ԱՎԵԼԻՆ

Մամուլ

ՏԻՄար ընտրություններ
18:00 11.06.2019

ՏԻՄար ընտրություններ

2019թ․ հունիսի 9-ին Հայաստանի մի շարք համայնքներում տեղի ունեցան ՏԻՄ ընտրություններ: Իհարկե, ամենաուշագրավը ներկա իշխանությունների պարտությունն էր Աբովյան քաղաքում: Եթե Կապանի համայնքապետի ընտրությունում «Իմ քայլի» պարտությունը կարելի էր վերագրել հեղափոխության շնորհքին, քանզի դրանք առանձնապես կապ չունեին իշխանության աշխատանքի հետ, ապա Աբովյանի ընտրությունները արդեն ունեն որոշ տվյալներ, որոնք անտեսելը անհնար է:  2018թ․ դեկտեմբերի 9-ի խորհրդանական ընտրություններում «Իմ քայլը» դաշինքը Աբովյանում հավաքել էր 13300 քվե, ԲՀԿ-ն՝ 3700, կամ՝ ՔՊԿ-66.7%, ԲՀԿ-18.64%: Յոթ ամիս անց ՔՊԿ թեկնածուն պարտվում է 395 ձայնի տարբերությամբ, այսինքն՝ ընդամենը մի քանի շենքի բնակիչների հաշվին հնարավոր էր պատկերը փոխել, ինչը չարվեց կամ հնարավոր չեղավ անել: Վարչապետը դրական գնահատեց արդյունքը՝ անվանելով այն ժողովրդավարության հաղթանակ: Բայց, ամեն ինչ հերթով, կարգով վերլուծենք…

Կառուցվածքային դետալներ

Շատ կարևոր է հասկանալ ՏԻՄ ընտրությունների կառուցվածքը, դերը և նշանակությունը: Սահմանադրությամբ համայնքապետ ու ավագանի ընտրում է ժողովուրդը, իսկ մարզպետներին նշանակում է վարչապետը: Սա մտածվել և իրականացվում է իշխանության թևերի հավասարակշռման սկզբունքի հիման վրա: Ճիշտ այնպես, ինչպես սահմանադրորեն որոշված են պետության գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների հավասարակշռման սկզբունքները: Այսինքն՝ կառավարությունը մարզերում իր քաղաքականությունը ունի, զարգացման իր տեսլականը, սակայն դրան հակակշիռ է պետք, դա է համայնքի ղեկավարի ընտրությունը, որով ժողովուրդը փոխզսպում է մարզպետի հեգեմոնիան: Նորմալ, զարգացած երկրում համայնքապետն ու մարզպետը պետք է, միմյանց հարգելով, վեր հանեն համայնքի խնդիրները և լուծումներ տան: Հայկական քաղաքական խեղված իրականության մեջ այն գրեթե միշտ տղայական տիրույթում է: Ասել է թե՝ եթե իշխանությունը պարտվում է ինչ-որ համայնքի ընտրություններում, ուրեմն «ղզիկ» է, իսկ եթե վարչական ռեսուրս է օգտագործում, ճնշում է դասատուներին, բժիշկներին և այլոց, ուրեմն պինդ, ձիգ իշխանություն է կամ դիկտատոր, այստեղ արդեն ում ինչպես դուր է գալիս: Մեծ հաշվով գաղափարական հենքը լավն է, բայց կյանքում կիրառելիության առումով այս ամենը չի աշխատում ինչպես հարկն է: Բավ է նշել միայն ավագանու ինստիտուտը, որը չի կայացել ու չի կարողանում զսպել համայնքապետին ինչպես հարկն է:

Քաղաքական մոտիվներ

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Աբովյանում շատ ակտիվ էր: Արձակուրդ էր վերցրել և լծվել ընտրական թոհուբոհին: Ինչ-որ ցուցակ էր հայտնաբերել, բողոքում էր, վերջում էլ, ի տարբերություն վարչապետի, ընտրությունների արդյունքը գնահատեց որպես ԲՀԿ-ին սերտաճած ուժերի հաղթանակ: Միևնույն ժամանակ մարզպետը «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է, որ այն մարզի համայնքներում, որտեղ իրենց հաջողվել է արտահերթ ՏԻՄ ընտրություններ անել, այնտեղ համայնքապետերը «Իմ քայլից» են արդեն: Այսինքն՝ մարզպետ Պետրոսյանը անուղղակիորեն խոստովանում է, որ գործընթացը սկսվել էր, սակայն ոչ հաջող ավարտվեց, ինչպես անցած կիրակի օրը Աբովյանում: Յուրաքանչյուր քաղաքական ուժ փորձում է իրենով անել այս կամ այն շրջանի մարդկանց, և եթե «Իմ քայլը» լեգիտիմացրել է Գագիկ Ծառուկյանին Ազգային ժողովում, ապա ավելի քան անհասկանալի է՝ ինչու են դժգոհ 20 տարուց ավելի այդ մարդու քաղաքական ուժին սատար կանգնած ժողովրդի ընտրությունից:

