ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Հանցավոր անտարբերություն
14:00 07.06.2019

Հանցավոր անտարբերություն

Օրերս տագնապալի զանգ ստացա Հանրային հեռուստաընկերությունից․ գործընկերներիցս մեկը լիաթոք ներկայացնում էր խնդիր, թե ուզում են Կապանի այդ խայտառակ դեղին ջրերի, թունավոր դրենաժի մասին ռեպորտաժ պատրաստել: Գործընկերս շատ վստահ էր խոսում, իսկ ես լսում էի ու հասկանում, որ կապանցիները տարիներ շարունակ սովորել են այդ էկոլոգիական աղետին և շատ հանգիստ ու հանդուրժող են դրա նկատմամբ: Ուղիղ տասը տարի առաջ Կավարտի հանքը լքվեց Դինո Գոլդ Մայնինգ ընկերության կողմից, և ցայսօր ոչ ոք չի զբաղվում այս խնդրով հավուր պատշաճի: Ինչու՞ էին նախկինները պարտակում լքված հանքի էկոլոգիական հետևանքները, հասկանում եմ: Չեմ հասկանում՝ ինչու հեղափոխությունը չօգնեց, որպեսզի բացահայտենք այս հրեշավոր, անպատասխանատու միջոցառման բոլոր մասնակիցներին, հանենք ջրի երես և հատ առ հատ պատժենք: Երևի երևանյան հարցերը թույլ չեն տալիս քայլ անել այս կարգի խնդիրների լուծման ուղղությամբ:

Ժամանակը ամեն ինչ բուժում է, ասում են: Անցած տասը տարիները իսկապես այնպես բթացրին կապանցիների աչքը, որ քաղաքում, վստահ եմ, առանձնապես մտահոգ զրույցներ նույնիսկ տեղի չեն ունենում գետի աղտոտման թեմայով: Այո, ամենաահավոր բաներից մեկը այն է, երբ մարդը սկսում է հանդուրժել հանցանքը, որը կատարվում է ամեն օր իր աչքի առջև: Գետը աղտոտվում է թունավոր ջրերով՝ ոչինչ, ճանապարհների փոսերի պատճառով մարդիկ են զոհվում՝ ում հետ չի լինում, բանկը տունը խլեց՝ ինչ արած, ստիպված էինք վարկ վերցնել:

Ամեն ինչի արդարացումը կա, մենք սիրում ենք բացատրություն գտնել ամեն հանցանքի, քանի դեռ դա չի թակել հենց մեր դուռը, իսկ երբ թակում է, անիծում ենք համայն աշխարհին: Մենք վատը չենք, աշխարհն է վատը, Դինո Գոլդն է վատը, կառավարությունը, դատախազությունը, նրանք, ոչ երբեք մենք՝ հանդուրժողներս:

«Զանգեզուր պրես»

 

14:00 07.06.2019