ԱՎԵԼԻՆ

Մամուլ

Բացահայտե՛ք Հայաստանի հարավը հարավից եկող զբոսավարների հետ
18:00 14.06.2019

Բացահայտե՛ք Հայաստանի հարավը հարավից եկող զբոսավարների հետ

Ամռանը, երբ մենք՝ կապանցիներս, հանգստի մասին մտածելով, ձգտում ենք Սյունիքից դուրս գալ, Հայաստանի այլ քաղաքներում վայելել արձակուրդը կամ ուղևորվել ծովափնյա որևէ տաք երկիր,  «Զբոսավարներ հարավից» հկ-ն զբաղված է Հայաստանի գեղատեսիլ բնությամբ առանձնացող Կապան ու Մեղրի քաղաքների վրա աշխարհի տարբեր անկյուններում ապրող մարդկանց ուշադրությունը սևեռելով։ Երկու ընկեր՝ Ռոբերտն ու Դավիթը, տևական ժամանակ բնապահպանական  ամենատարբեր հարցեր բարձրաձայնելով, որոշում են զարգացնել էկոտուրիզմը տարածաշրջանում։ Գաղափարները կյանքի կոչելու համար հիմնում են հասարակական կազմակերպություն։ Անվան ընտրությունը ինքնին հուշում է՝ հարավից եկող զբոսավարները նպատակ ունեն զարգացնել զբոսաշրջությունը հարավում։ Մեկ տասնյակից ավելի անդամներ  այսօր Դավիթի և Ռոբերտի հետ կիսում են իրենց գաղափարները։ «Զբոսաշրջությունը զարգացնել՝ պահպանելով բնությունը, մեր գլխավոր նպատակն է», - ասում է կազմակերպության նախագահ Ռոբերտ Մաթևոսյանը։  

Զբոսաշրջությունը  հանուն բնության 

Կապան և Մեղրի քաղաքների զբոսաշրջային գրավչությունը պատմամշակութային հուշարձաններն են, բնական աղբյուրները, գեղատեսիլ լեռները, իսկ ամենա-ամենամեծ գրավչությունը սաղարթախիտ անտառներն են՝ բուսական ու կենդանական հարուստ աշխարհով։

Առնվազն 70կմ երկարությամբ էկոզբոսաշրջային արահետ՝ Ճակատենից մինչև Լիճք, Տաշտուն՝ քայլարշավային, ձիարշավային, նաև մեքենաներով տուրերի համար նախատեսված։ Այս օրերին կազմակերպության անդամները զբաղված են ամենաօպտիմալ երթուղիները հետազոտելով, քարտեզագրելով, որից հետո կնշագրեն։ Կովկասում արևելյան սոսու ամենախոշոր բնական պուրակի՝ «Սոսու պուրակ» արգելավայրի տարածքով է անցնելու երթուղին՝ իրար կապելով Շիկահողի արգելոցն ու «Արևիք» ազգային պարկը։ Նշագրումները արահետի մասին ամփոփ տեղեկատվություն կպատմեն՝ հեռավորություն, բարձրություն, բարդություն, իսկ GPS ծրագրով կազմված քարտեզները հասանելի կլինեն զբոսաշրջիկներին։ 

KfW բանկի ֆինանսավորմամբ իրականացվող «Պահպանվող տարածքների աջակցման ծրագիր-Հայաստան»-ի տրամադրած դրամաշնորհի միջոցով է կազմակերպությունը սկսել երթուղու մշակումը։ Ծրագիրը անվանել են «Էկոտուրիզմը որպես սոցիալ-տնտեսական զարգացման խթան պահպանվող տարածքների հարակից համայնքներում»։ Մինչ բուն արահետին անցնելը Կապանում և Մեղրիում  կազմակերպությունը տեղական ուղեկցորդների համար մեկշաբաթյա վերապատրաստման դասընթացներ է նախաձեռնել։

Ծրագրի համակարգող Դավիթ Հակոբյանը ասում է․ «Այս գործում հաջողելու համար միայնակ չենք կարող աշխատել։ Գործընկերային հարաբերություններ ունենք «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի, «Արկ Արմենիա» բնապահպանական հկ-ի, «Արևիք» ազգային պարկի հետ»։

Հակիրճ այն մասին թե ինչի են ձգտում

․ Տարածաշրջանի շահառու 8 համայնքում ուշագրավ լեգենդների, ավանդազրույցների հավաքում։ Զբոսաշրջիկների համար կպատրաստվի տեղեկատու։ 

․ Համայնքներում բիզնեսների, ծառայությունների  տեղեկատվության հավաքում։

․ www.visitkapan.am ինտերնետային կայքի ստեղծում․ բաց հարթակ բոլորի համար, ծրագրի ընթացքում հավաքված ամբողջ տեղեկատվությունը հոլովակների, ֆոտոների տեսքով կզետեղվի կայքում։ Կայքը համատեղ կօգտագործի նաև  «ԱՐԿ Արմենիա» հկ-ն։

․ Շիկահողում կամավորների կենտրոնի ստեղծում։ Կներգրավվեն ինչպես տեղացի, այնպես էլ աշխարհի տարբեր երկրներից ժամանած կամավորներ, ովքեր կօգնեն էկոզբոսաշրջային արահետը պատրաստելու գործում։

27 հազար եվրո արժողությամբ ծրագիրը կավարտվի տարեվերջին։ Ստեղծված կայքը և մյուս գործիքները տարածաշրջան այցելող զբոսաշրջիկներին կօգնեն գնահատելու և կողմնորոշվելու, թե իրենց հանգիստը որտեղ և ինչպես կազմակերպեն։

Նելլի Միրզախանյան

18:00 14.06.2019

Ամենաշատ ընթերցվածները