ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ա․Կամյու․ «Անկում»
19:00 02.06.2019

Ա․Կամյու․ «Անկում»

Բուռն ու սրընթաց գործողություններ չկան այս վիպակում։ Խոսում է մի մարդ։ Եվ որքան շատ է խոսում, այնքան ցավալիորեն ակնհայտ է դառնում մարդկային հարաբերությունների այլասերումը։ Ինչու՞ են սուտն ու կեղծիքը այդքան փոփոխությունների ենթարկել մարդկային ներաշխարհը։ Ֆրանսիացի մեծագույն գրող Ալբեր Կամյուի հերոսի ինքնախոստովանությունը դառնում է անկման անօրինակ դրսևորման պատմություն։

Հերոսը՝ Ժան-Բատիստ Քլամանսը, երկար ժամանակ ապրել է Ֆրանսիայում, ապա հեռացել Հոլանդիա։ Ամստերդամի սրճարաններից մեկում՝ «Մեքսիկո-Սիթիում», ժամանակակից մարդուն բնութագրելիս նա առավել քան տխուր դատողություն է անում․«Ինձ միշտ թվացել է, որ մեր հայրենակիցները երկու կիրք ունեն՝ գաղափարները և շնանալը»։ Ասվածը վերաբերում է ոչ միայն ֆրանսիացիներին, այլև ամբողջ Եվրոպային․ «Երբեմն մտածում եմ, թե ինչ են գրելու ապագա պատմաբանները մեր մասին։ Ժամանակակից մարդուն բնութագրելու համար մի նախադասությունը բավական է լինելու․ նրանք շնանում էին և թերթեր կարդում»։

Զրուցակցին նա ներկայանում է որպես խոստովանող դատավոր, սակայն չի շտապում տալ այդ անսովոր բառակապակցության բացատրությունը։ Նախ մի շարք նկատառումներ է հայտնում։ Դատավոր լինելով հանդերձ՝ արհամարհում է դատավորներին։ Նրանց հետ շփվելը պարզապես բավականին նյութական օգուտ է տվել։ Առհասարակ կյանքն ընդունել է այնպես, ինչպես նա կար։ Կարևոր է համարել նրանից օգուտ քաղելը։ Երբեք իրեն չի զրկել հաճույքներից, մի տոնակատարությունից դեպի մյուսն է վազել՝ երբեք չմտածելով պարտավորությունների մասին․ «Մարդն այսպես է, սիրելի՛ պարոն, երկու երես ունի․ չի կարող սիրել առանց ինքն իրեն սիրելու»։

Եվրոպայում էլ է շատ բան փոխվել։ Կարծիք հայտնելն այլևս ընդունված չէ․ «Մենք երկխոսությունը փոխարինել ենք հաղորդագրությամբ․ «Այս է ճշմարտությունը, - ասում ենք մենք։ - Դուք կարող եք վիճել այդ մասին, դա մեզ չի հետաքրքրում։ Բայց մի քանի տարի հետո կգա ոստիկանը և Ձեզ ցույց կտա, որ իրավունք ունեցողը ես եմ»»։ Այդ պատճառով էլ ստրկությունը, իհարկե, ոչ բացահայտ ստրկությունը, անխուսափելի է համարում։

Կույրերին օգնում է փողոցն անցնելիս։ Բայց դա էլ որոշակի նպատակ ունի։ Երբ կույրը տեղ է հասնում, նա հանում է գլխարկը․ «Գլխարկ հանելու այդ շարժումը նրան չէր ուղղված, նա այն տեսնել չէր կարող։ Ուրեմն ու՞մ էր ուղղված։ Հասարակությանը։ Դերակատարումից հետո՝ ողջույններ։ Վատ չէ, չէ՞»։ Ոչ թե ուզում էր ամենախելացին ու ամենաառատաձեռնը լինել, այլ ամենաուժեղը։ Նպատակը հասարակությանը իշխելն է։ Ինքն իրեն մյուսներից չի առանձնացնում․ «Մարդիկ սկսում են ընդհանրապես քաղաքականությամբ զբաղվել և վազում են դեպի ամենավայրագ կուսակցությունը։ Ի վերջո, ի՞նչ կարևորություն ունի, երբ, միտքը ստորացնելով, մարդ կարողանում է բոլորին տիրել։ Ես իմ մեջ հայտնաբերում էի ճնշողի քաղցր երանգներ»։

