ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Ռ․Բրեդբերի․ «451˚՝ ըստ Ֆարենհայթի»
17:00 09.06.2019

Ռ․Բրեդբերի․ «451˚՝ ըստ Ֆարենհայթի»

Ֆանտաստ գրողների շատ մտահղացումներ ու կանխատեսումներ վաղուց արդեն իրականություն են դարձել։ Ամերիկացի ֆանտաստ գրող Ռեյ Բրեդբերին ժանրի բոլոր կանոններով իր պատմությունն է հյուսում։ Գիտատեխնիկական հեղափոխությունը այնպիսի զարգացման է հասնում, որի հետևանքները ավերիչ են դառնում։ Այն, ինչ պատկերված է վեպում, ցանկալի է, որ երբևէ իրականություն չդառնա։

Ամերիկյան մի քաղաքում ապրում են մարդիկ, ովքեր բարեկեցիկ կյանք են վարում։ Աշխատում են և զվարճանում։ Միայն թե այդ քաղաքում ոչ ոք չի մտածում։ Հրկիզողները՝ երբեմնի հրշեջներն էլ են իրենց գործն անում առանց մտածելու։ Արդեն այրել են Ուիթմենի ու Ֆոլքների գրքերը և պատրաստ են կատարելու հերթական հրահանգը։

Գայ Մոնթագի պապն էլ, հայրն էլ հրկիզող են եղել։ Հպարտ կեցվածքով ու դեմքին թառած անփոփոխ ժպիտով թերևս շարունակեր անվրդով կատարել իր պարտականությունները, եթե մի օր չհանդիպեր տասնյոթամյա Քլարիսին։ Աղջիկը, ի տարբերություն մեծամասնության, սիրում է քայլել անտառում, հիանալ անձրևով և հարցեր տալ։ Հենց այդ հարցերից մեկն էլ մտածմունքի մեջ է գցում Մոնթագին․ «Դուք երջանի՞կ եք»։ Ավելի ուշ հրկիզողը սկսում է հասկանալ, որ երջանկությունը կրում էր որպես դիմակ։ Իսկ աղջիկը հանեց դիմակը։

Գայ Մոնթագը սկսում է որոնել սեփական դեմքը։ Փորձում է կնոջ՝ Միլդրեդի հետ շփվել, բայց ոչինչ չի ստացվում։ Հեռուստահաղորդումների մեջ շարունակ խորասուզված կնոջը Մոնթագը ցավով պատմում է, որ նախորդ օրը իրենք՝ հրկիզողները, այրել են Դանտե, Սվիֆթ, Մարկոս Ավրելիոս, նրանց հետ էլ՝ մի ծեր կնոջ, ով ոչ մի կերպ չցանկացավ բաժանվել իր գրքերից։

Մոնթագը որոշ գրքեր էր փրկել։ Նա այլևս չէր ցանկանում շարունակել հրկիզողի աշխատանքը և հիվանդ է ձևանում։ Այդ ամենի հոտն առած հրկիզապետ Բիթին այցելում է նրան՝ բացատրելու, թե ինչու են ավելորդ գրքերը․ «Երբ դպրոցները սկսեցին հետազոտողների, քննադատների, գիտնականների և արվեստի մարդկանց փոխարեն պատրաստել ավելի ու ավելի շատ վազորդներ, ցատկորդներ, ձիարշավորդներ, փինաչիներ, գռփողներ, թալանչիներ, օդաչուներ և լողորդներ, «ինտելեկտուալ» բառը արդարացիորեն դարձավ հայհոյանք։ Մարդ միշտ սարսափում է արտասովորից»։ Իսկ այն հասարակությունը, որտեղ բոլոր մարդիկ պետք է դառնան միանման, գրքերի կարիք չունի։ Հենց այդ պատճառով էլ հրկիզողները հանդես են գալիս գրաքննիչների, դատավորների և դատավճիռը ի կատար ածողների դերում։ Այրում են գրքերը՝ մարդկանց դարձնելով երջանիկ։ Իրենք երջանկության մարտիկներ են․ «Մարդկանց գլուխները լցրե՛ք անպետք թվերով, խցկե՛ք այնքան չնչին փաստեր, մինչև որ նրանց սիրտը խառնի, ոչինչ, հետո նրանց կթվա, թե շատ կրթված են։ Նույնիսկ կկարծեն, թե իրենք մտածում են, առաջ են շարժվում, թեպետ իրականում դոփում են տեղում»։

