ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Երջանիկ ընտանիքի բանաձև
20:00 25.05.2019

Երջանիկ ընտանիքի բանաձև

Ընտանիք ստեղծելու համար բավական է սիրել, իսկ պահպանելու համար պետք է դիմանալ և ներել. Մայր Թերեզա

Յուրաքանչյուր հայի համար ընտանիքը արժեհամակարգի ամենակարևոր բաղադրիչներից մեկն է: Բոլոր ժամանակներում էլ պետության զարգացումը դատել են ըստ հասարակության մեջ ընտանիքի զարգացման աստիճանի ու ընտանիքի հանդեպ պետության վերաբերմունքի: Ընտանիքը սիրո, հարգանքի, հանդուրժողականության աղբյուր է, որի հիման վրա էլ ձևավորվում է քաղաքակիրթ հասարակությունը: Ընտանիքի բարօրությունն է պետության զարգացման ու առաջընթացի չափանիշը:

ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեան 1993թ. կազմակերպության անդամ երկրներին կոչ է արել ամեն տարի մայիսի 15-ը որպես Ընտանիքի միջազգային օր տոնել։ Ներկայումս Ընտանիքի օրը տոնում են Սլովակիայում, Լիտվայում, Լատվիայում, Տաջիկստանում, Բելառուսում, Ուկրաինայում և մի շարք այլ երկրներում։ 2011թ. փետրվարի 9-ին ԱԺ-ն ընդունեց «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքը, որով մայիսի 15-ն ամրագրվեց որպես Ընտանիքի օր: Երջանիկ ընտանիքի բանաձևի մասին զրուցեցինք հոգեբան Հասմիկ Սիմոնյանի հետ։

«Մի հայտնի խոսքում ասվում է՝ սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ նահանգ կառավարելը։ Ընտանիքում բոլորի համար էլ ամենակարևորը հասկացված լինելն է, առավել ևս՝ նրա կողմից, ում հանդիպել են ճակատագրորեն և ում հետ ապրում են միևնույն հարկի տակ: Դիմացինի կողմից ըմբռնողության դրսևորումն օգնում է համոզվել սեփական իրավացիության մեջ և ինքնավստահություն ձեռք բերել: Դա նաև օգնում է հասնել հոգեկան հանգստության, որին ձգտում են բոլորը: Ընտանիքում հատկապես կարևոր է այն, թե ինչ միջավայրում և ընտանեկան մթնոլորտում է մեծանում երեխան։ Գիտականորեն ապացուցված է, որ երեխան որքան շատ մարդկանց հետ է շփվում, և որքան շատ մարդիկ են անկեղծորեն սիրում նրան, այնքան նրա համար ապրելը հեշտ է լինում և իրեն ավելի երջանիկ է զգում: Միայն երջանիկ, լավատեսորեն տրամադրված մարդը կարող է երջանիկ ընտանիք կազմել և կյանքի նկատմամբ իր դրական մոտեցումները փոխանցել ընտանիքի մյուս անդամներին: Իդեալական ընտանիքը հեքիաթի ժանրից չէ, այն իսկապես իրականության է վերածվում, երբ փոխադարձ սիրով կապված մարդիկ պատրաստ են լինում համատեղ նվիրվել նոր մարդու՝ սեփական զավակի դաստիարակման դժվարին գործին», - ասում է հոգեբանը՝ ընդգծելով՝ ընտանիքում ամենակարևորը սերն է:

«Ընտանիքում համերաշխության մթնոլորտը հատկապես կարևոր է զավակների մեջ սիրելու կարողություն սերմանելու համար: Ծնողների սերը զավակների հանդեպ չափազանց կարևոր է: Բայց այդ սիրուն զուգահեռ պետք չէ նրանց ամբողջությամբ վերցնել ձեր անդադար ուշադրության ներքո։ Մեր ընտանիքներում կապվածությունը ծնողի ու երեխայի միջև երբեմն այնքան ուժեղ է լինում, որ հոգեբանական տեսակետից բացասաբար կարող է ազդել: Ի տարբերություն եվրոպական ընտանիքների` հայ երեխան ավելի ուշ է հեռանում ծնողից, թուլացնում կապվածությունը։ Պետք է երեխաներին ինքնուրույնություն ձեռք բերելու հնարավորություն տալ:

Ընտանեկան կյանքում որևէ բան ձեռնարկելիս անհրաժեշտ է կայացնել համատեղ որոշումներ, հաշվի առնել յուրաքանչյուրի կարծիքը: Քանի որ ընտանեկան ամուր հարաբերությունների գլխավոր նախապայմաններից մեկն էլ հարգանքն է։ Զույգը փոխադարձ սիրուց բացի, պետք է ունենա փոխադարձ հարգանք հարաբերություններում։

Ամենամեծ առանցքն ընտանիքում սիրո գործոնն է: Այն երբ դադարում է կամ պակասում, դադարում է նաև ընտանեկան կյանքի անդորրը»:

Հոգեբանը հավելեց, որ մեծացել է նաև հանդուրժողականությունը ամուսնալուծությունների նկատմամբ: «Հասարակությունն արդեն ըմբռնումով է մոտենում ամուսնական հարաբերությունների խզմանն ու նոր ընտանիք ստեղծելու որոշմանը: Սակայն հարկ է նշել, որ բաժանությունները հաճախ լինում են ամուսնության առաջին 2­4 տարիներին, մինչդեռ այդ շրջանը հաճախ ուղղակի պետք է հաղթահարել», - ավելացրեց Հասմիկ Սիմոնյանը:

Հոգեբանը նաև նշեց, որ նախկին տարիների համեմատ ընտանեկան հոգեբանության ինստիտուտը մեր երկրում արդեն կայացել է: Մարդիկ արդեն ազատ խոսում են իրենց խնդիրներից և չեն խուսափում հոգեբանական օգնությունից։

Ինչպես ասում է Սյուզան Քինգը՝ ընտանիքը անգնահատելի նվեր է, այն պետք է պահպանել, այլ ոչ թե ոչնչացնել:

Սոնա Օհանջանյան

20:00 25.05.2019

Ամենաշատ ընթերցվածները