ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Դասասենյակի անվանակոչում զոհվածի անունով
19:00 24.05.2019

Դասասենյակի անվանակոչում զոհվածի անունով

Մայիսի 22-ին Սիսիանի քաղաքային պանթեոնում, զոհված զինծառայող Կարեն Գագիկի Գալստյանի տապանաքարի շուրջ, հավաքվել էին նրա հարազատները, բարեկամները, ընկերները, զինվորականներ, հյուրեր` գլուխ խոնարհելու նրա հիշատակին, խնկելու նրա անմահ անունը եւ նշելու հայրենյաց նահատակի ծննդյան օրը:

Կարեն Գալստյանը զոհվել է 2014 թվականի հունվարի 28-ին թշնամու դիվերսիոն գործողությունների հետեւանքով, երբ ծառայության ավարտին մնացել էր ընդամենը 5 ամիս, եւ երբ նոր էր բոլորել 20-րդ գարունը: Մայիսի 22-ին նա կդառնար 25 տարեկան… Կարճ էր Կարեն Գալստյանի երկրային կյանքը, սակայն երկնային ուղին պիտի հավերժի, քանի որ այն նվիրաբերվեց հայրենիքին, նվիրաբերվեց հայոց սրբազան հողին...

Տեր-Ընծա Միրզոյանը կատարեց հոգեհանգստյան կարգ, 4-րդ բանակային կորպուսի փողային նվագախումբը հնչեցրեց հայրենասիրական խրոխտ երաժշտություն, ու, ինչպես նշեց հոգեւոր հայրը, Սիսիանի պանթեոնի խորհրդավոր լռության մեջ հարգանքի տուրք մատուցվեց ոչ միայն Կարեն Գալստյանի, այլեւ կյանքը հայրենիքի զոհասեղանին դրած բոլոր մարտիրոսների հիշատակին, ովքեր արցախյան գոյամարտում եւ այսօր էլ շարունակում են թարմացնել մեր պատմության հերոսական էջերը, նոր փառք են հաղորդում մեր ժողովրդին եւ հերոսացնում իրենց անունը, իսկ նրանց կյանքի սխրանքների օրինակը, որպես դասագիրք, հավերժ բաց է մնում սերունդների համար:

Կարեն Գալստյանի ծննդյան օրը նշելու, հիշատակի ցերեկույթ կազմակերպելու նախաձեռնության հեղինակ ռեժիսոր Զեփյուռ Սարդարյանը նշեց, որ արվեստագետների, զինվորականների, արցախյան հերոսամարտում զոհվածների այրիների եւ ծնողների հետ Սիսիան կատարած իրենց այցն ունի շատ կարեւոր մի առաքելություն` Սիսիանի թիվ 5 հիմնական դպրոցի, որտեղ սովորել է Կարենը, ռազմագիտության դասասենյակը անվանակոչել նրա անունով` հավաստելու, որ ապրողները գլուխ են խոնահրում նրա հիշատակի առաջ, որ սերունդները գնահատում են նրա թափած թանկ արյունը, որ այդ արյամբ գրված ու սրբագրված հայոց պատմությունը անմահության տառերով է գրում նրա անունը այդ պատմության հերոսական էջերում:

Կարեն Գալստյանի անվան ռազմագիտության դասասենյակի ժապավենը կտրեցին զոհվածի մայրըը` Սոֆյա Հովակիմյանը, նրա անունը կրող եղբորորդին եւ դպրոցի տնօրեն Հովիկ Ալեքսանյանը: Ռազմագիտության դասարանի պատվո ցուցանակի բացման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին եւ Կարենի փոքրիկ զարմուհուն:

Խնկարկվեց դասասենյակը, աղոթք հնչեց առ աստված, դպրոցի աշակերտներն իրենց հոգու անուշ մեղեդիներն ու տաղերը նվիրեցին հայրենիքի նահատակին, իսկ բանակային ընկերը` Սերգեյ Մինասյանը, ով ականատեսն է եղել Կարենի զոհվելու, խեղդելով հուզմունքը, շնորհակալություն հայտնեց ռազմագիտության դասասենյակը նրա անունով կոչելու համար, քանի որ դրանով անմահացվում է նրա հիշատակը, իսկ Կարենի ապրած կյանքը ուղեցույց է դառնում սերունդների համար:

Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը ողջունեց պատվարժան հյուրերի այցը համայնք, շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար, նշեց, որ Սիսական գունդը եւ սիսիանցիներն առաջիններից էին, որ անսացին հայրենիքի կանչին եւ գնացին այն պաշտպանելու, որի ամենախոսուն վկայությունը նվիրյալներով «հարստացած» մեր սրբատեղի Պանթեոնն է: Խոսելով 5 տարի առաջ զոհված հայրենիքի նահատակի անունով ռազմա-հայրենասիրական դասասենյակ անվանակոչելու մասին, համայնքի ղեկավարն ասաց` «Իրականում սա ընդամենը բացում եւ զուտ անվանակաչում չէ, որ անցնի-գնա: Այս դասասենյակը սերունդներ է դաստիարակելու: Ամեն երեխա, դասասենյակ մտնելիս, հետաքրքրվելու է` ու՞մ անունն է գրված, ինչու՞ է գրված: Ես համոզված եմ, որ մեր ուսուցիչներն էլ բացատրելու են, թե ով է Կարեն Գալստյանը, եւ արդեն դպրոցից մեր երեխաները բանակ են գնալու հայրենասեր դարձած»:

Կարեն Գալստյանի ծննդյան 25-ամյակի եւ ռազմագիտության դասասենյակը նրա անունով կոչելու հուշ-ցերեկույթը շարունակվեց դպրոցի դահլիճում: Հնչեցին սրտաբուխ, անկեղծ ու ազնիվ խոսքեր, աշուղ Աստղանուշն ու աշուղ Ռազմարը, կենտրոնական կլինիկական հոսպիտալի «Նազ» համույթի մենակատարները, դպրոցի հրաշալի աշակերտները Կարենին նվիրեցին իրենց հոգու երգն ու բանաստեղծությունը, «Ֆիդայիներ» հասարակական կազմակերպության, Սյունիքի մարզային զինկոմիսարիատի կողմից պատվոգրեր եւ հուշանվերներ հանձնվեցին թե ռազմագիտության դասասենյակին, թե այն նախանձախնդիր մարդկանց, ում ջանքերով եւ նվիրումով իրականություն էր դարձել այս հրաշալի հուշ-ցերեկույթն ու անվանակոչությունը:

այն ցավը, որ չի սպիանում ու չի մոռացվում, եւ դժվար է նայել մոր` թաց աչքերին ու մխիթարել, սփոփել, ամոքել անդարման ցավը… Դժվար է… Բայց Կարեն Գալստյանի մայրը, խոնարհ, համեստ, զուսպ ու բառեր չգտնող, շնորհակալություն հայտնեց այն ամենի համար, եւ այն մարդկանց, ովքեր ջանք ու սեր չէին խնայել իրենց գլուխը խոնարհելու եւ մեծարելու իր նահատակ որդուն: Ինչ խոսք, այս ամենը հիմա մեզ` ապրողներիս է ավելի շատ հարկավոր, քան` մարտիրոսներին, քանի որ նրանք հավերժորեն արդեն անմահ են եւ փառապսակ: Եւ ինչ էլ արվի ու ինչքան էլ արվի` նրանց հիշատակի համար, քիչ է այն մեն մի հատիկ կյանքի դիմաց, որ նրանք դրեցին հայրենիքի զոհասեղանին: Բայց եւ այնպես հասկանում ես, որ զինվոր որդի կորցրած մայրը Կարեն թոռան եւ մյուս թոռների մեջ ու իր սրտում ապրեցնում է Կարեն որդուն ու վերընձյուղված իր տոհմածառով շեն պահում իր օջախը, իր տունը եւ հայոց ոգին…եւ սփոփվում ու մխիթարվում սրանով…

Իսկ սրտաթրթիռ ու սիրատրոփ օդում կախվեց-մնաց Կարեն Գալստյանի համագյուղացի Ջուլիետա Մուրադյանի` պատասխան չունեցող օրվա հարցը` Այս չբացված ու չծաղկած ծաղիկների պատասխանը ո՞վ պիտի տա: Այս չգրված, չկարդացված տաղիկների պատասխանը ո՞վ պիտի տա…

Արեւհատ ԱՄԻՐՅԱՆ

Աղբյուր՝ vorotan.am

19:00 24.05.2019

Ամենաշատ ընթերցվածները