ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Խաղամոլություն. ինքնակամ գերություն
18:00 05.06.2019

Խաղամոլություն. ինքնակամ գերություն

Խաղային կախվածությունն ավելի շատ բնորոշ է մեզ նման զարգացող կամ վատ զարգացած երկրներին: Հայաստանում աճի միտում կա։ Թեև խաղատները ժամանակին Երևանից հանեցին, բայց այսօր ավելի հասանելի են դարձել, ու մեծ գումարներ են այսօր ներդնում բուքմեյքերական ընկերությունները՝ գովազդի համար: Ամբողջ Հայաստանով մեկ, բնակելի շենքերի տակ հարմարավետ տեղակայվել են բուքմեյքերական գրասենյակներ, գազաբենզալցակայաններում նույնպես տեղադրվել են խաղային ավտոմատներ, որոնք խնդիրը էլ ավելի են բարդացնում: Օրինակ, Կապանի իքս շենքի բնակիչների բողոքը․ գրասենյակների գտնվելու վայրը հետաքրքրություն է առաջացնում երեխաների շրջանում, անընդհատ հարցնում են՝ դա ինչ է, այնտեղ ինչով են զբաղվում։

Ամուսինները աշխատանքից հետո գալիս են մտնում այնտեղ, եթե շենքից հեռու լինի, ուղիղ տուն կգան։ Նրանց խոսքով՝ անուղղակի շարժառիթ է ստեղծում խաղալու համար։ Փորձենք միասին հասկանալ, թե խաղալու մոլուցքը ինչ խաղ կարող է խաղալ մեր գլխին, եթե անհապաղ միջոցներ չձեռնարկենք: Ներողություն կալամբուրի համար:

Տպավորիչ վիճակագրություն

Ըստ վիճակագրության՝ խաղամոլությունը Հայաստանում ունի հետևյալ տարիքային դրսևորումները. 21-30 տարեկան (44,3 տոկոս), 31-40 (37,7 տոկոս), 41-50 (14,9 տոկոս), 51-65 (3.1 տոկոս): Շատ մոտավոր հաշվարկով ամբողջ Հայաստանում 63 000 մարդ խաղացող է: Եթե այս թիվը բազմապատկենք անուղղակի վնաս կրող ընտանիքի միջինում 3 անդամի թվով, ապա ստանում ենք ավելի մեծ թիվ, քան գործազուրկների թվաքանակն է:

«Ներկայումս վիճակախաղերի իրականացումը կատարվում է ՀՀ ողջ տարածքում, այդ թվում՝ մարդաշատ վայրերում: Սա վիճակախաղերով հրապուրվելու վտանգ է ստեղծում»,-արձանագրեց օրենքի նախագծի հեղինակներից ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա նշեց, որ օրենքն ուժի մեջ է մտնելու 2020թ. նոյեմբերից, բայց դա չի վերաբերում ավտոմատ-խաղային սարքավորումներին, որոնք տեղադրված են գազալցակայաններում: Դրանք հանվելու են օրենքի՝ ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այդ խաղային սարքավորումները զրո հարկ են վճարում. «Դրանց պատճառով ինքնասպանության դեպք է եղել, իսկ մի քաղաքացի մտել է լցակայան՝ սարքավորումը կոտրելու նպատակով: Իմ տվյալներով՝ կա մոտ հազար խաղային մեքենա՝ 1500-ական դոլար արժողությամբ: Մոտ երեք ամիս անց մեկ սարքավորման գինը «դուրս է գալիս»: Պատկերացնո՞ւմ եք վիճակը»:

2010 թվականին բուքմեյքերական բոլոր ընկերությունների շրջանառության ծավալը կազմում էր 14 մլրդ դրամ, իսկ 2018-ին այդ թիվը հասել է 306 մլրդ դրամի։ Այսինքն՝ այն ավելացել է 23 անգամ։ Այս մասին Հայաստանի Ազգային ժողովի նիստում «Վիճակախաղերի մասին» օրենքում լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ մայիսի 31-ն ասել է «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Հայկ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այդ 306 մլրդ դրամից բյուջե է մտել ընդամենը 4 մլրդ դրամ, այսինքն՝ ամբողջ շրջանառության 1,4 տոկոսը։ «Եթե մեզ հաջողվի դիմակայել դրան, և այդ 306 մլրդ դրամն ուղղվի այլ ճյուղեր, ապա մենք կունենանք մոտ 20 մլրդ դրամի մուտք բյուջե», - նշել է պատգամավորը։ Միևնույն ժամանակ, Սարգսյանի հավաստմամբ, շրջանառության 83 տոկոսն այս ոլորտում կատարվում է օնլայն խաղերի օգնությամբ և միայն 16-17 տոկոսը՝ գրասենյակների միջոցով», - ասել է խորհրդարանականը։ Ընդ որում՝ նրա խոսքով, առցանց խաղերի եւ տոկոսադրույքների տեսակարար կշիռը շարունակում է ավելանալ, եւ եթե անգամ ոչինչ չարվի, ապա 1-2 տարի հետո բուքմեյքերական գրասենյակները կփակվեն, քանի որ հանրապետությունում տարածված կլինեն միայն մոլախաղերի առցանց տարբերակները։ «Եթե այդ գրասենյակները փակվեն էլ, ապա դրանց մեծ մասը կգնա առցանց ոլորտ։ Մենք չենք պայքարի մոլախաղերի դեմ, պարզապես տեղի կունենա աշխատատեղերի կրճատում»,- ընդգծել է պատգամավորը։

