ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Գործ ունեցող գործազուրկներ
17:00 12.06.2019

Գործ ունեցող գործազուրկներ

«Պարապ-սարապ նստելուց ավելի լավ է աշխատես ու ինքդ քո հացի ու ծխախոտի համար գումար վաստակես», - ասում է Սյունիք բնակավայրի գերեզմանատան ցանկապատման աշխատանքներն իրականացնող բանվորներից Դավիթ Անտոնյանը։ Իսկ Ժորա Հայրումյանը նշում է, որ արդեն երեք տարի է, ինչ գրանցված է Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում, բայց առաջին անգամ է մասնակցում կենտրոնի ծրագրերին։ Զբաղվում է ձեռագործությամբ, աշխատանքների վաճառքից գոյացած միջոցներով է ապրում, բայց եթե լրացուցիչ աշխատանք կա, ինչու՞ չպիտի զբաղվի դրանով։ 

Նշենք, որ հունիսի 3-ից Սյունիքում սկսվել են 2019թ. զբաղվածության ամենամյա պետական ծրագրերի շրջանակում ՀՀ մարզերում իրականացվող՝ «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագրով նախատեսված 4 ծրագրի աշխատանքները: Ծրագրի նպատակն է գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը, ինչպես նաև համայնքում բարեկարգ և կանաչապատ տարածքների ավելացումը:

Եվս մեկ ծրագիր հուլիսից կիրականացվի Գորիսում, իսկ մինչ այդ մարզում հունիսի 3-ից մեկնարկած ծրագրերն են.

1.Կապան համայնքի Սյունիք և Սևաքար բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքներ,

2. Սիսիան համայնքի Անգեղակոթ բնակավայրի խաղադաշտի բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ,

3. Սիսիան քաղաքի Սիսական փողոցի և Ն․Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի կանաչապատ տարածքների խոտհնձի աշխատանքներ, Սպանդարյան փողոցի և Շահումյան-Թումանյան խաչմերուկին հարակից տարածքների կանաչապատում և վարդատունկ,

4. Սիսիան համայնքի Հ.Ազոյան 2 և Ֆիզկուլտուրնիկների 2 և 4 բազմաբնակարան շենքերին հարակից տարածքների կանաչապատում, եզրաքարերի վերականգնում և վարդատունկ:

Մեկ ամիս տևողությամբ այս 4 ծրագրում 48 գործազուրկ է ընդգրկված, որից 36-ը հաշվառված է  Սիսիանի, 12-ը՝ Կապանի զբաղվածության տարածքային կենտրոններում։ Նրանք մեկ աշխատանքային օրվա համար կվճարվեն 5000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը:

Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի պետի տեղակալ Արայիկ Հայրապետյանի խոսքով՝ երկար դադարից հետո այս տարի կրկին մեկնարկել է «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը։ «Մեր զբաղվածության կենտրոնում գրանցված 12 գործազուրկ ներգրավվել է Սյունիք և Սևաքար բնակավայրերի գերեզմանատների ցանկապատման աշխատանքներում։ Նրանց ընտրությունը կատարվել է ըստ կարիքավորության աստիճանի։ Ընդհանուր առմամբ հունիսի դրությամբ Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնում գրանցված է 1095 գործազուրկ, որից 793-ը՝ կին», - տեղեկացրեց բաժնի պետի տեղակալը։

Ա․Հայրապետյանի խոսքով Կապանի տարածաշրջանում մեկնարկած ծրագրի արժեքը 1 մլն դրամ է, որի 20 տոկոսը հատկացվում է շինանյութի ձեռքբերմանը, իսկ 80 տոկոսը՝ աշխատավարձի վճարմանը։ Օրենքով պատվիրատուն՝ Կապանի համայնքապետարանը, պետք է ներդրում կատարի ծրագրի արժեքի 10 տոկոսի չափով, բայց քանի որ այդ աշխատանքները ավարտին հասցնելու համար ավելի շատ միջոցներ են հարկավոր, համայնքապետարանը ներդրում է կատարել 60 տոկոսի չափով, որում ներառվում է թե՛ գումար, թե՛ շինանյութ։

Սիսիանում մեկնարկած երեք ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն 950 հազար դրամ, որի 10  տոկոսը՝ 450 հազար դրամը, տրամադրել է համայնքապետարանը։

Նելլի Միրզախանյան

17:00 12.06.2019

Ամենաշատ ընթերցվածները