Հաճույքների շղթայում կանայք, բնականաբար, կարևոր տեղ են գրավում։ Նրանց նվաճելը որևէ դժվարություն չէր ներկայացնում։ Կանայք նրան հմայիչ էին համարում։ Բայց սեր չկար․ «Իմ կյանքում ես մի մեծ սեր ունեցա, և այդ սիրո առարկան միշտ ես եղա»։ Որպես իրավաբան՝ խոսելու դժվարություն չուներ, շարժումներն էլ նուրբ էին․ բանակում սիրող դերասան է եղել։ Սկզբունքների մասին չէր մոռանում։ Բայց ի՜նչ սկզբունքներ․ «Ընկերներիս կանայք ինձ համար սուրբ էին։ Պարզապես ամենայն անկեղծությամբ մի քանի օր առաջ դադարում էի նրանց ամուսինների հետ բարեկամություն անել»։

Եթե անկեղծ էր լինում, ապա միայն հաճույքների ժամանակ։ Քաղաքավարությամբ ու հուզմունքով թքում է բոլոր կույրերի երեսին, խոստովանում է, որ ալկոհոլն ու կանայք են միայն թեթևություն բերում։ Գալիս է մի պահ, երբ այլևս բարեկամներ չեն մնում։ Նրանց տեղը գրավում են մեղսակիցները․ «Յուրաքանչյուր մարդ ուրիշների հանցանքի համար վկա է․ ահա թե ինչի վրա են հիմնվում իմ հավատը և իմ հույսը»։

Դեպի ու՞ր է տանում այս ամենը։ Ելքը, սակայն, գտել է։ Խոստովանող դատավորից դարձել է խոստովանեցնող դատավոր։ Նրա ճառերը, որոնցով մի ժամանակ ձգտում էր առհասարակ որևէ բան չասել, այժմ նպատակ ունեն։ Առաջինն է ինքն իրեն դատապարտում և հորդորում է սկսել դատապարտումը բոլորի վրա տարածելուց։ Ինքը զբաղված է մի դիմանկար ստեղծելով, որ իրենն է և միաժամանակ նման է բոլորին։ Այսինքն՝ սկսում է «ես»-ից՝ անցնելով «մենք»-ի, և հենց այդ ժամանակ էլ, երբ ամբաստանագիրն ավարտված է լինում, ավարտվում է նաև խաղը։ Ինքը նման է մյուսներին, բայց մի առավելություն ունի․ «Որքան ես դատապարտում եմ ինձ, այնքան իրավունք եմ ունենում դատելու ձեզ։ Ավելին, ես ձեզ մղում եմ ինքներդ ձեզ դատելուն, մի բան, որ ինձ թեթևացնում է»։

Թերևս այդ թեթևացումն է պատճառը, որ չի փոխում կենսաձևը, և, ինչպես միշտ, իրեն թույլ է տալիս ամեն ինչ․ «Շարունակում եմ ինձ սիրել և ուրիշներին օգտագործել»։ Եվ, իհարկե, ակնկալիքներ ունի։ Նստելու է «Մեքսիկո-Սիթիում» և սպասելու է զրուցակցի խոստովանությանը՝ վստահ լինելով, որ վաղ թե ուշ նա վերադառնալու է։

Ամեն ոք իրեն երջանիկ է զգում յուրովի։ Խոստովանող կամ խոստովանեցնող դատավորն էլ իր տարբերակն է գտել․ ձգտում է դեպի բարձունքներ, որ այնտեղից սփռի այլասերում՝ ընդգծելով համատարած անկման ահագնությունը։

Արթուր Իսրայելյան     

19:00 02.06.2019

Ամենաշատ ընթերցվածները