ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Արևիքի արևասեր բույսերը
16:00 08.06.2019

Արևիքի արևասեր բույսերը

Արքայանարինջ, թուզ, նուռ, ձիթապտուղ, ճապոնական զկեռ (մուշմուլա), կիվի, բանան… Արևադարձային այն մշակաբույսերն են, որոնք Մեղրու այցեքարտն են դարձել: Շուտով շարքը կհամալրվի նաև պիստակով (фисташка): Վերջինս էլ է նախընտրում տաք կլիմա և մեղմ ձմեռներ:

Հայրենիքը հարևան Իրանն է. այն համարվում է ոչ միայն նավթագազային տերություն, այլև պիստակային, քանզի նրան է պատկանել աշխարհի պիստակի ընդհանուր արտադրության ավելի քան 70%-ը: Այժմ այս հարցում մրցակցում է ԱՄՆ-ի հետ:

Ագարակ քաղաք մտնող ճանապարհի ձախակողմյան հատվածում, որտեղ ընդամենը  հինգ տարի առաջ ամայի, անջրդի կիսաանապատ էր, այժմ  փռված են պիստակի այգիներ՝ զբաղեցնելով ավելի քան 5 հա տարածք: Այգետեր-այգեգործը Խաչիկ Գևորգյանն է՝ երիտասարդ գործարար: «Գործի բերումով հաճախ էի լինում Իրանում՝ հատկապես հյուսիսում՝ Ջուլֆայում: Տարածված մշակաբույս է այդ երկրում: Հիշում եմ՝ պիստակի վայրի տեսակը եղել է և հիմա էլ կա Ագարակում, բայց քանի որ նրա պտուղները փոքր-ինչ այլ տեսք ունեին, մարդկանց մտքով չէր անցնում, որ դա այս նույն մշակաբույսի վայրի տեսակն է: Դրանք մատղաշ ժամանակ թթու էին դնում, մուրաբա պատրաստում:

Իրանցի իմ գործընկերները մի օր առաջարկեցին աճեցնել՝ հաշվի առնելով կլիմայի նմանությունը: Եվ քանի որ այն Հայաստանում նորություն էր լինելու, ես էլ չմշակված հողակտոր ունեի, որոշեցի ու 2015 թվականին սկսեցի ապագա այգուս քարամաքրման, հողի փափկեցման, ցանկապատման աշխատանքերը և տնկեցի պիստակի 2500 ծառ», - պատմում է այգետերը:

Խաչիկը սերմերը բերել է Իրանից, տեղում տնկիներ աճեցրել: Մինչև բերքի ստացումը վճարովի կարգով խորհրդատվություն են իրականացնում իրանցի փորձագետները: Նա մեծ տեղ է տալիս օրգանիկ գյուղատնտեսությանը և այժմ սերտիֆիկացման գործընթացի փուլում է: Ծառերի պարարտացումը կատարվում է կենսահումուսի միջոցով (կալիֆորնիական որդեր + գոմաղբ) և ոչ մի քիմիական նյութ: Նախատեսում է բերք ստանալ 2021 թվականին:

Ընդարձակ այգում մեքենայով շրջելիս տեսանք նաև կից հողակտորում փոքր-ինչ տարբերվող տնկիներ: Պարզվեց՝ ամերիկյան պիստակի ծառերն են՝ USB 1 տեսակի: Աշխարհաքաղաքական անտագոնիզմը հաշվի առնելով՝ Խաչիկը դրանք «իրանցի» տնկիներից հեռու էր աճեցրել:

«Երկու տարի հետո բերք կհավաքեմ: Ամեն ծառից մոտավորապես 20 կգ չոր պիստակ կունենամ: Քանի որ այն օրգանիկ է լինելու, մտածում եմ՝ ավելի մեծ պահանջարկ կունենա Եվրոպայում: Նախատեսում եմ արտահանել», - ասում է երիտասարդ գործարարը։

Արդեն տերևած տնկիների «մեջքն ուղիղ պահելու» և քամուն դիմակայելու համար իրանցի այգեգործները, որպես ամրան, խորհուրդ են տվել հրաժարվել երկաթից (ամրան) և անտառից բերված ամուր հենափայտերից, որոնք վարակի վտանգ են ներկայացնում, այլ օգտագործել եղեգ կամ, ինչպես ժողովուրդն է ասում, ղամիշ:

Այգի մտնելիս կտեսնեք ջրի մի քանի խոշոր ցիստեռն: Ծառերը ոռոգում է խմելու ջրով, կաթիլային եղանակով: Թեպետ Համաշխարհային բանկի ծրագրով Մեղրի և Ագարակ քաղաքներն անցել են ոռոգման ինքնահոս համակարգի, սակայն այն Խաչիկին դեռ չի հասել: Այգում անց է կացրել խողովակաշար, քանի որ բերքատվության ժամանակ յուրաքանչյուր ծառին 300 լ և ավելի ջուր է անհրաժեշտ լինելու, իսկ խմելու ջրով ձեռնտու չի լինելու ոռոգելը:

Այգին բոլորեքյան շրջապատված էր նորատունկ նռնենիներով և խաղողի թփերով:

Երկու տարի անց քաղաքի՝ նախկինում մոխրագույն և մռայլ հատվածը կանաչապատ կլինի:  

Մարիամ Ծատրյան

 

16:00 08.06.2019

Ամենաշատ ընթերցվածները