ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անանցանելի թեքահարթակներ և ոչ միայն
14:00 26.05.2019

Անանցանելի թեքահարթակներ և ոչ միայն

Նկատե՞լ եք, որ հաշմանդամների համար համապատասխան վայրերում նախատեսված թեքահարթակները այնպիսի թեքություն ունեն, որ նույնիսկ ոտքով անհնար է բարձրանալ։ Շատ վայրերում էլ դրանք ընդհանրապես բացակայում են։ Թեքահարթակի սկզբից 0,6 մ հեռավորության վրա հատակի մակերեսը պետք է գծերով լինի կամ վառ գույնով ներկած և առնվազն 0,05 մ բարձրությամբ եզրեր ունենա: Թեքահարթակի առավելագույն բարձրությունը չպետք է գերազանցի 0,8 մ 8% թեքությամբ: Թեքահարթակների և աստիճանների կողքերից պետք է բազրիքներ լինեն՝ համապատասխանաբար 0,7 և 0,9 մ բարձրությամբ: Թեքահարթակները դժվարությունների մի մասն են, խնդիրները շատ են և դեռ լուծումներ չստացած։  Տարեցտարի հաշմանդամների թիվը շատանում է, բայց վերջիններս հասարակությունից մեկուսանում են: Մեկուսացման հիմնական պատճառը, ըստ նրանցից շատերի, տեղաշարժման անմատչելիությունն է:

Աշխարհում ավելի քան մեկ միլիարդ մարդ ապրում է այս կամ այն տեսակի հաշմանդամությամբ, և 200 միլիոն մարդ գործունեության ընթացքում առնչվում է զգալի դժվարությունների հետ: Ամբողջ աշխարհում հաշմանդամություն ունեցող անձինք առողջապահական, կրթական և տնտեսական բնագավառներում մասնակցության համեմատաբար ցածր և աղքատության ավելի բարձր ցուցանիշներ ունեն: Սա մասամբ այն պատճառով է, որ հաճախ առողջապահական, կրթական, զբաղվածության, տրանսպորտային և տեղեկատվական ծառայությունները մատչելի չեն հաշմանդամություն ունեցող անձանց համար: Մատչելիությանը խոչընդոտող գործոնները ներառում են անկատար չափանիշներն ու ընթացակարգերը, բացասական վերաբերմունքը, ծառայությունների անհասանելիությունը, տեղեկատվության և հաղորդակցության ոչ բավարար լինելը և հաշմանդամություն ունեցող անձանց անբավարար մասնակցությունն իրենց վերաբերող որոշումների կայացման գործընթացում:

Ներկայումս հասարակության մեջ ձևավորված է մի սխալ մոտեցում հաշմանդամության խնդրի վերաբերյալ: Հաշմանդամ ասելով` ոմանք պատկերացնում են միայն անվասայլակ, քայլակից օգտվող մարդ կամ էլ առհասարակ անկողնուն գամված մարդ: Այնինչ, կան հաշմանդամության տարբեր դրսևորումներ, որոնք միավորվում են մեկ տերմինի մեջ:

Վերջին տարիների ընթացքում Հայաստանը մեծապես բարելավել է իր տնտեսությունը, ենթակառուցվածքները և հանրային ծառայությունները: Այնուհանդերձ, հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը շարունակում է դիմակայել հասարակության կողմից հաշմանդամության թյուր ընկալմանն ու ոչ պատշաճ կիրառում ունեցող օրենքներին ու կանոնակարգերին, որոնք հիմնականում անծանոթ են հաշմանդամություն ունեցող անձանց: Հատուկ մասնագիտական դպրոցների մեծ մասը կարողություններ և հնարավորություններ չունի կրթական ծրագրերում հաշմանդամություն ունեցող անձանց ընդգրկելու համար: Վերապատրաստումների և աշխատանքի բացակայության պայմաններում հաշմանդամություն ունեցող անձինք բավարարվում են կառավարության կողմից սահմանված թոշակով: Նրանք համապատասխան տեղեկատվություն չունեն իրենց իրավունքների մասին և վարում են խիստ սահմանափակ կյանք՝ մերժվելով հասարակության կողմից և խտրականության ենթարկվելով աշխատավայրում:

Անհրաժեշտ է լայնածավալ իրազեկում հասարակության մեջ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերյալ: Հույժ կարևոր է նաև հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության հնարավորությունների, աշխատանքային ունակությունների վերաբերյալ կրթական միջոցառումներ անցկացնել թե՛ հանրության, թե՛ հատկապես գործատուների շրջանում: Տեղեկատվության տարածումն ու կրթական միջոցառումները կնպաստեն նաև հանրային վերաբերմունքի փոփոխությանը:

Սոնա Օհանջանյան

14:00 26.05.2019

Ամենաշատ ընթերցվածները