ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Շնչափողը՝ ծխնելույզ
19:00 04.06.2019

Շնչափողը՝ ծխնելույզ

ՀՀ առողջապահության նախարարությունը մշակել է «Ծխախոտի օգտագործման և ծխախոտի ծխի ազդեցության հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրենքի նախագիծ: Այն նախատեսում է օրենսդրական մի շարք բարեփոխումներ, այդ թվում՝ հանրային վայրերում ծխախոտային արտադրատեսակների օգտագործման համապարփակ արգելք, այդ արտադրատեսակների ու նմանակների, փոխարինիչների, գովազդի, հովանավորության և առաջխաղացման արգելքներ: 

Մինչ կառավարությունը հավանության կարժանացնի կամ չի արժանացնի այս օրինագիծը և  կներկայացնի Ազգային ժողով, մայիսի 31-ին ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում,  նշվեց առանց ծխախոտի համաշխարհային օրը։

«Ավելի լավ է հաց չուտեմ, քան թե չծխեմ»

Գագիկ Հովհակիմյանի (անուն-ազգանունը փոխված է) նման է մտածում յուրաքանչյուր երկրորդ ծխախոտամոլ։ Օրական նվազագույնը 2-3 տուփ ծխախոտ է գնում, ծախսում 800-1000 դրամ, վնասում առողջությունը, դրա հետ մեկտեղ ֆինանսական կորուստներ ունենում, սակայն չի կարողանում հրաժարվել այդ սովորությունից: «Գիտակցում եմ, որ մի շարք առողջական խնդիրներ է առաջացնում, բայց 20 տարի է՝ ծխախոտի  գլանակը իմ անդավաճան ընկերն է», - ասում է ։

Թե Կապանի բնակչության քանի տոկոսն է ծխախոտամոլությամբ տառապում, նման վիճակագրություն չկա: Հարցումներ երբևէ չեն կատարվել, իսկ հիվանդանոցում կամ պոլիկլինիկայում ծխախոտամոլությունից բուժվող հիվանդներ չկան: Առողջապահական կենտրոններում պայքարում են ծխելու դեմ․ հասարակությանը իրազեկում են բուկլետների, պաստառների միջոցով, որքանով է արդյունավետ պայքարի այդ տեսակը, քննարկման հարց է, իսկ ահա այլ է խնդիրը Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում։ Այստեղ նույնպես չեն խրախուսում ծխելը, բայց քանի որ գործ ունեն հոգեկան անհավասարակշիռ վարքագծով անձանց հետ, չեն կարող միանշանակ արգելել կամ բացառել ծխախոտի օգտագործումը։

70 հիվանդ է բուժվում դիսպանսերում: Մոտ 40-ը տղամարդիկ են, բոլորն էլ՝ ծխող: Կենտրոնում  առանձնացվել է հատուկ վայր ծխելու համար, այն է՝ բացօթյա պատշգամբ: «Ենթադրենք ծխելը արգելվում է, բայց հոգեկան հիվանդը, եթե ցանկանա ծխել ու չտաս, նրա հոգեվիճակը ի՞նչ կլինի։ Նա ի վիճակի չէ հասկանալու, դրություն մտնելու, իրեն զսպելու, հատկապես քրոնիկ հիվանդները, ովքեր տևական բուժում են անցնում, հիմնական մխիթարանքը ուտելը, ծխելը, երբեմն էլ հարազատին տեսակցելն է», - ասում է կենտրոնի տնօրեն Արարատ Վարդանյանը։

Դիսպանսերը հիվանդներին ծխախոտ չի տրամադրում, հիվանդատերերն են ապահովում։ Բժիշկ Վարդանյանը պարզաբանում է՝ կախվածությունը ինքնին հիվանդություն է: Եթե մարդ անընդհատ ծխախոտ է օգտագործում, դա կենսակերպ է դառնում, նիկոտինի պահանջն էլ խեղդում է:

Սյունիքի մարզային նյարդահոգեբուժական դիսպանսերում կախվածության տարբեր հիվանդություններ են բուժել, բայց նիկոտինային կախվածությունից հրաժարվել ցանկացողներ մինչ օրս չեն եղել:

Ծխախոտի տուփի վրա գրված է՝ «վնասակար է առողջության համար», սակայն նույն հաջողությամբ ծխախոտ արտադրող ընկերությունները պարբերաբար ակցիաներ են անում՝ անուղղակի ստիպելով ծխողին մի քանի տուփ ավելի գնել ու շահել։ Նման դեպքի ականատես եղա ընդամենը օրեր առաջ։ Ծանոթ երիտասարդներից մեկը, ով արդեն տևական ժամանակ է՝ ծխում է, չկարողացավ անտարբեր անցնել հերթական ակցիայի կողքով և մի քանի տուփ ավելի ծխախոտ գնեց ու․․․ շահեց հիշողության կրիչ (ֆլեշկա)։ Արտադրողը իր գումարի տերն է, առողջությունը քայքայող այդ չարիքից մարդը պետք է իր կամքով հրաժարվի։

Նելլի Միրզախանյան

 

19:00 04.06.2019

Ամենաշատ ընթերցվածները