ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Անբացատրելի հրաժարականներ
17:00 10.06.2019

Անբացատրելի հրաժարականներ

Անցած շաբաթ երկու բարձրաստիճան պաշտոնատար անձ հրաժարական տվեց՝ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը և Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պարտականությունները կատարող Գևորգ Դանիելյանը: Միանգամից ասեմ, որ հրաժարականից մեկ օր առաջ երկուսին էլ հանդիպել եմ Վճռաբեկ դատարանի 9 դատավորների կարգապահական տույժի քննարկմանը, երկուսն էլ բարձր տրամադրությամբ էին և լի վճռականությամբ՝ մեծ փոփոխություններ անել իրենց ոլորտում:

Ակնհայտ է, որ երկուսին էլ կոնկրետ մարդիկ, կամ մարդ, կոնկրետ ասելիք է ասել, որից հետո նրանք հրաժարական տվեցին՝ ոչ մի բան չբացատրելով: Այստեղ լուրջ քաղաքական խնդիր կա: Պաշտոնատար այրը գոյատևում է մեր հարկերի շնորհիվ, այսինքն՝ մենք ընտրում ենք իշխանություն, որը վարձում է մասնագետներ մեր՝ հասարակության կարիքները առավելագույնս որակով հոգալու համար: Հիմա այս մարդիկ հեռանում են մեկ տարի պաշտոնավարելուց հետո ու «լայաղ» չեն անում բացատրել, թե իրենք անորա՞կ էին աշխատում, իրենց ճնշե՞լ են, թե՞ այլ պատճառ կա գործը կիսատ թողնելու:

Վերջիվերջո մենք վճարել ենք իրենց լավ թե վատ կառավարման համար, հիմա մենք իրավունք չունե՞նք իմանալու, թե ինչու են փոշիացվել մեր գումարները: Նրանք, ովքեր ձեզ փոխարինելու են, դուք նրանց հանձնելու՞ եք կիսատ գործերը, թե՞ դուք նեղացած եք ու թքած ունեք, թե ժողովուրդը ինչքան ժամանակ կկորցնի մինչև նորեկները գործի մանրուքներին կտիրապետեն:

Սա պարզապես քաղաքական դաշտի միջնադարություն չէ, սա սովետական արհամարհական վերաբերմունք է, իսկ ժողովրդի նկատմամբ պաշտոնյաների և իշխանության արհամարհանքը չի բխում հեղափոխության արժեքներից, թող ներեն ինձ բոլոր հեղափոխականները: Եթե չզարգացնենք այս մշակույթը, ապա մեզ կվերաբերվեն որպես հետամնաց երկրի, ինչպիսին մենք կանք, և ինչը երևում է այսպիսի արհամարհական հրաժարականներով:

«Զանգեզուր պրես»

17:00 10.06.2019

Ամենաշատ ընթերցվածները