտիվ գործունեություն սկսեց ծավալել 2013-ից։ Թե ինչով է պայմանավորված խմբի անվանումը, ինչ է նշանակում, խմբի անդամները պատասխանում են՝ հայկական ծագումն ընդգծելու համար, Նեմրա-Արմեն, Արմենիա, բացի դրանից՝ երբ դեռ անունը վերջնական չէր, լրագրողներից մեկը հարցրեց՝ «իսկ ինչո՞ւ «Նեմրա»», այդպես էլ որոշեցին թողնել։ «Նեմրան» ստեղծվեց այն ժամանակ, երբ Վանն ուներ գրած երկու երգ։ Վասպուրի՝ Վանի եղբոր, և կողքի բակից Գեղամ Ֆահրադյանի  հետ որոշեց խումբ բացել, գտան Մարիաննային ու սկսեցին փորձեր անել: Սկզբում պարզ չէր, թե խմբում ով ինչ է նվագելու, ով է երգելու, քանի որ Վանը կտրականապես հրաժարվում էր երգելուց: Վասպուրը չուներ բաս կիթառ, Գեղամը՝ հարվածային գործիքներ, առաջին փորձերն արեցին Արմենի փորձատեղում, ում շատերը Երևանում գիտեն որպես Ցոյ: Առաջին փորձերին նա բաս կիթառ տրամադրեց, մինչև Վասպուրը գնեց: Սկզբում նախատեսել էին, որ Մարիաննան հարվածային գործիքներ կնվագի, բայց քանի որ պրոֆեսիոնալ դաշնակարուհի է, ամեն դեպքում որոշեցին էքսպերիմենտ չանել։ Ավելի ուշ Գեղամ Ֆահրադյանին փոխարինելու եկավ Մարիաննայի եղբայրը՝ Մարեկ Զաբորսկին։ Թե՛ խոսքերի, թե՛ երաժշտության մեծ մասի հեղինակը Վանն է, բայց Մարիաննան և Վասպուրը ևս ունեն երգեր, որոնք միշտ առաջնային տեղում են։ Խմբի ամենասիրված երգերից մի քանիսի հեղինակները նրանք են: Բայց երգերի վերջնական տեսքը ստացվում է, երբ ամբողջ խմբով են աշխատում այդ երգերի վրա: Խումբը հստակ սկզբունքներ չունի։ Որդեգրել է անկեղծության քաղաքականությունը։ Իսկ Վանը, Մարիաննան և Վասպուրը որոշել են նվագել միայն «Նեմրայում» և զուգահեռաբար այլ խմբերում ելույթ չունենալ: Բացի մարդկային խոր զգացմունքներից՝ երգերում բարձրաձայնում են տարբեր՝ քաղաքական, սոցիալական և բնապահպանական հարցեր, վերջին թեմայով երգի ձայնագրությունը տեսահոլովակով շուտով կհանձնեն հանդիսատեսի դատին:

Մեր ամեն օրը հետաքրքիր է, պարզապես վայելում ենք ․․․

Վանը պատմում է, որ իրենց առաջին ելույթը եղել է 2012-ին Երգի պետական թատրոնում ռոք փառատոնի շրջանակում։ Հանդես են եկել երեք երգով«Արի իմ սոխակ», «Sad Reality», «Dream»։ «Մարեկն այնտեղ էր իր սեփական խմբով, առաջին հանդիպումը նրա հետ հենց այդ օրն էր: Իսկ առաջին մենահամերգը տեղի ունեցավ 2013-ի օգոստոսի 28-ին «Ստոպ» ակումբում: «Այդ օրը զգացինք, որ մեզ երկար ճանապարհ է սպասվում,և այն խմբերից չենք, որ մի քանի ամսվա կյանք է ունենալու»: Բեմական կյանքում հաճախ է պատահում, երբ,բացի փայլուն ելույթներից, լինում են նաև անհաջողություններ, սրա վերաբերյալ Մարիաննանասում է, որ դեռ սարսափելի ձախողումներ չեն ունեցել այսքան ժամանակ,հիմնականում տեխնիկական խնդիրներ են եղել, երբ,օրինակ,անջատվել է ինչ-որ գործիք, կամ ինչ-որ միջադեպ է եղել հանդիսատեսի շարքում։ «Մենք երգերի հերթականությունը երբեմն բեմում փոխում ենք ըստ մեր և հանդիսատեսի տրամադրության և ցանկության»: Վասպուրի խոսքով՝ոլորտում ունեն էտալոններ, նրանք հարյուրավոր միջազգային երաժիշտներ ու խմբեր են, ամեն մեկն ունի իր նախընտրած երաժիշտները,ու նրանք ժամանակի հետ փոխվում են: «Բայց սիրելով տարբեր երաժիշտների, մենք միշտ փորձում ենք հեռու մնալ նմանվելուց,և մեզ համար դա շատ կարևոր է, որպեսզի,ինչքան էլ ոգեշնչված լինենք մի խմբից, երբեք նմանը չստեղծենք: Պատահում է, մի երգ ենք գրում,հետո մի օր պարզվում է, որթեկուզ չնչին նմանությամբերգ կա,և դադարում ենք այդ երգի վրա աշխատել ու մոռանում ենք դրա մասին»։  Վանն ասում է․ «Մեզ, օրինակ,անվանում են այլընտրանքայինռոք ոճի խումբ, բայց մենք երբեք չենք մտածել այնպես գրել երգը, որ այդ ոճի մեջ լինի, մեզ համար ամենաանիմաստ սահմանափակումն է դա։ Մենք գրում ենք երգեր, որոնք մեզ այդ պահին դուր են գալիս, սիրում ենք իմաստ ունեցող բառեր, բանաստեղծության նման,և սիրում ենք հստակ մեղեդային գիծ ունեցող երաժշտություն։ Ունենք տասնյակ երգեր, որոնք դուր չեն եկել մեզ և չենք հրապարակել, քանի որ առանց այն էլ երգերի քանակն արդեն շատ է,կարիք չի լինում քանակ լրացնելու համար բոլոր գրված երգերը հանել դուրս»:

