ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Աիդա Մուրադյան. Հայաստանում 10 երեխայից 7-ը բռնության է ենթարկվում
18:00 01.06.2019

Աիդա Մուրադյան. Հայաստանում 10 երեխայից 7-ը բռնության է ենթարկվում

«Կա տեսակետ, որ բոլոր տեսակի բռնությունների հիմքում ընկած է ընտանեկան բռնությունը։ Այն երեխաները, որոնք ընտանիքում ենթարկվում են բռնության, առավել հակված են հետագայում բռնարար դառնալուն»,- Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված մամուլի ասուլիսում նման կարծիք հայտնեց Երեխաների պաշտպանության ցանցի նախագահ Աիդա Մուրադյանը։

Նա պնդում է, բռնության հետևանքը միայն երեխայի այտին մնացած կարմրությունը չէ, հետևանքներն ավելի մեծ են,  ավելի ցավալի, ավելի երկարատև, քան կարող ենք պատկերացնել։

«Մեծ Բրիտանիայի առողջապահական հետազոտությունների ինստիտուտը մի հետազոտություն է կատարել կանանց շրջանում՝ համեմատելով մինչև 18 տարեկանը պարբերաբար բռնության ենթարկված ու չենթարկված կանանց։ Պարզվել է, որ այն կանայք, ովքեր պարբերաբար ենթարկվել են բռնության, մինչև 50 տարեկանում մահանալն 80 տոկոսով ավելի է, քան այն կանանվ, ովքեր բռնության չեն ենթարկվել։ Բռնությունն իսկապես հետևանքներ է թողնում մարդկանց առողջության վրա»,-ներկայացրեց Մուրադյանը։

Նա վկայակոչեց նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության իրականացրած հետազոտության արդյունքերը, որոնք ցույց են տալիս բռնության ու հոգեկան առողջության միջև կապը։

«Հոգեկան խնդիրների 30 տոկոսը կախված են մանկության ընթացքում  բռնության ենթարկվելու փաստի հետ»,-ասաց նա։

Մուրադյանի խոսքով, հայաստանում 10 երեխայից 7-ը ենթարկվում է  բռնության որևէ տեսակի։ Իրենց կազմակերպության իրականացրած հարցումների արդյունքում, ծնողների 67 տոկոսը նշել է, որ բռնությունը դաստիարակության արդյունավետ մեթոդ չէ։

«Բայց միևնույն ժամանակ նրանք նշել են, որ որևէ այլ մեթոդի չեն տիրապետում։ Ժամանակակից աշխարհում ծնողավարությունը հոգեբանության ամենալայն ուսումնասիրվող ճյուղն է։ Դա տալիս է հազարավոր հուշումներ, մեթոդներ այն մասին, թե ինչպես կարելի է ավելի երջանիկ, ավելի կայացած երեխա դաստիարակել։ Ստացվում է, որ ամենակարևոր մասնագիտության մասին՝ ծնող լինելու մասին մեզ ոչ մի տեղ չեն սովորեցնում, ոչ դպրոցում, ոչ բուհերում»,-մտահոգություն հայտնեց նա։

Մուրադյանը նշում է, սեփական օրինակով երեխային դաստիարակելը ոչ թե ամենալավ, այլ միակ ձևն է։

«Պետք է հիշենք, որ չկա օրվա կոնկրետ ժամ, պահ, վայր, որտեղ ու երբ պետք է դաստիարակել երեխաներին։ Նրանք ապրում են մեզ հետ ու սպանուգի նման կլանում են այն ազդեցությունը, որում մեծանում են։ Հետևաբար ծնողներն են հանդիսանում երեխայի համար այն էտալոնը, ում նայում են ու ընդօրինակում են»,-ասաց նա։

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 01.06.2019

Ամենաշատ ընթերցվածները