Հրկիզապետն ուզում է, որ իր ստորադրյալը վերադարձնի թաքցրած գրքերը։ Սակայն Մոնթագն այլևս իրեն երջանկության մարտիկ չի համարում։ Մտածում է գրքերի, նրանց մեջ գրվածի և այդ գրվածը ուրիշներին փոխանցելու մասին։ Բայց ինչպե՞ս։ Փորձում է նույնիսկ Միլդրեդի և հարևանուհիների համար բանաստեղծություն կարդալ։ Բայց բռնությամբ ոչնչի չես հասնի։ Կինն ու հարևանուհիները մատնում են նրան։ Ձերբակալված Մոնթագը հրկիզապետի հրահանգով ստիպված է լինում այրել հայտնաբերված գրքերն ու սեփական տունը։

Միայն թե Մոնթագը հեշտ հանձնվողներից չէր։ Նա հասկանում է, որ այս քաղաքակրթությունը դեպի կործանում է գնում, մեկը պիտի պատրաստ լինի կառուցելու, երբ ամեն ինչ փլվի։ Նա դառնում է հենց այդ մեկը։ Այս անգամ այրում է ոչ թե գիրք, այլ հրկիզապետին և կարողանում խույս տալ հետապնդումից։

Մոնթագը միանում է քաղաքից դուրս ապրող թափառաշրջիկներին և ճշտում իր հետագա քայլերը։ Թափառաշրջիկները նախկին գիտնականներ ու պրոֆեսորներ են։ Նրանք գիտեն, որ գիրք պահելը վտանգավոր է։ Բայց ելքը գտել են․ ամեն ինչ պահել են գլխի մեջ՝ գրականություն, պատմություն, միջազգային իրավունք․ «Մեր խնդիրն է պահպանել մեր գիտելիքները, ու քանի դեռ մեզ պետք են գալու, պահպանել անխաթար վիճակում»։ Իսկ եթե մարդիկ չցանկանան իրենց լսել, ստիպված կլինեն համբերությամբ սպասել, մինչև գա բաղձալի օրը․ «Նրանք պետք է իրենք հասկանան և իրենք մտորեն, թե ինչու այդպես եղավ, ինչու պայթեց աշխարհը իրենց ոտքերի տակ։ Այդպես չի կարող հավերժ շարունակվել»։ Նրանք խոսում էին պատերազմի մասին, պատերազմ, որ տևեց ակնթարթներ՝ քաղաքից թողնելով ընդամենը մի բուռ մոխիր։

Այս մարդիկ՝ քայլող գրքերը, շարժվում են գետի հոսանքն ի վեր։ Նրանք ասելիք ունեն․ «Մենք մեզնից ոչինչ չենք ներկայացնում, ոչ թե մենք ենք կարևոր, այլ այն ամենը, ինչ կրում ենք մեր մեջ։ Երբևէ դրանք անպայման պետք կգան մարդկանց»։ Նրանց միացած Մոնթագը նույնպես ասելիք ունի։ Զարմանքով զգում է, որ իր գլխում վերականգնվել է այն, ինչը թվում էր, թե մոռացվել է՝ կարդացած գրքերը։ Նա սկսել էր մտածել և հասկացել էր ամենակարևորը․ գիրք այրելը հանցանք է, բայց ավելի մեծ հանցանք է գիրք չկարդալը։

Արթուր Իսրայելյան      

17:00 09.06.2019