ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Կոոպերատիվները՝ տնտեսության առանցքային ուժ
17:00 04.06.2019

Կոոպերատիվները՝ տնտեսության առանցքային ուժ

Հպանցիկ ակնարկ

Ըստ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ կոոպերատիվը քաղաքացիների և իրավաբանական անձանց անդամության վրա հիմնված ու իր անդամների գույքային փայավճարների միավորման միջոցով մասնակիցների նյութական և այլ կարիքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր միավորում է։ Իսկ ավելի պարզ ձևակերպմամբ՝ կամավոր սկզբունքով ստեղծված տնտեսական միավոր է, որը նպատակ ունի ապրանքներ ու ծառայություններ արտադրել և մատակարարել։

Գյուղացիները համախմբվում են հիմնականում գյուղատնտեսական ու սպառողական կոոպերատիվների մեջ։ Վերջինս տարբերվում է առևտրային բնույթով և համարվում է ոչ առևտրային։ Տնտեսական այս միավորները կարող են հաջողել, եթե անդամներն առաջնահերթ ունենում են լիարժեք մասնակցություն կոոպերատիվի գուծունեությանը, այսինքն՝ ակտիվ են ռիսկերի մեղմացման, շահույթի բաշխման գործընթացում, որպես անդամ հստակ դիրքորոշում ունեն այս կամ այն հարցի կամ որոշման վերաբերյալ և, իհարկե, ներդրողամետ են։ Եվ ամենակարևոր նախապայմանն այն է, որ չպետք է մտածեն միայն գերշահույթի, այլև համայնքի կարիքների բարելավման մասին։ Կոոպերատիվների գործունեությունը կարգավորվում է կանոնադրությամբ։ Ընդգրկված պետք է լինի առնվազն 3 հոգի, պակասի դեպքում կլուծարվի, իսկ առավելագույնը անսահմանափակ է։

Որպես օրինակ

Սպառողական կոոպերատիվ է Սիսիան համայնքի Շաղատ բնակավայրի «Արոտ օգտագործողների միավորումը», որը մեկ ամիս է, ինչ ստեղծվել է Եվրամիության աջակցությամբ։ Ներկայացուցիչների խոսքով՝ նպատակ ունեն ոչ այնքան շահույթ ստանալ, որքան համայնքին օգնել։ Աշխատակից Ռուդոլֆ Չիրովի խոսքով՝ առավոտյան 9-ից սկսում են աշխատանքը և շարունակում մինչև ուշ երեկո։ Հաճարի ձավարի արտադրամասը հագեցած է ժամանակակից տեխնիկայով, սարքավորումները եվրոպական և տեղական արտադրության են, հիմնական բեռնվածությունը ընկնում է զտիչի ու աղացի վրա։ Օրական հնարավոր է լինում մշակել, տեսակավորել 7-8 տոննա։

Այս կոոպերատիվում նաև կտավատից ձեթ են ստանում, որը կարելի է օգտագործել ամենատարբեր նպատակներով։ Նախագահ Տիգրան Խաչատրյանն ասում է․ «Մեր համայնքում, հարակից բնակավայրերում շատերն են զբաղվում ձեթի արտադրությամբ, մեծ մասամբ՝ սննդօգտագործման նպատակով։ Այս ավանդույթը չենք խախտել, ուստի մենք արտադրում ենք ավելի շատ բուժական նպատակով։ Օգտակար է հատկապես ստամոքսային խնդիրների դեպքում»։ Կոոպերատիվը համագործակցում է «Շեն» բարեգործական հկ-ի հետ։ Մարզային պատասխանատու Աշոտ Ամիրխանյանի խոսքով՝ այն կարող է հաջողել, քանի որ Սիսիանի տարածաշրջանում հացահատիկային կուլտուրաներից հիմնականում ցանում են հաճար, ուստի իրացնելու հետ կապված ռիսկերը հաշվի են առել։ Կան մարդիկ, որոնք տանում են և անմիջապես ճանապարհին են վաճառում, կան, որ տանում են մայրաքաղաք։

Վարկերը՝ պատուհաս

«Արոտ օգտագործողների միավորում» կոոպերատիվի նախագահ Տիգրան Խաչատրյանը պատմում է՝ համայնքը իրենց 30 հա վարձակալական հող է տրամադրել, ուզում էին այդտեղ կտավատի ու հաճարի ցանքատարածություններ ստեղծել, բայց չստացվեց։ «Հավաստագիր ենք ստացել և ուզում էինք ցանքս սկսել, դիմեցինք «Անիվ», «Կամուրջ» վարկային կազմակերպություններին, «Ագբա-Կրեդիտ Ագրիկոլ», «Ֆան» բանկերին, բայց ստացել ենք պատասխան, որ մեր կոոպերատիվը գյուղատնտեսական չէ, սպառողական է, դրա համար վարկ չեն տալիս»։ Խնդրի վերաբերյալ զրուցեցինք փորձագետ Գոռ Մովսեսյանի հետ, ով երեք հիմնական պատճառ նշեց․

1․Առաջինը՝ սպառողական կոոպերատիվների ոչ առևտրային բնույթն է։ Բանկերը ձգտում են վարկային հարաբերությունների մեջ չմտնել սպառողականների հետ, քանի որ նրանք շահույթ չեն հետապնդում, մինչդեռ վարկառուն ենթադրում է տոկոսի ձևով շահույթի մի մասի վերադարձ՝ որպես վարկից օգտվելու վճար։

2․Երկրորդը՝ կոոպերատիվի անդամների վարկային պատմությունն է, որը հաշվի է առնվում նաև գյուղատնտեսականների դեպքում։ Ուսումնասիրում են բոլոր անդամների վարկային պատմությունները։ Ցավոք, գյուղացիների մեծ մասը ունի մեկ և ավելի վարկ, սրանց մի մասն էլ ժամկետանց է, ուստի սա ևս արգելակ է։

3․Երրորդ հիմնական պատճառը գրավի բացակայությունն է։ Գյուղացիները գրեթե ոչինչ չունեն գրավ դնելու համար, իսկ բանկն ապահովություն է պահանջում։ Չի ցանկանում ռիսկի դիմել, նախընտրում է դրա փոխարեն, օրինակ, ապառիկ տալ։   

Իբրև վերջաբան

Գյուղատնտեսության ոլորտում կան բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ վարկավորման հարցեր։ Հասկանալի է, որ դրանց լուծման համար մեխանիզմներ են պետք, և, որ ամենակարևորն է, դրանց իրագործման համար պատասխանատուներ։ Ահա այստեղ հարց է առաջանում․ ո՞վ պետք է լուծի դրանք գյուղնախարարության կրճատման պայմաններում։ Սա դեռևս պետական մակարդակով հստակեցված չէ, ուստի ենթահարցերի մասին մտածելը դեռ վաղ է։

Անուշ Միրզոյան

 

17:00 04.06.2019