ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով
19:00 23.05.2019

Կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկայացրեց որոշման նախագիծ, համաձայն որի՝ հստակեցվում են զինվորական ծառայության առանձնահատուկ պայմանների համար սահմանված հավելումների չափերը, առանձնահատուկ պայմանների անվանումները և այդ պայմաններում ծառայության իրականացման չափանիշները։

Բացի այդ, ըստ նախարարի, ՀՀ վարչապետի հանձնարարականի հիման վրա զինծառայողների վարձատրության չափերը բարձրացնելու նպատակով հավելում է նախատեսվում։ Մասնավորապես, նախատեսվում է զինծառայողների դրամական ապահովության չափերը բարձրացնել միջինը 10 տոկոսով։

«Մոտավորապես համահավասարեցում է իրականացվում հավելումների մասով։ Այսինքն՝ մոտավորապես ստանալու են հավասարաչափ հավելում և Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, և պայմանագարային շարքայինը»,- ներկայացնելով որոշման նախագիծն ասաց  Դավիթ Տոնոյանը և խնդրեց ընդունել այսքան սպասված որոշման նախագիծը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այս կարգավորումներով թեև նախատեսվում է աշխատավարձի 10 տոկոսի բարձրացում, սակայն կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնող զինծառայողների աշխատավարձը կբարձրանա մինչև 20 տոկոսով։

Դավիթ Տոնոյանն էլ հայտնեց, որ կրտսեր-ենթասպայական ու շարքային կազմի համար կբարձրանա միջինը 18 տոկոսով, բայց այն զինծառայողները, որոնք առանձնահատուկ պայմաններում են իրականացնում իրենց ծառայությունը, ևս հավելում է լինելու։ Այսպիսով, ստացվում է կրտսեր կազմի և հատուկ պայմաններում ծառայություն իրականացնողների աշխատավարձը շատ ավելին է բարձրանում, քան բարձրագույն սպայական կազմինը և ԶՈւ ղեկավարությանը։ 

Պաշտպանության նախարարը շնորհակալություն հայտնեց վարչապետին այս նախաձեռնության համար։

«Մենք ենք շնորհակալ ՀՀ զինված ուժերին, մեր զինվորներին, մեր սպայական կազմին հայրենիքին մատուցած ծառայությունների ու մեր երկրի անվտանգութունը պաշտպանելու համար», - ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կառավարության ձևավորման առաջին իսկ օրվանից հայտնել են, որ այս հարցը լինելու է իրենց ուշադրության կենտրոնում։

Նշենք, որ որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2019 թվականի հունիսի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։

Աղբյուր` Panorama.am

19:00 23.05.2019

Ամենաշատ ընթերցվածները