Հոգեբանական գործոն

«Խրոնիկական տխրություն, լարվածություն, մենակության զգացում, ռիսկի դիմելու հակում, անհամապատասխան ինքնագնահատական, զանազան հոգեբանական շեղումներ: Ահա այն անձնային գծերը, որոնք խաղամոլների մեջ բացահայտվել են թեստային հետազոտությունների շնորհիվ», - նշում է հոգեբանական գիտ. դոկտոր Սամվել Խուդոյանը psylife.am կայքում:

Խաղամոլության ձևավորմանը նպաստում են կյանքի անբարենպաստ պայմանները, սթրեսները, ընտանիքի անբարենպաստ հոգեբանական մթնոլորտը:

Այսօր բազում գիտնականներ խաղամոլությունը դասում են քիմիական կախվածության դասին: Այսինքն, եթե ձեր ծանոթը չի շրջանցում խաղային տները կամ բուքմերական գրասենյակները, ապա վստահ կարելի է խոսել նրա թմրամոլական կախվածության մասին:

Հայաստանում լուրջ հետազոտություններ չկան, որոնք մեզ այդքան անհրաժեշտ են լիարժեք պայքար ծավալելու համար: Մինչդեռ վերջերս հանդիպել եմ լրագրող Ջոհան Հարիի ելույթին, որը պարզապես ոչնչացնում է մինչ այսօր խաղամոլության կամ թմրամոլության դեմ գոյություն ունեցող պայքարի մեր մոտեցումները: Եվ այսպես, Ջոհանը վստահ է, որ մեր պատկերացումները բոլոր տեսակի մոլուցքների նկատմամբ արմատապես սխալական են: 20-րդ դարում արվել է այսպիսի մի հետազոտություն․ վանդակի մեջ տեղադրվել է երկու շիշ, մեկը՝ հասարակ ջրով, մյուսը՝ թմրանյութով հագեցած ջրով: Վանդակի մեջ գցված առնետները օգտվել են ավելի հաճախ թմրանյութ պարունակող շշից: 70-ականներին գիտնական Բրյուս Ալեքսանդրը, որը Վանկուվերի համալսարանի հոգեբանության դասախոս է, նայեց այդ վանդակին և ասաց. «Ահ, առնետները տեղակայված են դատարկ վանդակում և չունեն ոչ մի բան անելու, քան օգտվել այդ ջրից»: Պրոֆեսոր Ալեքսանդրը փոխեց վանդակը, սարքեց այն հարմարավետ, ստեղծեց դրախտ առնետների համար, սահելու թունելներ, շատ քաղցրավենիք և պանիր: Առնետները ամբողջ օրը խաղում էին, զբաղվում էին սեքսով, ուտելիքն էլ անսպառ էր: Բնականաբար, այդ նոր դրախտային վանդակում մնացին վերոնշյալ երկու շիշ ջուրը, որից մեկը թմրանյութով: Հանկարծ տեղի ունեցավ հրաշք․ առնետները հրաժարվեցին թմրանյութ պարունակող ջրից: Մի քանիսը երբեմն օգտվում էին, բայց նրանցից և ոչ մեկը չէր սատկում թմրանյութի գերօգտագործումից այլևս: Բոլորը սատկում էին, երբ մեկուսացված էին, և 0 տոկոս էր կազմում սատկածների թիվը «առնետային դրախտի» պարագայում: Ստացվում է, որ կախվածությունը ձեր քիմիական կարթից կախված լինելու մեջ չէ, այլ ամեն ինչ կախված է ձեր վանդակի տեսակից: Կախվածությունը ձեր շրջապատն է:

2000-ականներին Պորտուգալիան ունեցել է թմրամոլության բարձր ցուցանիշներ: Բժիշկներն ու գիտնականները խորհուրդ տվեցին իշխանություններին երկրում ապաքրեականացնել բոլոր թմրամիջոցները: Հաջորդ քայլը այն էր, որ բոլոր գումարները, որոնք Պորտուգալիան ուղղում էր թմրամոլության դեմ պայքարին, ուղղվեցին մարդկանց կապերը հասարակության հետ ամրապնդելու ուղղությամբ: Մեծ հնարավորություններ ստեղծվեցին ցածր տոկոսադրույքով սեփական բիզնես սկսելու համար, արդյունքում թմրամոլությունը նվազեց 50 տոկոսով:

Մենք ստեղծել ենք հասարակություն, որտեղ շատերի կյանքը նման է մեկուսացված վանդակի: Խաղամոլության հականիշը սթափությունը չէ, ոչ էլ հավասակշռությունը և պատասխանատվությունը: Խաղամոլության հականիշը սոցիալական լիարժեք շփումն է, մինչդեռ մեր հասարակությունը աշխատում է թողնել խաղամոլներին իրենց դատարկ վանդակում միայնակ:

Արման Սուլեյմանյան

18:00 05.06.2019