Արհեստական բարդություններ 

Հարցին, թե խումբ կազմելու համար ի՞նչ դժվարություններ են առաջանում մեր երկրում, Մարեկ Զաբորսկին նշում է՝ խումբ ստեղծելու համար առաջին հերթին չկան շատ փորձատեղեր, երևի մեկ- երկուսն են Երևանում: Հետո, երկրորդ փուլում, երբ խումբն արդեն ունի երգեր, Երևանից բացի, այլ քաղաքներում չկան ակումբներ, որտեղ խումբը համերգային փորձ ձեռք բերի, իսկ Երևանում էլ ընտրությունը մեծ չէ։ Իսկ երրորդ փուլը հատակից ելնելն է, երբ ակումբային ձևաչափից մեծանում է լսարանը։ Դրա համար համապատասխան դահլիճներ չկան: Հիմնականում շատ վատ է ակուստիկայի հարցը։ Շատ թանկ է թատրոններ կամ համերգասրահներ վարձելը: Բայց եթե կա միտք, նպատակ, մեծ ցանկություն, ասելիք, աշխատասիրություն, տաղանդ ու աղբի հետ շփվելիս՝ մաքուր մնալու ունակություն, ոչինչ չի կարող կանգնեցնել երաժիշտներին։ Հայաստանում ունեն ընկեր-խմբեր, նրանք հիմնականում արդեն ինչ-որ բանի հասած, կայացած մարդիկ են։ Կան նաև խմբեր, որոնք նոր են սկսում իրենց ճանապարհն ու արդեն իրենց մրցակից են համարում, նրանցից շատերը մեծ պոտենցիալ ունեն, բայց նրանց խանգարում է ներսի մաղձը:  

«Նեմրան» սիրեց Կապանը, և հակառակը

Վերջերս Եվրոպայի օրերի շրջանակում «Նեմրան» հյուրընկալվել էր Կապանում, արժանացել ջերմ ընդունելության։ Նեմրացիների խոսքով՝մարզկենտրոնում երկրորդ անգամն էին ու առաջին բուռն ընդունելությունից հետո արդեն գիտեին, թե ուր են գալիս: Երաժիշտներն ասում են․ «Շատ ոգևորված ենք Կապանով, քանի որ անցած անգամ հենց այստեղ հասկացանք, որ Հայաստանում Երևանից այդքան հեռու գտնվող քաղաքներում մեզ նույնպես սիրում են ու գնահատում: Երևանից եկել էինք միայն մեր գործիքներով, բայց հետ վերադարձանք բազմաթիվ նվերներով, որոնք ստացանք այստեղի նեմրացիներից, այդ բոլորը տեղ են գտել մեր նեմրաթանգարանում,  մեր նվերների և մրցանակների կողքին: Եթե համապատասխան հրավեր լինի,մեծ սիրով էլի կգանք Կապան»:

Մի բուռ ջերմություն Իտալիայից

Զրուցեցինք նաև կապանցի, այժմ Իտալիայի Ադրիատիկի միջազգային քոլեջում սովորող Անահիտ Բադալյանի հետ։ Վերջինս խմբի կապանցի ակտիվ երկրպագուներից է։ Ասում է, որ ««Նեմրային» ճանաչել է «Դեպի Եվրատեսիլից»: «Չնայած ռոքի մեծ սիրահար չեմ, բայց որակյալ երաժշտության կողքով անտարբեր անցնել չեմ կարող: «I'm a liar»-ը մի քանի անգամ լսելուց հետո գլխիցս դուրս չէր գալիս։ Հետո կամաց-կամաց «Born in 94»-ը, «Daisy»-ն, «Feet in the river»-ն ու մյուս երգերն էլ սկսեցին շոյել ականջս: Մի տարուց ավելի առանց ձանձրանալու լսում եմ «Նեմրայի» երգերն ու անընդհատ բացահայտումներ անում։ Ամենասիրելին «Last chance to love»-ն է, զարթուցիչիս երգն է։ Հիմա Իտալիայում եմ սովորում, Նեմրայի՝ Կապանում ունեցած երկու համերգներից ոչ մեկին, ցավոք, չհաջողվեց ֆիզիկապես ներկա լինել: Բայց ծովի ափին նստած՝ ուղիղ միացումով կապանցիների հետ հավասար թռվռում ու երգում էի համերգի ընթացքում: Ինքս «Նեմրայի» շատ երգեր նվագում ու երգում եմ: Խումբը սիրում եմ իր անմիջականության, ստեղծարար ու յուրօրինակ երաժշտություն մատուցելու համար: Քոլեջում ընկերներս արդեն ճանաչում են «Նեմրային», «I'm a liar»-ը անգիր գիտեն, ու իրենք էլ են սիրում: Ու ես համարում եմ, որ հպարտանալու առիթ ունեմ, որ Հայաստանում «Նեմրայի» նման խումբ է գործում ու ստեղծագործում»։

Անուշ Միրզոյան

 

18:00 23.05.2019

Ամենաշատ ընթերցվածները