ԱՎԵԼԻՆ

Հասարակական

Հրդեհների դեպքերը շատացել են
18:00 12.06.2019

Հրդեհների դեպքերը շատացել են

Հունիսի առաջին տասնօրյակում գրանցվել  531 հրդեհի դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 6,5 անգամ ցուցանիշն աճել է (82 դեպք)։ Լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետ, փ/ծ գնդապետ Հովհաննես Խանգելդյանը։

Նրա խոսքով, արտակարգ իրավիճակների նախարարի հրամանով փրկարար ուժերը բավականին ուժեղացված ռեժիմով են աշխատել հունիսի առաջին տասնօրյակում, արձանագրվել է լարված և ելքերով շատ օրեր։ 

«Գերակշիռ մեծամասնությունը մարդածին գործոնով է պայմանավորված։ Եթե հիմքը վերցնենք, որ հրդեհների զգալի մասը ծագել են բուսածածկ տարածքներում, գերակշիռ մեծամասնությունը՝ չոր խոտածածկույթներում,  հասկանալի է, որ  պատճառը մարդու անփույթ վարմունքն է կրակի հետ, բաց տարածքներում կրակն օգտագործելուց հետո չհանգցնելը, մեքենաներից ծխախոտ նետելը։ Մեծ տոկոս են կազմում ավտոճանապարհների հարակից տարածքներում բռնկված հրդեհները»,- ասաց Հովհաննես Խանգելդյանը։

Նա նշեց, որ ապակե տարաները աջ ու ձախ նետելը նույնպես հրդեհի պատճառ է դառնում, քանի որ ապակու փոքրիկ կտորը կարող է հրդեհի բռնկման պատճառ դառնալ։ Հրդեհների բռնկման  նպաստող գործոն է բարձր ջերմաստիճանը։

Նա կոչ արեց քաղաքացիներին շատ զգոն լինել հատկապես բնության գրկում գտնվելու ժամանակ, չնպաստել արհեստական, անթույլատրելի գործողություններով հրդեհային վիճակի վատթարացմանը, քանի որ ծառայությունը գերծանրաբեռնված է,  միայն հրդեհներ չեն հանգցնում։ 

«Մենք ունենցել ենք արտակարգ պատահարների գրեթե թվաքանակին հասնող կենցաղային կանչեր։ Մեր քաղաքացիներն  ահազանգում են «911» ծառայություն ոչ միայն դեպքերի, պատահարների ժամանակ, նաև ցանկացած կենցաղային  հարցի շուրջ։ Արդեն իսկ սպասարկել ենք 2784 կենցաղային կանչ։ Արտակարգ դեպքերը 3749 է։ Մեր քաղաքացիները պետք է գիտակցեն, որ ցանկացած ավելորդ կրակի գոյացում, ծխախոտի, տարայի նետում կարող է հրդեհի պատճառ դառնալ»,- ասաց Հ. Խանգելդյանը։ 

Աղբյուրը՝ Panorama.am

18:00 12.06.2019