ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ծուխ առանց կրակի՝ սու՞տ, թե՞ իրականություն
15:00 02.06.2019

Ծուխ առանց կրակի՝ սու՞տ, թե՞ իրականություն

Որպես ծխախոտի այլընտրանք՝ վերջերս հայկական շուկա են մուտք գործել էլեկտրոնային ծխախոտները։ Հասարակության մեջ կա կարծիք, որ այս ծխախոտը անվտանգ է և առողջությանը ոչ մի վնաս չի պատճառում։ Էլեկտրոնային սիգարետի մոդելները չափազանց շատ են: Դրանք տարբերվում են արտաքին տեսքով, չափսերով և ներքին կառուցվածքով: Կան ավտոմատ (ակտիվանում են ավտոմատ, օգտագործելու ընթացքում) և ձեռքի ղեկավարմամբ (ակտիվանում են կոճակը սեղմելով) էլեկտրոնային սիգարետներ: Դրանք հատկապես վերջին տարիներին տարածում են գտել հանրության շրջանում և ի սկզբանե ստեղծվել էին ծխելը թողնելու հարցում մարդկանց օգնելու համար: Դա պետք է զգալիորեն կրճատեր մի շարք հիվանդությունների քանակը: Ավանդական ծխախոտի մեխանիզմը շատ պարզ  է՝ ծխախոտն այրվում է, թթվածնի համադրությամբ առաջանում է ծուխը: Իսկ էլեկտրոնային ծխախոտը  այրում է քիմիական բաղադրության հեղուկը, որը, որպես կանոն, նիկոտին և բուրավետ բաղադրիչներ է պարունակում։  Առանց խեժի ու այլ վնասակար բաղադրիչների նիկոտին մատակարարելով ու միաժամանակ ծխողի ցանկությունը բավարարելով՝ էլեկտրոնային ծխախոտը ծխողների համար ավելի առողջ այլընտրանք պետք է  դառնար:

Անվտա՞նգ է արդյոք էլեկտրոնային ծխախոտը, թե՞ ոչ: Այս հարցը ունի երկու հակադիր պատասխան՝ արտադրող ընկերություններն ու նրանց մասնագետները պնդում են, որ դա վտանգավոր չէ ու չի պարունակում թունավոր նյութեր, մյուսը խումբը պնդում է, որ այն ոչնչով չի տարբերվում սովորական ծխախոտից:

Բժիշկ Սամվել Մկրտչյանը ասում է, որ այս հարցը դեռ խորը զննության կարիք ունի, բայց, ըստ այժմ ունեցած տեղեկությունների, էլեկտրոնային ծխախոտը ավելի ճիշտ է անվանել նիկոտինի մատակարարման էլեկտրոնային տարբերակ, և պետք է հստակ հասկանալ, որ խոսքը նույն նիկոտինի մասին է, նույն այն հին, լավ հայտնի նիկոտինային կախվածության: «Եթե լսենք արտադրողներին, ապա ստացվում է, որ բոլոր արտադրանքները, որ տեսնում ենք սուպերմարկետներում, ընդհանրապես չեն պարունակում տրանս-ճարպեր, կոնսերվանտներ, շաքար, գենետիկորեն մոդիֆիկացված օրգանիզմներ (GMO), տոքսիններ, հորմոններ և ընդհանրապես, օգտակար են առողջության համար: Սակայն ցանկացած  հայտարարություն արժե մանրամասն ուսումնասիրել: Ըստ էության, օրգանիզմ նիկոտինի ներթափանցման մի ձևը փոխարինվել է մեկ այլ ձևով: Լինի դա նարգիլե, ավանդական կամ էլեկտրոնային ծխախոտ՝ ծխախոտի օգտագործումը դադարեցնելու վրա դա որևէ կերպ չի ազդում: Կախվածությունը մնում է կախվածություն, որոնք առաջացնում են այս միջոցները։ Սրա ապացույցն այն է, որ սննդի ու դեղորայքի անվտանգության կոմիտեն էլեկտրոնային ծխախոտը չի ներառել ծխելը թողնելու միջոցների ցանկում: Արտադրողներն էլ, որպես կանոն, դրանք անվանում են ծխախոտի այլընտրանք՝ չափահաս ծխողների համար: Բայց, ըստ մի շարք ուսումնասիրությունների, այն կարող է բարձր զարկերակային ճնշման, սրտի ռիթմի խանգարումների պատճառ դառնալ և հանգեցնել ճարպակալման և շաքարախտի: Իսկ մրգային և հրուշակեղենի բույրով էլեկտրոնային ծխախոտը նույնիսկ ավելի վտանգավոր է, քանի որ դրանք կարող են անչափահասներին ներգրավել ծխամոլության մեջ: Ծխախոտային ընկերությունները մտածել են այդ նորաոճ գաջեթները` պոտենցիալ ծխողին գայթակղելու համար։ Սակայն, միևնույն է, դրանք օգտագործելիս ծխանյութը տաքանում է, այսինքն` ներս է գնում նույն նիկոտինը», - ասում է բժիշկը։

Մինչ մասնագետները խոսում են էլեկտրոնային ծխամորճերի վնասի մասին, իսկ արտադրողները` հակառակի, ծխողներն ընտրում են այն, ինչ ցանկանում են։ Իսկ առողջապահության նախարարությունը շարունակում է հորդորել. «Ծխելը վնասակար է առողջությանը»։

Սոնա Օհանջանյան

15:00 02.06.2019

Ամենաշատ ընթերցվածները