ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գովազդը դրսում և գլխի մեջ
15:00 25.05.2019

Գովազդը դրսում և գլխի մեջ

Ամեն քայլափոխի մեզ ուղեկցում են գովազդները։ Տանը՝ հեռուստացույցով, փողոցում՝ գովազդային վահանակների տեսքով, որոշ ընկերություններ էլ արդեն սկսել են իրենց գովազդել՝ բջջային հեռախոսահամարներին անհատական հաղորդագրություններ ուղարկելով։ Գովազդում են ամենատարբեր ապրանքներ ու  ծառայություններ։

Որքան արժե արտաքին գովազդ տեղադրելու թույլտվությունը Կապանում

Գովազդային հոլովակները, պաստառներն ու վահանակները միշտ ուշադրություն են գրավում: Շատերը նույնիսկ մտապահում են որոշ գովազդներ, ոմանք էլ պարզապես նայում, անցնում են: Գովազդը, բացի սպառողի ուշադրությունը գրավելու միջոց լինելուց, համայնքային բյուջեի լրացման մի փոքր մաս է կազմում։

2019թ․  համար  Կապանի համայնքապետարանը կանխատեսել է  6,5 միլիոն դրամ հավաքել արտաքին գովազդ տեղադրելու թույլտվության վճարներից։ Մայիսի 15-ի դրությամբ  2 միլիոն 320 հազար դրամ արդեն մուտքագրվել է համայնքային բյուջե։ Ըստ եկամուտների գանձման և առևտրի սպասարկման բաժնի պետ Տիգրան Հովհաննիսյանի՝ այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում կազմել էր մեկ միլիոն 70 հազար դրամ։ Արտաքին գովազդի ծավալը, քանակը, տեղաբաշխման կարգն ու պայմանները որոշում է ՏԻՄ-ը:

Տիգրան Հովհաննիսյանի խոսքով՝ համայնքի տարածքում տեղադրված սոցիալական գովազդներից գումար չի գանձվում։ Կապան համայնքի ավագանու որոշմամբ գովազդի համար մեկ քառակուսի մետրի գինը սահմանվել է ամսական 1500 դրամ, մինչև 2017 թվականը՝ օրենսդրական փոփոխությունը, 1200 դրամ էր։

Արգելվում է գովազդ տեղադրել թանգարաններում, պատմական և ճարտարապետական հուշարձանների ներսում, ինչպես նաև պետական իշխանության և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերում և նրանց տարածքում:

Գովազդային վահանակները օրենքով սահմանված կարգով պետք է տեղադրվեն այնպիսի վայրերում, որ չխանգարեն շենք-շինություններին, չխոչընդոտեն տրանսպորտային միջոցների երթևեկությանը: Այս ամենը կարգավորում է քաղաքապետարանի քաղաքաշինության բաժինը, որն էլ տալիս է համապատասխան թույլտվություն:

Ինչ դեր է խաղում գովազդը հասարակության կյանքում

Գովազդի առաջնային նպատակն է գնորդի մեջ առաջացնել տվյալ ապրանքը գնելու ցանկություն։ «Գովազդի հոգեբանության մեջ առանձնացնում ենք իրազեկում, համոզում, ներշնչանք և գործողության դրդում հոգեբանական ազդեցության հիմնական տեսակները, որոնց միջոցով էլ գովազդատուն հաջողության է հասնում: Ավելի շատ են ներշնչվում կանայք՝ ելնելով տարբեր  առանձնահատկություններից, և շատ հաճախ այն մարդիկ, ովքեր ունեն ինտելեկտի ցածր շեմ, պակաս կենսափորձ, կամ նրանց գիտակցությունը պաշտպանված չէ, այսինքն՝ լսած կամ տպավորված ինֆորմացիան չի ֆիլտրվում, ուստի բախվում է ենթագիտակցությանը, որտեղ էլ պահպանվում է և գնորդին դրդում գործողության», - հոգեբանական տեսանկյունից գովազդի առանձնահատկությունների մասին ասում է  Կապանի մանկական կենտրոնի հոգեբան Անուշ Գրիգորյանը։

Ինչպես նշում է զրուցակիցս, ամեն ինչ, սակայն, սրանով չի ավարտվում։ Որպեսզի գովազդը լինի ազդեցիկ և տպավորիչ, պետք է լինի ճիշտ ընտրված: Ճիշտ ընտրված գովազդի համար կարևոր տարրեր են գույները, ձայնի տոնը, տեմբրը, բառերի հաջորդականությունը և այլն։ Անուշ Գրիգորյանի խոսքով՝ այդ ամենը միասին ստեղծում է դրական իլյուզիա և նախապատրաստում թակարդ՝ գնորդի համար։ Ամենատպավորիչ գովազդները արտաքին գովազդներն են, որոնք գրաֆիկական, տեքստային կամ գովազդային բնույթի այլ տեղեկատվություն են տրամադրում բաց տարածության մեջ գտնվող ժամանակավոր կամ մշտական հատուկ կառույցների վրա: Կարող է տեղադրվել նաև շինությունների արտաքին մակերեսին, փողոցային սարքավորումների տարրերի վրա, ճանապարհներին։

Գովազդի մասին մի քանի հետաքրքիր փաստեր ենք առանձնացրել

Գովազդի պատմությունը` որպես ժամանակակից արվեստի ամենանշանակալից ու ազդեցիկ ճյուղի, Random History ամերիկյան նախագծի աշխատակիցները ուսումնասիրել են և ոլորտի զարգացման իրենց տեսլականը ներկայացրել փաստերով: Ըստ որի ՝

1. Գովազդի վրա աշխարհում տարեկան 500 միլիարդ դոլար է ծախսվում:

2. 65 տարեկանում մարդը միջինը 2 միլիոն գովազդային հոլովակ է դիտած լինում:

3. Առաջին գովազդային ստանդարտ վահանակը ստեղծվել է ԱՄՆ-ում դեռ 1900 թվականին: Այնտեղ էլ հենց մտածել են գովազդային վահանակները շարել ճանապարհների երկայնքով:

4․ Ցանկացած ձեռքի սլաքավոր ժամացույց միշտ ցույց է տալիս 10:10: Դա հատուկ է արվում, որովհետև ժպիտի նմանակում է և դիտողի մոտ ենթագիտակցաբար չի առաջացնում ընկճվածության զգացում:

Նելլի Միրզախանյան

 

 

15:00 25.05.2019

Ամենաշատ ընթերցվածները