Հիմա սկսել են մանր, զզվելի փոխադարձ մեղադրանքներ, ինչ-որ քրեական գործեր, մարզպետի անօրինական գործողությունների վերաբերյալ մեղադրանքներ, որոնք դեռ դատարանում պետք է պարզվեն՝ որքան են անօրինական, սակայն մի բան պարզ է: Եթե մարզպետը արձակուրդ է վերցնում ու մասնակցում ընտրական գործընթացին, ապա նա պետք է իմանա, որ թե՛ անցյալում, թե՛ ներկայում մարդիկ հիշում են, որ դու մարզպետ ես փաստացի, ինչքան էլ որ երդվես, որ թղթերով ամեն ինչ կարգին է:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ԲՀԿ հաղթանակը արդեն որակել է քյաբաբ-խորովածային հաղթանակ, քանի որ, ըստ իրեն, բակերում ընտրարշավի ժամանակ համատարած հյուրասիրություններ են կազմակերպվել: Միևնույն ժամանակ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ, այժմ ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի արտահայտությունը առ այն, որ Աբովյանը գործ տվողների քաղաք չէ, մարզպետը խոստացավ բարձրաձայնել Ազգային ժողովում: Մի խոսքով, պետք է խոստովանենք, սա այն դեպքն է, երբ մեր սիրելի Սյունիքը ստվերվել է Կոտայքում տեղի ունեցած քաղաքական գործընթացների պատճառով:

Պրագմատիկ հաշվարկ

Բազմաթիվ համայնքներում հաղթել են անկուսակցական թեկնածուներ, մեկ համայնքում՝ ՔՊ ներկայացուցիչ: Թվերը խոսուն են, և դրա դեմ ուղղակի վերացական խոսելը, մեղադրելը արդեն լուրջ չէ: Ներկա իշխանությունները, ցավոք, կրկնում են նախկինների սխալները, երբ հրաժարվում են խոստովանել պարտության պատճառահետևանքային կապը: Մարզպետը աջ ու ձախ դեռ խոսում է քրեաօլիգարխիայի, քյաբաբախորովածային ընտրության մասին՝ մոռանալով, որ մեկ տարի իշխանության ներկայացուցիչ է և պարզապես բարոյական իրավունք չունի ընդդիմադիրին հարիր ոճով հանդես գալու: Եթե ոստիկանությունն է թերացել, ուրեմն ասեմ, դա ձեր ոստիկանությունն է, եթե քաղաքացիները չեն զարգացել, ուրեմն դուք եք թերացել, եթե կան առհասարակ խնդիրներ, ուրեմն դրանք ձեր խնդիրներն են, քանզի դուք եք իշխանությունը, որը 7 ամսում փոշիացրել է դեկտեմբերյան ընտրություններին ստացած փաստացի 69 տոկոս վստահությունը:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտարարել է, որ թիմը պետք է վերլուծի պարտության պատճառները և հետևություններ անի: Մինչ այդ ամենը անելը մնում է խորհուրդ տալ մի հարցում անցկացնել, թե արդյոք խմբակցության 87 պատգամավորները ճանաչում էին ՔՊ ներկայացուցչին: Տպավորություն է, որ շատ հապճեպ որոշում կայացվեց թեկնածու ընտրելիս, ինչպես դա արվեց Կապանի պարագայում, տեղի չունեցավ պրագմատիկ հաշվարկ, որի արդյունքներով ռեալ հնարավոր կլիներ հաշվարկել հաջողության գինը և միջոցը: Մարդիկ անձեր են ընտրում կամ ընտրում այդ անձերի հետ փոխկապակցված առաջնորդ անձերի կապ: «Իմ քայլում» այդ անձը Նիկոլ Փաշինյանն է, որը փաստացի չէր կարող նաև Աբովյանի քաղաքապետ լինել, ցավոք:

Վերջաբան

Քանի դեռ Հայաստանում սոցիոլոգիան ծախված բնագավառ է համարվում, թեկնածուների համար մասնագետներ չեն հրավիրվում, ու ամեն ինչ կազմակերպվում է հիփոթետիկ բախտի բերման հիմնավորումներով, ունենալու ենք ընտրությունների անկանխատեսելի արդյունքներ, որոնք անիծվելու են պարտվողների կողմից, ինչը չի բխում ընտրողների շահերից, քանի որ իշխանությունը պարտավոր է ներկայացնել բոլորին՝ անկախ իրենց քվեարկությունից:

Անցած կիրակի կայացած ընտրությունները ՏԻՄար էին այնքանով, որ կրկին անցան ոչ գաղափարային ու ծրագրային ձևաչափով, իսկ դա նշանակում է, որ հերթական ՏԻՄար ընտրություններ էին։

Արման Սուլեյմանյան

18:00 11.06.2019

Ամենաշատ ընթերցվածները