ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատություն կներառականացվի և կստեղծվի մեկ նոր կենտրոն
19:00 06.06.2019

Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատություն կներառականացվի և կստեղծվի մեկ նոր կենտրոն

ՀՀ կառավարությունը հունիսի 6-ի նիստում միաձայն կողմ քվեարկեց Սյունիքի մարզում 9 ուսումնական հաստատությունների վերանորոգման և ներառականացման և մեկ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի ստեղծման մասին որոշման նախագծին։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ 2019 թվականի ընթացքում տվյալ ծրագրի համար նախատեսվում է 56 միլիոն դրամ։ «Հայաստանի Հանրապետությունը մարզ առ մարզ, քաղաք առ քաղաք անցնում է համընդհանուր ներառման և այս ճանապարհին շատ կարևոր է ուսումնական հաստատությունների հարմարեցումը։ Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ընդհանուր ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 հազար ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82 հազար 500 ԱՄՆ դոլար»,- ասաց նա։

Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ կառավարության` Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի և հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, և կձևավորվեն այլընտրանքային ընտանեկան և համայնքահեն սոցիալական և կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար: 

Աղբյուր՝ newsbook.am

19:00 06.06.2019

Ամենաշատ ընթերցվածները